Այլ

Գերմշակւած սնունդը մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը

ԱՄՆ-ում գիտնականները գտել են հաստ աղիքի քաղցկեղի վաղ շրջանի դէպքերի կտրուկ աճի հնարաւոր բացատրութիւնը. հիւանդութիւն, որն աւելի ու աւելի յաճախ է ախտորոշւում 50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում: Պարզւում է, որ գերմշակւած սննդի մեծ քանակութեամբ օգտագործումը կարող է զգալիօրէն մեծացնել ադենոմաների՝ հաստ աղիքի քաղցկեղի վաղ շրջանի նախորդներ համարւող պոլիպների զարգացման վտանգը: Հետազօտութիւնը հրապարակւել է JAMA Oncology բժշկագիտական հանդէսում:

Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիւանդանոցի հետազօտութեան հեղինակները վերլուծել են Nurses’ Health Study II երկարատեւ նախագծի մօտ 30 հազար մասնակցի տւեալները: Բոլոր մասնակիցները մինչեւ 50 տարեկանը պարբերաբար ենթարկւել են էնդոսկոպիկ հետազօտութիւնների եւ չորս տարին մէկ մանրամասն սննդային հարցաթերթիկներ են լրացրել:

Պարզւել է՝ կանայք, որոնք օրական միջինում սպառում էին գերմշակւած սննդի 10 բաժին, 45%-ով աւելի բարձր ռիսկ ունէին ադենոմաների զարգացման համար, քան նրանք, ովքեր սահմանափակւում էին մօտաւորապէս երեք բաժնով: Նման սննդամթերքներն են պատրաստի կերակուրները, քաղցրաւենիքը, նախուտեստները, կիսաֆաբրիկատները եւ շաքարի, աղի, յագեցած ճարպերի եւ սննդային յաւելումների մեծ քանակութիւն պարունակող ըմպելիքները:

«Մեր արդիւնքները հաստատում են գերմշակւած սննդի սպառման կրճատման կարեւորութիւնը՝ որպէս վաղ հաստ աղիքի քաղցկեղի աճող բեռը նւազեցնելու միջոց»,- նշել է հետազօտութեան ղեկավար, Մասաչուսեթսի Բրիգամի (Mass General Brigham) եւ կանանց քաղցկեղի կենտրոնի  գաստրոէնտերոլոգ Էնդրիւ Չանը։

Ըստ նրա` կապը, կարծես, գործնականում գծային է. մարդ որքան շատ է ուտում նման սնունդ, այնքան մեծ է պոլիպների զարգացման հաւանականութիւնը։

Ընդհանուր առմամբ, հետազօտողները յայտնաբերել են նախաքաղցկեղային վնասւածքների 2787 դէպք։ Սակայն, գերմշակւած սննդի հետ կապ նկատւել է միայն այսպէս կոչւած «դասական» ադէնոմաների՝ պոլիպների դէպքում, որոնք յատկապէս յաճախ նախորդում են վաղ քաղցկեղին։ Նման կապ չի յայտնաբերւել աւելի դանդաղ աճող պոլիպի մի այլ տեսակի համար։

Նոյնիսկ այլ ռիսկի գործօններ՝ մարմնի զանգւածի բարձր ինդեքսը, 2-րդ տիպի շաքարախտը եւ մանրաթելերի քիչ ընդունումը հաշւի առնելով՝ գերմշակւած սննդի եւ ադէնոմաների միջեւ կապը պահպանւել է։ Ընդսմին, սննդակարգը չի բացատրում վաղ հաստ աղիքի քաղցկեղի բոլոր դէպքերը, եւ հետազօտողները շարունակում են լրացուցիչ, մասնաւորապէս՝ մոլեկուլային եւ գենետիկական պատճառներ փնտրել։

News.am

Related Articles

Back to top button