Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշինեանին ո՛չ Արեւմուտքում են վստահում, ո՛չ Ռուսաստանում. նա անկանխատեսելի է

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը փաստում է՝ Արցախեան հիմնախնդիրն այսօր միջազգային օրակարգում է, իհարկէ, ոչ այն ծաւալով, ինչը ցանկալի կը լինէր՝ նկատի ունենալով արեւմտեան պետութիւնների կողմից ընդունւած բանաձեւերն ու կոչերը:

«Դա պայմանաւորւած է օբիեկտիւ եւ սուբիեկտիւ տարբեր հանգամանքներով, այդ թւում՝ միջազգային յարաբերութիւնների ներկայ հոլովոյթով եւ Հայաստանի իշխանութիւնների՝ ղարաբաղեան հիմնախնդրից հրաժարւելու քաղաքականութեամբ: Այս երկու անբարենպաստ իրավիճակներում Հայ Դատի համակարգին գոնէ յաջողւում է խնդիրը միջազգային յարաբերութիւնների օրակարգում պահել, յատկապէս՝ խորհրդարանական մակարդակում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

ԱՄՆ մօտ ինը տասնեակ կոնգրեսականներ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ։ Պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին ուղղւած նամակում դեմոկրատ ու հանրապետական 87 օրէնսդիրները կարծիք են յայտնել, որ արցախցիների վերադարձը համապատասխանում է միջազգային իրաւունքին եւ տարածաշրջանում արդար ու երկարատեւ խաղաղութեան հասնելուն: Ամերիկեան նախաձեռնութեանը նախորդել են Բելգիայի, Եւրոպական խորհրդարանների բանաձեւերը եւ բրիտանացի աւելի քան 100 պատգամաւորի աջակցութիւնը:

«Երկու օրւայ ընթացքում ԱՄՆ Կոնգրեսում տեսանք միանգամից երկու նախաձեռնութիւն. առաջինը վերոնշեալ կոչն էր, երկրորդը՝ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, համաժամանակեայ շրջանառութեան մէջ դրւեց բանաձեւի նախագիծ, որը քննադատում է Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»,- նշեց Ղուկասեանը՝ ընդգծելով, որ կարեւոր է հասնել Ադրբեջանի կատարած յանցագործութիւնների իրաւաքաղաքական ճշգրիտ որակմանը:

Նրա խօսքով՝ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումները Հայ Դատի գրասենեակների աշխատանքի համար խնդրայարոյց տարբեր իրավիճակներ են ստեղծում, երբ տարբեր երկրների գործադիր իշխանութիւններ խուսափում են ներգրաււել Արցախին վերաբերող հարցերում՝ պատճառաբանելով՝ հանկարծ չխանգարենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններին:

«Դա կեղծ հիմնաւորում է. նորմալ բանակցային գործընթաց չկայ, որովհետեւ ստեղծւել է մի իրավիճակ, երբ Հայաստանի բանակցային թիւ մէկ առաջնահերթութիւնը պայմանագրի ստորագրումն է: Սա նորմալ բանակցային գործընթաց չէ, երբ Ադրբեջանն ունի բազմաթիւ պահանջներ, հայկական կողմի միակ պահանջը, այսպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրի ստորագրումն է»,- շեշտեց նա:

Այս պայմաններում Հայ Դատի յանձնախմբերի քաղաքական առաջնահերթութիւններից է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը, որը պէտք է տեղի ունենայ երեք նախապայմաններով պայմանաւորւած՝ վերադարձը պէտք է լինի հաւաքական, արժանապատիւ, միջազգայնօրէն երաշխաւորւած. «Նոյն բառամթերքը մենք տեսնում ենք շուրջ 9 տասնեակ կոնգրեսականների նամակում: Սրանք տեւական աշխատանքներ են, որոնց, իհարկէ, ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումները խանգարում են, բայց մենք վերջին տարիներին յատկապէս շատ ենք կրկնում, որ Հայ Դատի համակարգի աշխատանքները պայմանաւորւած չեն ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումներով»:

Նա նկատեց, որ ՀՀ իշխանութիւնները փորձում են նաեւ չէզոքացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արտաքին յարաբերութիւնները. «Վարչապետի կողակիցը դրա մասին շատ յստակ գրել էր՝ շեշտելով՝ Շւէյցարիա ինչո՞ւ էիք գնացել: Ադրբեջանական կողմն էլ բաւականին անհանգստացաւ շւէյցարական նախաձեռնութիւնից եւ այդ խորհրդաժողովից, որն աչքի ընկաւ մասնակիցների շատ մեծ ներկայացուցչականութեամբ»:

Յիշեցնենք, որ մայիսի 27-29-ը Շւէյցարիայի Բեռն քաղաքում անցկացւեց «Կրօնական ազատութիւն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգութեան պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպւել էր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եւ Շւէյցարիայի Բողոքական եկեղեցու համագործակցութեամբ։ Ադրբեջանական կողմն իմանալով այս համաժողովի մասին՝ մայիսի 22-ից արշաւ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դէմ։ Աւելի ուշ այդ արշաւին միացան նաեւ Հայաստանի իշխանութիւնները:

