ԹեհրանՀամայնք

Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան «Մարի Մանուկեան» աղջկանց միջնակարգ դպրոցի տարեկան զեկոյց

2024-2025 ուսումնական տարեշրջանում, տնօրինութեամբ՝ տկն. Վանսանի, դպրոցում սովորել են թւով 35 աշակերտուհիներ՝ ուսողական, փորձառական եւ հաշւապահական ճիւղերում:

Դպրոցի յարմարաւէտ եւ գեղեցիկ լինելը մեծ գրաւչութիւն է նոր սերնդի համար այդ պատճառով Հ. Բ. Ը. Միութեան նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ՝ ամռան ընթացքում, «Մարի Մանուկեան» դպրոցի 50-ամեակի առիթով կատարւել է հիմնական նորոգումներ եւ շինարարական աշխատանքներ, 50 ամեայ դպրոցը աւելի գեղեցիկ ու յարմարաւէտ դարձնելու մեր սիրելի աշակերտուհիների համար :

Այս բարդ աշխատանքում իրենց անվերապահ օժանդակութիւններն են ունեցել դպրոցի տեսչական եւ ուսուցչական կազմերը, Ծնողական խորհրդի անդամները,  Սկաուտները, ծնողները եւ բարերարները։

Դպրոցի հայ անձնակազմն է՝

Տկն. Արսինէ Մկրտչեան՝ փոխտեսչուհի

Տկն. Ալին Մութաֆեան՝ գրասենեակի պատասխանատու

Օր. Սիլւա Գրիգորեան՝ կրօնի ուսուցչուհի

Տկն. Մելինա Սադեղի՝ հայոց լեզւի ուսուցչուհի

Տկն. Ալինա Յարութիւնեան՝ մարմնամարզութեան ուսուցչուհի:

Կազմը ունենալով երկար տարիների փորձառութիւն, ոչ մի ջանք չի խնայել աշակերտուհիներին զինելու՝ ազգային, կրօնական եւ հայեցի դաստիարակութեամբ:

Դպրոցում նաեւ աշխատում են ոչ հայ ուսուցիչներ, որոնք Թեհրանի լաւագոյն ուսուցչուհիների շարքում են դասւում եւ մեծամասնաբար ուսուցիչները վարձատրւում են ժամավճարովի ձեւով, որպէսզի աւելի մասնագիտացւած աշխատանք տարւի դպրոցում:

Դպրոցում աշխատում են երկու խորհրդատուներ, որոնց վճարւում են ժամավարձով իրենց մասնագիտացւած աշխատանքների համար:

Աշակերտուհիները, իրենց ուսումնառութեան ոլորտում, ստացել են շաբաթական 8 պահ մասնագիտական դասերին առնչւող յաւելեալ դասընթացներ:

 Դպրոցը օժտւած է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանութեան եւ երկրաբանութեան տարրալուծարաններով, որոնց մասնագիտական սարքերը մրցում են Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի առաջատար դպրոցների հետ, դասւելով լաւագոյնների շարքում:

Դպրոցը ունի մասնագիտացւած համակարգչային կայք որում աշակերտները աշխատում են սովորել ժամանակակից ուսում:

Դպրոցի գրադարանը հարուստ է հայկական հին եւ նոր գրքերով: Առկայ են գրքեր, որոնք տպագրւել են աւելի քան 100 տարի առաջ:

«Մարի Մանուկեան»-ի աշակերտուհիները կրկին կարողացել են ցուցադրել բարձր արդիւնքներ, եւ 2023-2024 ուսումնական տարում, 12-րդ դասարանի աշակերտուհիները գերազանցել են աւարտական քննութիւններում՝ արձանագրելով բարձր ցուցանիշներ, 7% առաջխաղացման, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանում։

Կարեւոր է նշել, որ նոյն ուսումնական տարում Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանը գրաւել է առաջին տեղը՝ Թեհրանում։ Սա եւս մէկ ապացոյց է այն իրողութեան, որ երբ հնարաւորութիւնն ընձեռւում է, մեր աշակերտուհիները ի վիճակի են դրսեւորել իրենց լաւագոյն կողմերը։

