ՀամայնքՆոր Ջուղա

«Գիշատիչների խնջոյքը» թատրոնի բեմադրութիւնը՝ Նոր Ջուղայում

Նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան եւ համագործակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, ուրբաթ՝ օգոստոսի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայում բեմականացւեց «Գիշատիչների խնջոյքը» ներկայացումը՝ Վահագն Ազիզեանի բեմադրութեամբ:

«Արարատ» միութեան սրահում իրականացւած այս միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ  Տ. Սիփան արք. Քէչէճեանը, ազգային մարմինների, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Երեկոն բացւած յայտարարւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան անդամուհի Արսինէ Մարգարեանի խօսքով, ով հիմնականում ակնարկ ունեցաւ աշխարհում թատրոնի անցեալին, ապա անդրադարձ կատարելով «Գիշատիչների խնջոյքը» ներկայացմանը, ընդգծեց, թէ պիեսի հեղինակն է ֆրանսահայ գրող-դրամատուրգ Վահէ Խաչատրեանը, ով յայտնի է Վահէ Քաչա անւամբ, եւ պատմութիւնը լուսարձակի տակ է առնում Ֆրանիսան՝ 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, երբ ահասարսուռ դրութիւնից ազդւած մարդն իր անձը փրկելու համար ոտնատակ է տալիս մարդկային բոլոր արժէքները:

 Այնուհետեւ բեմը տրամադրւեց թատերախմբին, որտեղ հանդիսատեսը վայելեց անզուգական մատուցմամբ ներկայացումը:

Թատերախմբի անդամներն էին՝ Փաթրիկ Քեշիշեանը, Անի Զաքարեանը, Արմէն Զարգարեանը, Գառնի Շահմուրադեանը, Անի Ալեքսանեանը, Դերիկ Թեքդեան, Գամեր Աբնուսեանը եւ Վահագն Ազիզեանը. վերջինս նաեւ ստանձնում էր թատրոնի բեմադրիչի պարտականութիւնը:

Աւարտին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի միջոցով ծաղկեփունջ եւ յուշանւէր նւիրւեց խմբին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button