Գէորգ Ղուկասեանի տեղեկութիւններով՝ ՀՀ իշխանութիւնները շատ սառը վերաբերմունք են ցոյց տւել խաղաղութեան շւէյցարական նախաձեռնութեանը, հետեւաբար, իրատեսական չէ ակնկալել, որ նրանք որեւէ կերպ կօժանդակեն դրան:

«Ստեղծւած իրավիճակում ելքն այն կարող է լինել, որ մեր հայրենակիցների ստւար զանգւած սկսի մտածել՝ լաւ, ո՞նց եղաւ, որ Դաշնակցութեան, Հայ Առաքելական Եկեղեցու դէմ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւններն օգտագործում են նոյն բառամթերքը, եւ սրանից յստակ վերլուծութիւններ անեն: Եթէ Դաշնակցութեան գործունէութիւնը խանգարում է Ադրբեջանին, եւ դա այդպէս է, հետեւաբար, մենք իրականացնում ենք աշխատանքներ, որոնք մեր պետութեան դիմակայութեանը նպաստում են: Այս պայմաններում ՀՀ իշխանութիւններն ինչո՞ւ են մեր դէմ պայքարում: Այս մարդիկ չեն հասկանում, որ ներքաղաքական պայքարում չի կարելի օգտագործել գործիքակազմեր, որոնք կարող են նպաստել պետութեան արտաքին դիմակայութեան անկմանը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իշխանութիւնները Դաշնակցութեանն են մեղադրում, ասում են՝ գործիք էք տարբեր պետութիւնների ձեռքին, նա արձագանքեց. «Դաշնակցութիւնը չի կարող լինել արեւմտամէտ, ռուսամէտ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մէկ ամիս առաջ Բրիւսէլում էր, դրանից կարճ ժամանակ յետոյ Մոսկւայում էր: Դաշնակցութեան կազմակերպական կառոյցի մեծ մասը գործում է Արեւմուտքի երկրներում, բայց մեզ համար նաեւ պարզ է, որ այս տարածաշրջանում ՌԴ-ի հետ յարաբերութիւնները Հայաստանի համար չափազանց կարեւոր են ե՛ւ առեւտրատնտեսական առումով, ե՛ւ անվտանգային առումով: Մեզ համար կարեւոր է, որ Արեւմուտքի հետ մեր յարաբերութիւնները լինեն այն կարգի զարգացած, որ մենք արեւմտեան առաջադիմական փորձը վերցնենք: Հայաստանի նման երկրները քիչ են աշխարհում, որ աւանդաբար ջերմ յարաբերութիւններ է ունեցել ՌԴ-ի, Իրանի, Եւրոպայի, ԱՄՆ-ի հետ:

Փոխանակ այս ամէնը կոնւերգենցիայի ենթարկելու մեր տարածաշրջանում, փորձելու բոլոր կողմերի օգուտներից օգտւել, համատեղել հնարաւորութիւնները, Հայաստանի իշխանութիւնները գնում են մերժելու, արհեստական ինտրիգներ ստեղծելու ճանապարհով, ինչը որեւէ տեղ չի կարող տանել: Մեզ նման երկրները դարձնել աշխարհաքաղաքական սակարկման տիրոյթ՝ անհեռանկար է, կործանարար հետեւանքներ կարող է ունենալ»:

Ըստ նրա՝ 2018 թ. սկսած ՀՀ արտաքին քաղաքականութեան ամենամեծ խնդիրը եղել է կանխատեսելիութեան պակասը. «Աւելի լաւ է՝ դու աշխարհաքաղաքական այս կամ այն կողմին մի քիչ քիչ խոստում տաս, բայց լինես կանխատեսելի, այդ կողմը քեզնից վտանգ չսպասի: Ես վստահ եմ՝ արեւմտեան գործընկերները մինչեւ վերջ Փաշինեանին չեն վստահում, որովհետեւ վստահ են՝ իր իշխանութեան պահպանման համար, եթէ պէտք լինի, նա կը գնայ Մոսկւա եւ կանի՝ ինչ իրեն կասեն: Ռուսաստանում առհասարակ վստահութիւն չկայ՝ նոյն հիմնաւորմամբ: Այս մարդն իրեն չի դրսեւորում՝ որպէս պետական գործիչ, մարդ, ում համար պետութեան շահն առաջնահերթութիւն է, եւ սա ազդում է պետութեան արտաքին քաղաքականութեան, պետութեան կանխատեսելիութեան վրայ»:

Նա նկատեց՝ 7 տարի իշխանութեան լինելով՝ ՔՊ-ն եւրոպական որեւէ քաղաքական ընտանիքի հետ ինստիտուցիոնալ յարաբերութիւններ չունի, որովհետեւ իրենք իրենց յայտարարել են գաղափարազուրկ. «Իրենք են ասել, որ իզմ-եր չունեն»:

Related Articles

Back to top button