Քաղաքական

Երկիրը կառավարելու անկարող անձը հիմա էլ փորձում է վերահսկել Եկեղեցին

Ամէն անցնող օրւայ հետ, երբ Հայաստանի քաղաքական եւ ռազմական իրավիճակը շարունակում է սրւել, վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքում ակտիւօրէն փորձում է վերահսկողութիւն հաստատել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Նա կարծես չի գիտակցում, որ Եկեղեցու գործերին իր մշտական միջամտութեամբ խախտում է  Սահմանադրութեամբ հաստատւած Եկեղեցու եւ պետութեան տարանջատման սկզբունքը։

Աւելին, վերջին 7 տարիների ընթացքում  Փաշինեանը խախտել է հարիւրաւոր օրէնքներ։ Նա 2020 թւականին Հայաստանը տարաւ աղէտալի պարտութեան Արցախեան պատերազմում, 2023 թւականին լքեց Արցախը, իսկ 2021 եւ 2022 թւականներին թոյլ տւեց ադրբեջանական զօրքերին գրաւել Հայաստանի Հանրապետութեան որոշ տարածքներ, չնայած երկրի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտաւորութեանը։ Իրավիճակն աւելի վատացնելով, ի պատասխան այն հարցին, թէ ինչ է պատրաստւում անել ադրբեջանական զօրքերը հայկական տարածքներից դուրս բերելու համար, նա անամօթաբար պատասխանում է՝ «Ոչինչ»։

Կեղծ ժողովրդավարութեան քօղի տակ Փաշինեանը փաստացի դարձել է բռնակալ. նա մենաշնորհել է իշխանութիւնը՝ վերահսկելով կառավարութեան բոլոր ճիւղերը, պահպանելով մեծամասնութիւնը խորհրդարանում, նշանակելով հնազանդ նախագահի եւ հրամայելով դատաւորներին ու անվտանգութեան ուժերին կատարել իր անօրինական պահանջները։

Իր քաղաքական եւ ռազմական անյաջողութիւններից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու նպատակով՝ Փաշինեանը մայիսի 29-ին կառավարութեան նիստի ժամանակ յարձակւեց Հայ Առաքելական Եկեղեցու վրայ: Յաջորդ շաբաթների ընթացքում նա ֆէյսբուքում տասնեակ զրպարտիչ գրառումներ կատարեց Եկեղեցու եւ հոգեւորականների դէմ, յաճախ օգտագործելով լկտի բառապաշար՝ առանց փաստերի ներկայացման, ինչը զրպարտութեան վերաբերեալ Հայաստանի օրէնքների խախտում է: Նա բազմիցս պահանջել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը կամ  հեռացումը: Միեւնոյն ժամանակ, Փաշինեանի կենակիցը՝ Աննա Յակոբեանը, հետեւել է նրա օրինակին իր սեփական գռեհիկ գրառումներով՝ զրպարտելով բարձրաստիճան հոգեւորականներին՝ նրանց անւանելով «երկրի գլխաւոր մակապիղծներ» եւ «սեւ սքեմ հագնող այլասերւած մոլագարներ»:

Վերջերս կայացած հանրային միջոցառման ընթացքում Փաշինեանը փորձեց բացատրել, թէ ինչու ինքն ու Աննան երբեք չեն ամուսնացել։ Նա յայտարարեց, որ վախենալով նախկին ղեկավարների կողմից ձերբակալման հնարաւորութիւնից եւ մտահոգւելով, որ կառավարութիւնը կարող է առգրաւել իր տունը, այն գրանցել է Աննայի անունով։ Սա ակնյայտօրէն մանիպուլիացիա էր քննադատութիւնից խուսափելու նպատակով, քանի որ նա զգում էր, որ հասարակութեան մօտ կասկածներ են առաջացել իր ենթադրեալ բարեպաշտութեան մասին։ Խախտելով ամուսնութեան սրբութիւնը՝ նա իրաւամբ այն մարդը չէ, որ քարոզի անարատութիւն։ Ինչպէս նշւում է Աստւածաշնչում (Եբրայեցոց 13:4). «Ամուսնութիւնն ամբողջովին պատւական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ, իսկ շնացողներին ու պոռնիկներին Աստւած պիտի դատի»։ Բացի այդ, Հայաստանի ո՛չ ներկայ, ո՛չ նախկին  կառավարութիւնները երբեւէ չեն առգրաւել ձերբակալւած անձանց սեփականութիւնը, ներառեալ Փաշինեանի դէպքում։

Վերջերս Փաշինեանը յայտարարեց խորհրդի ստեղծման մասին՝ Նորին Սրբութեանը հեռացնելու նպատակով: Նա նոյնիսկ կոչ արեց ժողովրդին հաւաքւել Էջմիածնում՝ ստիպելու Կաթողիկոսին հրաժարւել: Փաշինեանը յայտնեց, որ նախատեսւող հեռացումից յետոյ պատրաստւում է նշանակել տեղապահ (եկեղեցու ժամանակաւոր ղեկավար) ամուսնացեալ քահանայի, ինչը բացայայտօրէն հակասում է եկեղեցական կանոններին, որ պիտի փոխարինւի նոր Կաթողիկոսով, որը կընտրւի իր վերափոխած Եկեղեցու Կանոնագրքով։  Սա ոչ միայն բացայայտ խախտում է եկեղեցու եւ պետութեան տարանջատման սկզբունքը, այլ նաեւ Սահմանադրութեան լիակատար բզկտումն է։ Մարդ, որը աղէտալի կերպով  ձախողւել է վարչապետի պաշտօնում, այժմ ցանկանում է հեռացնել ընտրւած Կաթողիկոսին, վերաշարադրել Եկեղեցու Կանոնագիրքը, ամուսնացեալ քահանայի նշանակել որպէս տեղապահ եւ հաստատել նոր Կաթողիկոսին։

