Թուրք դեսպան. «Եթէ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ պայմանները կատարւեն, սահմանը կարող է բացւել»

«ԱԼԻՔ» – Թուրք-հայկական սահմանը կարող է բացւել։ Այս մասին ըստ Alpha News-ի՝ ադրբեջանական APA լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգիւնը:
Դեսպանը նշել է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգաւորման գործընթացները պէտք է դիտարկել ընդհանուր։
«Երկու կարգաւորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թւականին նշանակւել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ։ Յայտնի է, որ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը փակ է 1993 թւականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ծովային ելք չունի, եւ դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը արեւելքից եւ արեւմուտքից սահմանակից է Ադրբեջանին եւ Թուրքիային, եւ այդ սահմանները փակ են։ Բոլորը կը շահեն այս խաղաղութիւնից, բայց ամենաշատը՝ Հայաստանը»,- նշել է դեսպանը։
Աքգիւնի խօսքով՝ եթէ կայուն խաղաղութեան համաձայնագիր ստորագրւի, թուրք-հայկական սահմանը կարող է բացւել:
«Մենք ցանկանում ենք արագացնել կարգաւորման գործընթացը։ Եթէ կայուն խաղաղութեան համաձայնագիր ստորագրւի կամ նախաստորագրւի, եւ «Զանգեզուր միջանցք»-ի վերաբերեալ պայմանները կատարւեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացւել ճիշտ ժամանակին՝ Անկարայի եւ Բաքւի միջեւ խորհրդակցութիւնների արդիւնքում։ Սա կախւած կը լինի նրանից, թէ ինչպէս կը զարգանայ կարգաւորման գործընթացը»,- ասել է թուրք դեսպանը։