Այլ

Ճարպակալումը կարող է փոխանցւել ծնողներից երեխաներին. ով է աւելի հակւած այն փոխանցելու՝ մա՞յրը, թէ՞ հայրը

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ այն երեխաները, որոնց ծնողները տառապում են ճարպակալումից, աւելի հաւանական է, որ իրենք էլ ճարպակալեն, սակայն նրանց մայրերի գեները, կարծես, առանձնապէս կարեւոր դեր են խաղում նրանց քաշի որոշման գործում։

Ըստ ընդունւած կարծիքի՝ ճարպակալումն առաջանում է ժառանգական եւ բնապահպանական գործօնների համակցումից։ Ծնողներից երեխաներին փոխանցւող գեները ազդում են ախորժակի, հագեցածութեան զգացողութեան, նիւթափոխանակութեան, ուտելիքի նկատմամբ հակման, օրգանիզմում ճարպի բաշխման եւ շատ այլ բաների վրայ։

Ինչպէս նշւում է PLOS Genetics ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ՝ երեխաները իրենց ԴՆԹ-ի կէսը ստանում են ամէն ծնողից, սակայն հէնց մօր գենետիկան է աւելի մեծ ազդեցութիւն ունենում մարմնի զանգւածի ինդեքսի (ՄԶԻ) վրայ։

«Մօր գենետիկան, ըստ երեւոյթին, կարեւոր դեր է խաղում երեխայի քաշի վրայ ազդելու գործում՝ ի լրումն հէնց երեխայի գենետիկայի»,- Euronews-ին ասել է Լիամ Ռայթը՝ ուսումնասիրութեան առաջատար հեղինակը եւ Լոնդոնի համալսարանական կոլէջի գիտաշխատողը։

Ռայթի թիմը վերլուծել է 2001-2002 թւականներին ծնւած երեխաներ ունեցող աւելի քան 2600 բրիտանական ընտանիքների գենետիկական եւ բժշկական տւեալները եւ հետեւել նրանց ծնունդից մինչեւ 17 տարեկանը։

Երեխաների եւ ծնողների գեների հասանելիութիւնը առանցքային գործօն է եղել։ Դա թոյլ է տւել հետազօտողներին բացայայտել ինչպէս երեխաների կողմից ժառանգած գէները, այնպէս էլ այն գէները, որոնք ծնողները չեն ժառանգել, բայց որոնք, այնուամենայնիւ, կարող էին ազդել իրենց երեխաների առողջութեան վրայ։

Հետազօտութեան հեղինակների խօսքով՝ այս անուղղակի ազդեցութիւնները, որոնք կոչւում են «գենետիկ դաստիարակութիւն», կարեւոր են, քանի որ դրանք օգնում են ձեւաւորել այն, թէ ինչպիսին կը դառնան երեխաները՝ սկսած արգանդում եղած պայմաններից մինչեւ դաստիարակութեան մեթոդները։

Ինչպէս ցոյց է տւել հետազօտութիւնը՝ երկու ծնողների մարմնի զանգւածի ինդեքսը ազդում է երեխայի քաշի վրայ։ Եթէ հօր ազդեցութիւնը գրեթէ ամբողջութեամբ պայմանաւորւած է եղել այն գէներով, որոնք նա անմիջապէս փոխանցել է երեխային, ապա մօր մարմնի զանգւածի ինդեքսի ազդեցութիւնն աւելի նշանակալի է եղել։

Հետազօտողները կարծում են, որ դա կարող է պայմանաւորւած լինել նրանով, որ մօր գէները ազդում են նրա սեփական քաշի, սննդային սովորութիւնների կամ յղիութեան ընթացքում ակտիւութեան վրայ, ինչն իր հերթին մեծ դեր է խաղում նրա երեխայի զարգացման եւ առողջութեան վրայ։

«Բացի մայրերի կողմից անմիջականօրէն փոխանցւող գէներից, մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ մայրական գենետիկան կարեւոր դեր է խաղում այն միջավայրի ձեւաւորման գործում, որում զարգանում է երեխան, ուստի անուղղակիօրէն ազդում է նրա ՄԶԻ-ի վրայ»,- բացատրել է Ռայթը։ «Խօսքը մայրերին մեղադրելու մասին չէ, այլ ընտանիքներին աջակցելու եւ երեխաների երկարաժամկէտ առողջութեանը զգալիօրէն նպաստելու մասին»։

Այլ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ այն հայրերը, ովքեր յղիութեան պահին ունեցել են աւելցուկային քաշ կամ ճարպակալում, աւելի յաճախ են ունենում ճարպակալումով երեխաներ։

Հետազօտութեան հեղինակների կարծիքով՝ ճարպակալում ունեցող ծնողներին քաշ կորցնելու հարցում օգնելուն ուղղւած ջանքերը կարող են երկարաժամկէտ ազդեցութիւն ունենալ իրենց երեխաների առողջութեան վրայ։

«Մօր ՄԶԻ-ի իջեցմանն ուղղւած թիրախային միջոցները, յատկապէս յղիութեան ընթացքում, կարող են նւազեցնել ճարպակալման հետեւանքները տարբեր սերունդների համար»,- նախազգուշացրել է Ռայթը։

News.am

Related Articles

Back to top button