Տարօրինակ կերպով, Փաշինեանը յայտարարում է, որ ստուգելու է ապագայ Կաթողիկոսի թեկնածուների բարոյական անաղարտութիւնը՝ առանց պարզաբանելու, թէ ինչպէս է մտադիր իրականացնել այս անհնարին առաքելութիւնը։

Ահա աւելի լաւ առաջարկ Փաշինեանի համար. ինչու ինքն իրեն չնշանակի որպէս նոր Կաթողիկոս, որպէսզի կարողանայ միաժամանակ վերահսկել թէ՛ պետութիւնը, թէ՛ Եկեղեցին։ Կամ էլ իր կենակից Աննա Յակոբեանին նշանակի Կաթողիկոս՝ Եկեղեցին «արդիականացնելու» համար։ Նա կարող է նոյնիսկ սրբադասել նրան՝ ազատելով բարոյական ցանկացած ստուգումից։ Միակ կազմակերպչական խնդիրն այն է, որ «Սրբուհի» Աննան պէտք է չեղարկի Պեկինում առաջիկայ երկու տարիների ընթացքում չինական փիլիսոփայութիւն ուսանելու իր ծրագիրը։

Փաշինեանը մեծ ամբարտաւանութեամբ յայտարարեց, որ ինքը լիովին համապատասխանում է իր իսկ խորհուրդը ղեկավարելու պահանջներին, որը պէտք է զբաղւի Կաթողիկոսի հեռացման գործընթացով։ Խորհրդի անդամները պէտք է.

– լինեն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մկրտւած անդամ (չնայած պարզ չէ՝ արդեօք Փաշինեանը մկրտւած է, թէ ոչ)․

– հաւատան Յիսուս Քրիստոսին․

– գոնէ մէկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստւածաշունչը․

– վերջին հինգ տարում գոնէ մէկ անգամ պահած լինեն Մեծ Պահքը․

– ամէն օր աղօթող լինեն։

Նա նաեւ սահմանել է, որ խորհրդում ընդգրկւած ցանկացած կուսակրօն հոգեւորական պէտք է պահպանած լինի իր կուսակրօնութեան ուխտը: Սակայն Փաշինեանը որեւէ բացատրութիւն չի տալիս, թէ ինչպէս է ստուգելու այդ չափանիշներին համապատասխանութիւնը:

Չնայած անցեալ շաբաթ լուրեր էին շրջանառւում, որ Փաշինեանի կողմից հրահրւած ամբոխը պատրաստւում է հաւաքւել Էջմիածնում՝ «ազատելու» կաթողիկոսարանը Գարեգին Երկրորդից, սակայն դա տեղի չունեցաւ: Կամ այդ լուրերն էին կեղծ, կամ էլ Փաշինեանը յետաձգեց գործողութիւնը՝ տեսնելով, որ իր ընդդիմադիները հաւաքւել են պաշտպանելու կաթողիկոսին: Քանի որ Եկեղեցու կողմնակիցները զգալիօրէն գերազանցում են Փաշինեանի հետեւորդներին, երկու խմբերի միջեւ ցանկացած բախում կարող է վերածւել արիւնահեղութեան Էջմիածնի սուրբ հողում:

ԱՄՆ Միջազգային  հանրապետական ինստիտուտի կողմից իրականացւած վերջին հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչութեան 58 տոկոսն աջակցում է Եկեղեցուն, ինչը 2024 թւականի ցուցանիշի համեմատ 10 տոկոսով աւելի է։ Միեւնոյն ժամանակ, հարցւածների 59 տոկոսը դժգոհ է վարչապետի աշխատանքից, ինչը 9 տոկոսով աւելի է նախորդ տարւայ ցուցանիշի համեմատ։

Փաշինեանի անօրինական եւ կործանարար ծրագիրը յաջողութեան չնչին հնարաւորութիւն ունի։ Կաթողիկոսը, ամենայն հաւանականութեամբ, հրաժարական չի տայ։ Փաշինեանի հնարաւոր միակ տարբերակը կը լինի՝ իր զինւած անվտանգութեան ծառայողներին ուղարկել՝ կեղծ մեղադրանքներով Կաթողիկոսին ձերբակալելու համար։ Եթէ Կաթողիկոսը ձերբակալւի, ապա նոր Կաթողիկոս չպէտք է ընտրւի, որպէսզի Գարեգին Երկրորդը շարունակի  ղեկավարել Եկեղեցին իր բանտախցից։ Ինչպիսի՜ խայտառակութիւն աշխարհի առաջին քրիստոնեայ ազգի համար…

Յուսանք, որ այս սարսափելի սցենարներից ոչ մէկը իրականութիւն չի դառնայ։ Փաշինեանը ինքն է, որ պէտք է հրաժարական տայ։ Եթէ նա մերժի, ապա անհրաժեշտ է անմիջապէս հեռացնել նրան։ Հայերը չեն կարող սպասել մինչեւ 2026 թւականի յունիսին կայանալիք յաջորդ խորհրդարանական ընտրութիւնները։ Մինչ այդ, Հայաստանը կարող է այլեւս գոյութիւն չունենալ, քանի որ Փաշինեանն այն քանդում է մաս առ մաս, օր առ օր։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button