Այլ

Օմեգա-3 ճարպաթթուները կարող են նւազեցնել ագրեսիան

Օմեգա-3 ճարպաթթուները նւազեցնում են ագրեսիան, այդ թւում՝ զայրոյթի պոռթկումները եւ սուր սթրեսային ռեակցիաները։ Այս մասին ցոյց է տւել «Ագրեսիա եւ բռնի վարքագիծ» (AVB) ամսագրում հրապարակւած ուսումնասիրութիւնը։

«Օմեգա-3»-ը (մասնաւորապէս՝ ԷՊԹ եւ ԴՀԹ) անփոխարինելի պոլիչհագեցած ճարպաթթուներ են, որոնք պարունակւում են ընկոյզի, ձիթապտղի իւղի եւ ճարպոտ ձկների՝ օրինակ՝ սաղմոնի, սկումբրիայի եւ ծովատառեխի մէջ։ Գիտնականները վաղուց են դրանց օգտագործումը կապում սրտի, ուղեղի եւ իմունային համակարգի ամրապնդման հետ։ Նոր հետազօտութիւնը հաստատում է, որ այս նիւթերի ազդեցութիւնը տարածւում է նաեւ մարդու վարքի վրայ։

Գիտնականները նման եզրահանգման են եկել նախկինում հրապարակւած 29 հետազօտութիւնների տւեալների վերլուծութեան արդիւնքում։ Դրանք ներառել են գրեթէ չորս հազար մասնակիցների՝ դպրոցականներից մինչեւ մեծահասակներ կլինիկական եւ դատաբժշկական հաստատութիւններում։ Արդիւնքները ցոյց են տւել, որ «Օմեգա-3»-ը կարող է ճնշել ագրեսիւ վարքը՝ անկախ տարիքից, սեռից, ախտորոշումից, դեղաչափից կամ ընդունման տեւողութիւնից։

Հետազօտողները նշում են, որ «Օմեգա-3»-ը արդիւնաւէտօրէն նւազեցնում է ինչպէս ռէակտիւ (էմոցիոնալ), այնպես էլ պրոակտիւ (պլանաւորւած, նպատակաուղղւած) ագրեսիան։ Գիտնականների խօսքով՝ ԷՊԹ-ն եւ ԴՀԹ-ն պոտենցիալ արժէքաւոր միջոց են դիւրագրգռութեան, բռնկունութեան կամ բռնութեան հակւած մարդկանց հետ աշխատելու համար։

Հետազօտութեան հեղինակներն ընդգծում են, որ ագրեսիւ վարքի խնդիրը յատկապէս արդիական է դպրոցներում, կլինիկաներում եւ ուղղիչ հիմնարկներում։ «Օմեգա-3»-ի օգտագործումը՝ սննդի կամ հաւաստագրւած դեղամիջոցների միջոցով, կարող է խորհուրդ տրւել այն մարդկանց, ովքեր տառապում են քրոնիկ սթրեսից կամ դժւարութիւններ ունեն իրենց զգացմունքները վերահսկելու հարցում։

News.am

Related Articles

Back to top button