Ընտանիք-դպրոց կապն առաւել ամրապնդելու համար, դպրոցի աշխատանքներից առաջինը հանդիսացաւ Ծնողական խորհրդի ընտրութիւնը եւ նորընտիր խորհուրդն իր աշխատանքներն սկսեց հետեւեալ կազմով՝

Տկն. Թալին Բաղդասարեանս՝ նախագահ

Տկն. Ադրինէ Դաւթեան՝ փոխնախագահ

Տկն. Մարինա Յ. Աւանէսեան՝ քարտուղար

Տկն. Էլին Թունեանս՝ խորհրդատու

Տկն. Լուսիկ Սեփանեան՝ խորհրդատու

Տկն. Լիլիան Ղազարեան՝ խորհրդատու

 

Վերոյիշեալ կազմը, համագործակցութեամբ դպրոցի  աշխատակազմի, իր մասնակցութիւնն է ցուցաբերել դպրոցի բոլոր ծրագրերին՝ հոգեւոր, ազգային եւ պետական տօների յիշատակմանը եւ աջակցել դպրոցին:

Թւականիս փետրւարի 1-ին, «Մարի Մանուկեան» դպրոց այցելեց Հ.Բ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ եւ միութեան Հայաստանի մասնաճիւղի նախագահ՝ պրն. Վազգէն Եակոբեանը։ Նրան ուղեկցում էին Հ.Բ.Ը.Մ.-ի Թեհրանի մասնաճիւղի վարչութեան անդամ-անդամուհիները։

Պրն. Եակոբեանը, բծախնդրութեամբ, այցելեց դպրոցի վերանորոգւած կառոյցը, ներառեալ հարուստ գրադարանը, չորս տարրալուծարանները, համակարգչային կայքը, դասարաններում եղած հնարաւորութիւնները, աշակերտուհիների կողմից պատրաստւած տարբեր ձեռքի աշխատանքները եւ գրութիւնները եւ Ծնողական խորհրդի կողմից պատրաստած հայկական փոքրիկ խոհանոցը։ Այս բոլորից խորապէս տպաւորւած մեր յարգարժան հիւրն բարձր գնահատեց դպրոցի տեսչական եւ ուսուցչական կազմի նաեւ Ծնողական խորհրդի նւիրական աշխատանքը։

Դպրոցի տեսչուհի տկն. Վանսանը ներկայացրեց դպրոցի ապագայի վերաբերեալ ծրագրերը, դրանց իրականացման ուղիներն ու նպատակները իսկ պրն. Եակոբեանը խրախուսելով ծրագրերի զարգացումը, պատրաստակամութիւն յայտնեց աջակցելու այդ կարեւոր նախաձեռնութիւններին։

Այս տարեշրջանում դպրոց են այցելել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութիւնը, Թեհրանի Հայոց Թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչները եւ Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնութիւնը: Նրանք լսելով դպրոցի պաշտօնէութեան առաջարկները, ոչ մի ջանք չեն խնայել մեր դպրոցի կրթական եւ դաստիարակչական պայմանների բարելաւման վերաբերեալ:

Դպրոցի կրթական համակարգի կատարելագործման նպատակով կատարւել է հետեւեալ աշխատանքները՝

– Ուսուցիչների դասաւանդման ձեւերի հսկողութիւն՝ դպրոցի տեսչուհու միջոցով: (نظارت بالینی کلاس ها)

– Արհեստական բանականութեան դասընթացներ՝ ուսուցչուհիների եւ աշակերտուհիների համար, դպրոցի տեսչուհու միջոցով:

– «Մոբթաքերան» կենտրոնի ընդհանուր հաւաքական քննութիւնների կատարում՝ կոնկուրսի եւ թեստային քննութիւնների պատրաստման համար:

(آزمون آزمایشی مبتکران برای رشته های نظری)

– Ուսուցումը աւելի ամրապնդելու նպատակով կատարւել է աշակերտ-ուսուցիչ համագործակցութեամբ դասընթացներ:

(اجرای طرح همیار معلم)

