Հայաստան - Արցախ

Արմէն Բադալեան. «Իշխանութիւնը դէմ է Օքամփոյի առաջարկին՝ Բաքւում պահւող Արցախի ղեկավարութեանը Հայաստան բերելուն եւ Բաքւին որեւէ հարցում հակադրւելուն»

Միջազգային Քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն բաց նամակ է յղել հայերին, որտեղ անդրադարձել է COP-29-ին՝ կլիմայի փոփոխութեան վերաբերեալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին եւ համայն հայութեան անելիքներին։ Համաժողովն անցկացւելու է նոյեմբերին Բաքւում։

Նա յիշեցրել է՝ շեշտելով, որ հայութիւնը 1915 թւականի ցեղասպանութեան մոխիրներից վերածնւածներ են, մարդկային աննահանջ եւ յամառ ոգու վկայութիւնն են:

«Դուք կարող էք ի ցոյց դնել նախագահ Իլհամ Ալիեւի յանցանքները, ով շարունակում է թիրախաւորել իր քաղաքացիներին Ադրբեջանում եւ իրագործել է վայրագութիւններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծաւոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքաւորելով՝ որպէս առաջնորդ երկիր:

Դուք, ցրւած լինելով աշխարհով մէկ, բացառիկ դեր ունէք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլեւ արդարութեանն ու շրջակայ միջավայրի ամբողջականութեանն առնչւող աւելի լայն շահեր»,- ասել է նա:

Քաղաքական այս տեխնոլոգիան որքանով կարո՞ղ է ծառայել հայկական շահին, հայկական կողմն ինչպէ՞ս կարող է իրականութիւն դարձնել Օքամփոյի առաջարկները։

168.am-ի հետ զրոյցում քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը պատասխանելով նշւած հարցերին, պարզաբանեց՝ դրական արդիւնք ունենալու համար Լուիս Օքամփոյի առաջարկած քայլերը պէտք է իրականացնի ՀՀ իշխանութիւնը, ինչն իրատեսական չէ։

«Օքամփօն լաւ տեխնոլոգիաներ է առաջարկել, սակայն դրանք օգտակար են այն ժամանակ, երբ ցանկութիւն կայ օգտագործել։ Եթէ ՀՀ իշխանութիւնը ցանկութիւն չունի դա օգտագործելու, դրանք դառնում են անիմաստ։

Օքամփոյի առաջարկած քաղաքական տեխնոլոգիան կոչւում է ճնշման գործադրում։ Ճնշման գործադրման բազմաթիւ տեխնոլոգիաներ կան, որն էլ իր հերթին՝ ունի բազմաթիւ ենթաքայլեր։ Կրկնում եմ՝ ՀՀ իշխանութիւնը դէմ է Օքամփոյի առաջարկած ընդհանուր քաղաքականութեանը, այսինքն՝ Բաքւում պահւող Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը Հայաստան բերելուն եւ Բաքւին որեւէ հարցում հակադրւելուն։ Բնականաբար, այս դէպքում ճնշման տեխնոլոգիաները չեն կիրառելու»,- նշել է Արմէն Բադալեանը։

Քաղտեխնոլոգի մեկնաբանութեամբ՝ եթէ պետական մակարդակով ճնշման տեխնոլոգիաները չկիրառւեն, ապա որքան էլ հասարակական կազմակերպութիւնները, անհատները կիրառեն այդ տեխնոլոգիան՝ դրական արդիւնք չի կարող լինել։

«Իհարկէ, հասարակական կազմակերպութիւնները, անհատները պէտք է անյապաղ կիրառեն ճնշման այդ գործիքները, բայց արդիւնքն աննշան կը լինի։ Ճնշման տեխնոլոգիաները պէտք է կիրառւեն պետութեան կողմից՝ ժամանակին ու ճիշտ տեղում, ինչը մեր իշխանութիւնների կողմից չի լինելու՝ պետական մակարդակով Ադրբեջանի վրայ ճնշում չի լինելու»,- եզրափակել է Արմէն Բադալեանը։

Related Articles

Back to top button