Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, օգոստոսի 22-ից 31-ը կազմակերպւել է ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառք, որտեղ իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառքի հանել Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ձեռներէց հայ կանայք:
Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ օգոստոսի 22-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի՝ ընկերակցութեամբ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի փոխ-ատենապետ Աշոտ Դաւթեանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների անդամներ՝ Ռայեա Խուդավերդեանի ու Գուրգէն Թահմազեանի:
Մուտքի ժապաւէնը հատելուց յետոյ, Սրբազան Հայրը մօտիկից ծանօթացաւ ցուցադրւած ձեռքի աշխատանքներին եւ բարձր գնահատեց հայ կանանց բարձրաճաշակ արւեստը:
Ցուցահանդէս-վաճառքն իր աշխատանքային տասը օրերի ընթացքում ընդունելու է բազմաթիւ այցելուներ՝ յատկապէս Ս. Ամենափրկիչ վանքի թանգարաններ այցելող զբօսաշրջիկներից:
Թղթակից (Նոր Ջուղա)