ՀԲԸՄ Թեհրանի «Մարի Մանուկեան» եւ «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցների ուսուցչական կազմերը սոյն թւականի մարտի 20-ից մինչեւ 27-ը մասնակցել են ՀԲԸՄ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւած 7-օրեայ այցելութեանը Հայաստանում:

Այցի շրջանակում, ուսուցիչները այցելել են ՀԲԸՄ Հայաստանի գրասենեակ, Հայկական Վիրտուալ Համալսարան (AVC), Հայաստանի Ամերիկեան Համալսարան (AUA) եւ մասնակցել են  ՀԲԸՄ-ի եւ «ԱՅԲ» դպրոցի կողմից կազմակերպւած կրթական ծրագրերին եւ մասնագիտական ժողովներին։

Հայկական Վիրտուալ համալսարանում, մանրամասն ծանօթացել են համալսարանի գործունէութեանը, նորարարական ծրագրերին եւ կրթական նոր մօտեցումներին։ Հանդիպման ընթացքում քննարկւել են ապագայ համագործակցութեան հեռանկարները՝ յատուկ շեշտադրելով ժամանակակից ուսուցման մեթոդները, որոնք կարող են գրաւիչ եւ արդիւնաւէտ լինել նոր սերնդի համար։

Այցի ընթացքում, նրանք ծանօթացել են «ԱՅԲ»-ի կրթական միջավայրին, մասնակցել մայրենիի, հայոց լեզւի եւ պատմութեան դասերին, ինչպէս նաեւ հանդիպել են  «ԱՅԲ» ակադեմիայի տնօրէնի հետ, քննարկելու կրթական գործընթացները։

Այս այցը կարեւոր քայլ էր Հայաստանի եւ Սփիւռքի կրթական կապերի ամրապնդման ճանապարհին, որտեղ կրթութիւնը դառնում է կամուրջ միաւորելով համայնքներին ու ազգային ինքնութիւնը։

«Մարի Մանուկեան» եւ «ԱՅԲ» դպրոցների միջեւ  համագործակցութեան պատճառով նոր դասաւանդման մեթոդ սկսւեց դպրոցում , որով պիտի կիրառւի արդէն 2025-2026 ուսումնական տարեշրջանից: Այս տեսակը կիրառելու նպատակով ուսուցիչները պիտի վերապատրաստւեն , որի հարցերը  արդէն հոգացել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ պրն. Եակոբեանը եւ դասընթացները լինելու են online ուսուցիչների համար:

Երկրորդ ծրագիր, որ արդէն ընթացքի մէջ է «Ինքնութիւն եւ արժէքներ» կոչւող դասընթացն է:

Դպրոցի աշակերտուհիները դասի հետ զուգահեռ, նաեւ սովորել են հետեւեալ մասնագիտութիւնները՝

1- Արհեստական բանականութեան դասընթացներ, դպրոցի տնօրէն՝ տկն. Վանսանի դասաւանդմամբ, սովորելով պաստառի պատրաստում, անիմացիա եւ բովանդակութեան արտադրութիւն:

2- Հաշւապահական համակարգչային ծրագրերի ծանօթացման դասընթացներ՝ տկն. Աննա Տէր Դանիէլեանի միջոցով:

3- Անհատական եւ խմբային Խորհրդատւական մասնագիտական հանդիպումներ:

Նաեւ կազմակերպւել է հետեւեալ արշաւները՝

– Այս տարի աշակերտուհիները եղել են Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Հաղորդութիւն ստանալու համար:

– Ղազալի կինոաւանում (شهرک سینمایی غزالی)

– Դպրոցի տեսչական կազմի եւ Ծնողական խորհրդի որոշմամբ եւ ՀԲԸՄ-ի հովանաւորութեամբ՝ աշակերտուհիները սոյն թւականի փետրւարի 21-ին, գնացքով, մեկնել են  Սպահան քաղաք, անցկացնելու չորսօրեայ միասնական կեանք եւ ծանօթանալու այս բացառիկ քաղաքի պատմամշակութային հարստութեանը եւ աննման ճարտարապետութեանը։

