Այլ

Գիտնականները պարզել են, թէ ինչպէս է ԴՆԹ-ի կառուցւածքն ազդում ծխախոտի ծխից առաջացած վնասւածքների վրայ

Երուսաղէմի եբրայական համալսարանի նոր ուսումնասիրութիւնը պարզել է, թէ ինչպէս են ԴՆԹ-ի կառուցւածքը եւ քիմիական ձեւափոխութիւններն ազդում ծխախոտի ծխից առաջացած վնասւածքների եւ դրանք վերականգնելու օրգանիզմի կարողութեան վրայ: Այս բացայայտումն օգնում է բացատրել, թէ ինչպէս է ծխելը յանգեցնում թոքերի քաղցկեղի:

Ուսումնասիրութիւնը կենտրոնանում է բենզոպիրենի վրայ՝ վնասակար քիմիական նիւթի, որը պարունակւում է ծխախոտի ծխում:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Oxford Academic ամսագրում։

Օրգանիզմի կողմից մշակւելիս այս քիմիական նիւթը վերածւում է բենզոպիրենդիոլէպօքսիդի (BPDE), որը կարող է կապւել ԴՆԹ-ի հետ, խաթարել դրա բնականոն գործունէութիւնը եւ յանգեցնել բջիջների վնասման:

Օգտագործելով առաջադէմ գենոմային գործիքներ՝ գիտնականները պարզել են, որ.

Նշանակութիւն ունի ԴՆԹ-ի միջավայրը․ ԴՆԹ-ի որոշ հատւածներ, յատկապէս նրանք, որոնք աւելի բաց եւ ակտիւ են, աւելի ենթակայ են վնասւածքների, բայց նաեւ աւելի լաւ են վերականգնւում բջիջների կողմից:

Տրանսկրիպցիոն գործօնները կարող են օգնել կամ վնասել. գեների ակտիւութիւնը կարգաւորող սպիտակուցները երբեմն կարող են պաշտպանել ԴՆԹ-ն վնասւածքներից, բայց այլ դէպքերում այն աւելի խոցելի են դարձնում:

Կարեւոր նշանակութիւն ունի արդիւնաւէտ վերականգնումը. ԴՆԹ-ի այն հատւածները, որոնք աւելի լաւ են վերականգնւում, որպէս կանոն, աւելի քիչ մուտացիաներ են կուտակում, նոյնիսկ եթէ դրանք սկզբում աւելի ուժեղ են վնասւել:

Հետազօտութիւնը ընդգծում է, որ ԴՆԹ-ի վնասւածքները վերականգնելու օրգանիզմի կարողութիւնն աւելի կարեւոր է, քան վնասւածքների քանակը, երբ խօսքը վերաբերում է մուտացիաների առաջացմանը:

Այս բացայայտումները նոր պատկերացումներ են տալիս այն մասին, թէ ինչպէս են առաջանում ծխելու հետ կապւած մուտացիաները եւ կարող են օգնել քաղցկեղի կանխարգելման եւ բուժման հետագայ ռազմավարութիւնների ստեղծմանը:

News.am

Related Articles

Back to top button