Մեր սիրելիները, մեծ ոգեւորութեամբ այցելել են Սպահանի Ս. Ամենափրկիչ վանքը եւ նրան կից թանգարանը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը, քաղաքի տեսարժան վայրերը ինչպիսին են՝ Նախշէ Ջահան հրապարակը, ակւարիոմը, Չեհել սոթունը, Սպահանի շուկան, Սիոսէ փոլ անունը կրող կամուրջը, որը իւրաքանչիւրի համար անցաւ մի պատմութիւն պատմող կտաւի նման։

Նրանք առիթն ունեցան մասնակցելու Սուրբ Կատարինեան մենաստան եկեկեղեցու Ս. Պատարագին եւ ունկնդրելու Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան արքեպիսկոպոս Քէչէճեանի հայրական խօսքերն ու հետաքրքիր բացատրութիւնները։

Ապա գեղեցիկ պահեր ապրեցին միաւորւելով, «Արմէն» դպրոցի մեծ ընտանիքին, հաղորդակցւելով, ծանօթանալով եւ ճանաչելով աշակերտութեան, դպրոցին եւ դասաւանդման համակարգին:

*Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման եւ պահանջատիրութեան 110-ամեակին կատարւել է հետեւեալ աշխատանքները՝

– Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի առաջարկով աշակերտական միասնական ձեռնարկ «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների հետ:

– Հ. Բ. Ը. Միութեան Սկաուտական բաժանմունքի, «Նւարդ Գուլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների միասնական ձեռնարկ «Ոչ մշակութային ջարդին» խորագրով։

ՀԲԸՄ հայկական առցանց համալսարանի համագործակցութեամբ (AVC), մեր դպրոցի աշակերտուհիները վիրտուալ այցելել են  Հայոց Մեծ Եղեռնի թանգարան-ինիստիտուտը Երեւանում։

Սոյն այցի ընթացքում, մեր դպրոցի աշակերտուհիները նաեւ հանդէս են եկել իրենց գեղեցիկ եւ ոգեշնչող ասմունքներով։

«Մարի Մանուկեան» եւ AVC համագործակցութիւնը հնարաւորութիւն է տալու աշակերտներին նոր ձեւերով սովորել հայերէն եւ ծանօթանալ իրենց արմատների հետ:

«Մարի Մանուկեան» եւ «ԱՅԲ» դպրոցի համագործակցութիւնը նաեւ հնարաւորութիւն է տալիս մեր դպրոցին կիրառել ժամանակակից եւ հետաքրքիր դասաւանդման միջոցներ , որոնք այժմ առաջատար դպրոցներում կիրառւում են:

Հաւատացած ենք արդէն նոր ձեւերով պիտի աշակերտներին դասաւանդել, որոնց միջոցով  ոչ միայն  կը ծանօթանան նոր մեթոդներին , այլ՝ դասը կը դառնայ հաճելի նրանց համար:

Այս տարեշրջանում աշակերտուհիները աշխոյժ մասնակցութիւն են ցուցաբերել զանազան մշակութային, գիտական եւ մարզական մրցոյթներին, որտեղ նւաճումներ արձանագրելով, բարձր են  պահել դպրոցի անունն ու հայ աշակերտի կոչումը:

– Մասնակցել են Թեհրանի 47-րդ Համադպրոցական խաղերին, Սթրիթբալ եւ թեթեւ ատլետ մարզաճիւղերում: Սելին Մանուկոֆը թեթեւ ատելտի մէջ 2-րդ տեղն է գրաւել:

– Մեր աշակերտուհիները աշխուժ մասնակցութիւն են ունեցել  Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի նախաձեռնութեամբ կազմակերպւած մարզական, գիտական եւ մշակութային մրցոյթներում:

Ուրախութեամբ պէտք է յայտնել, որ մեր սիրելի աշակերտուհի՝ Մինէլի Դանիէլեանը, Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչական նախարարութեան 6-րդ շրջանում անցկացրած «25-րդ Փորսեշէ մեհր» մրցոյթում, գեղանկարչութեան մասնաճիւղում գրաւել է առաջին հորիզոնականը:

Նաեւ աշակերտուհի՝ Սելին Մանուկոֆը, սոյն մրցոյթին իր հեղինակային բանաստեղծութեամբ գրաւել է երկրորդ հորիզոնականը, իսկ աշակերտուհի՝ Մինէ Խանբաբային՝ պաստառի պատրաստման մասնաճիւղում՝ երրորդ հորիզոնականը:

– Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի կողմից կազմակերպւած գեղարւեստական մրցոյթ փառատօնում, իր մասնակցութեամբ առաջին է հանդիսացել մեր սիրելի աշակերտուհի՝ Նաթալի Բաղումեանը՝ կլարինետի մենակատարմամբ:

– Մեր սիրելի աշակերտուհիներ՝ Սելին Մանուկոֆը եւ Փաօլա Բարսեղեանը Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի կողմից կազմակերպւած «Առողջ պատանի» մրցոյթում, հեղինակային չափածոյ եւ արձակ (կարճ պատմւածք) մասնաճիւղերում գրաւել են առաջին հորիզոնականը:

Նաեւ աշակերտուհի՝ Մինէ Խանբաբային՝ սոյն մրցոյթին արհեստական բանականութեամբ լուսանկարչութեան մասնաճիւղում՝ գրաւել է երրորդ հորիզոնականը:

Այս կապակցութեամբ շնորհաւորում ենք մեր սիրելիներին:

Հարկ ենք համարում յիշատակել, որ այս ուսումնական տարեշրջանին մեր սիրելիները մասնակից եղան Թեհրանի Հայոց Թեմի Կրթական խորհրդին կից՝ Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած «Գալա» համերգին:

Ուրախութեամբ եւ հպարտութեամբ տեղեկացնում ենք, որ 2024-2025 ուսումնական տարեշրջանում եւս «Մարի Մանուկեան» դպրոցի տեսչուհի՝ տկն. Վանսանը, Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից կազմակերպւած 27-րդ գիտական հետազօտութիւնների մրցոյթում ( 27-مین دوره پژوهشگر برتر فرهنگی و اقدام پژوهی) գրաւել է առաջին տեղը Թեհրան նահանգում եւ երկրորդ տեղը Իրանում (رتبه دوم کشوری و رتبه اول استان تهران):

Նաեւ տկն. Վանսանը ընտրւել է որպէս օրինակելի տեսչուհի՝ Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի կողմից, որը վկայում է նրա նւիրւած աշխատանքի եւ մասնագիտական բարեխղճութեան մասին:

Հարկ է նշել, որ տկն. Վանսանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ ունեցել է 4 պահ արհեստական բանականութեան դասընթացներ՝ հայկական դպրոցների տեսչութեան եւ ուսուցիչների համար:

Հաւատացած ենք դպրոց, ընտանիք եւ միութիւն սերտ համագործակցութեամբ կը կարողանանք մեր աշխատանքները աւելի լաւագոյն կատարենք:

Շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր այն անհատներին, ովքեր մշտապէս կանգնած են դպրոցի կողքին։

Շնորհակալութիւն ենք յայտնում Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդին Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանին, իր հոգեւոր հովանաւորութեան եւ հայրական խորհուրդների եւ աղօթքների համար, արժանապատիւ քահանայ հայր Տէր. Արիստակէս Շահմիրիեանին մշտապէս դպրոցի կողքին լինելու համար, պատգամաւոր Արա Շահվերդեանին՝ իր աջակցութեան եւ ուշադրութեան համար։ Նոյնպէս մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, որը միշտ եղել է դպրոցի կողքին։ Շնորհակալութիւն ենք յայտնում նաեւ «ԱԼԻՔ» օրաթերթին՝ համագործակցութեան եւ դպրոցի վերաբերեալ նորութիւնները հանրութեան ուշադրութեանը յանձնելու համար, շնորհակալ ենք նաեւ ծնողներին եւ բարերարներին՝ իրենց շարունակական աջակցութեան եւ վստահութեան համար։

Իսկ վերջում պիտի յիշենք եւ նշենք ՀԲԸՄ-ի դերը որպէս դպրոցների հովանաւոր եւ շնորհակալ ենք քանի որ առանց նրա հոգեւոր եւ նիւթական հովանաւորութեան այս դժւար ճանապարհը շարունակելը  ուղղակի հնարաւոր չէր լինի:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն

Related Articles

Back to top button