Հայաստանի խորհրդարանի նախագահը կը նախընտրէր, որ բոլոր արցախցիները սպանւած լինէին

Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտօնեաները հատել են բոլոր կարմիր գծերը: Արցախը յանձնելուց յետոյ նրանք այժմ վտանգում են Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը: Այս տագնապալի զարգացումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ողջ ղեկավարութեան մեղքն է՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինեանից եւ վերջացրած նրա նախարարներով, Ազգային ժողովի խօսնակով եւ խորհրդարանական մեծամասնութեամբ:
Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանին յանձնելու Փաշինեանի համաձայնութիւնն ապօրինի էր, քանի որ նա իրաւասութիւն չունէր Արցախի նկատմամբ: Գիտակցելով դա, վարչապետը չի դիմել ոչ Ազգային ժողովի, ոչ էլ Սահմանադրական դատարանի վաւերացմանը՝ հռչակագիրը ստորագրելուց ոչ առաջ, ոչ էլ յետոյ: 2020 թւականի պատերազմից առաջ Փաշինեանն ինքն է խոստովանել, որ նա Հայաստանի Հանրապետութեան վարչապետն էր եւ ոչ մի կապ չունէր Արցախի հետ, միաժամանակ բարձրաձայն յայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։ Սա նրա բազմաթիւ հակասական յայտարարութիւններից մէկն է։
Ամբողջ աշխարհում իշխանութեան ղեկավարների մեծ մասը հրաժարական է տալիս պատերազմում նման կործանարար կորուստներ կրելուց անմիջապէս յետոյ: Նրանք ընդունում են իրենց ձախողումը եւ իրենց տեղը զիջում են մէկ ուրիշին, որը կարողանայ փրկել այն, ինչ մնացել է: Փաշինեանը, որպէս հոգեբանօրէն ջախջախւած մարդ, չի կարող պատշաճ կերպով կառավարել երկիրը եւ վերականգնել իր մեղքով հասցւած վնասը։
Փաշինեանը յամառօրէն կառչում է իշխանութիւնից՝ դրանով իսկ մեծացնելով վնասներն ու կորուստները: 2020 թւականի պատերազմից ի վեր նա ոչ մի անգամ չի օգտագործել Արցախ բառը եւ երբեք չի նշել արցախցիների վերադարձի իրաւունքի մասին: Նա մատը մատին չի տւել Բաքւում դատւող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար: Նա պնդում է, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն, թէեւ նրանք ունեն Հայաստանի Հանրապետութեան անձնագրեր:
Միեւնոյն ժամանակ, Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը, որը նոյնքան ապաշնորհ է, որքան վարչապետը, անցեալ շաբաթ եւս մէկ անգամ խենթ ու խելառ պատասխաններ տւեց արցախցի լրագրողի պարզ հարցին: Հարցը հետեւեալն էր. «Ե՞րբ եմ վերադառնալու Արցախ»։ Սիմոնեանը պատասխանեց. «Երբ անվտանգ լինի, երբ մենք խաղաղութեան պայմանագիր կը կնքենք։ Դուք այնտեղից դուրս եկաք, որովհետեւ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ, բայց դուք դուրս եկաք։ Այն զէնքով պայքարէիք, որ Հայաստանը թողել էր։ Պէտք էր կռւել, Հայաստանը կռւել է»: Սա Փաշինեանի կլանի սովորական մարտավարութիւնն է՝ իրենց ձախողումների համար մեղքը բարդել բոլորի վրայ։
Իրավիճակն աւելի սրւեց, երբ լրագրողը Սիմոնեանին հարցրեց, թէ ինչու է խուսափում Արցախ անունն օգտագործելուց, նա լրիւ անհեթեթ ժխտողական պատասխան տւեց. «Ես քաղաքական գործիչ եմ, օրինակ, դէմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մէկն անւանի թուրքական, ադրբեջանական անունով, եւ ես քաղաքական գործչի էթիկան պէտք է պահպանեմ»։ Նա Արցախ ասելն անամօթաբար համեմատեց թուրքի կամ ադրբեջանցու կողմից հայկական քաղաքը թուրքական անունով կոչելու հետ…
Միայն պարտւած բարձրաստիճան պաշտօնեան կարող է այսպէս արտայայտւել։ Նա շատ լաւ գիտի, որ արցախցիները պայքարել են իրենց ուժերի ներածի չափով՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին 24 ժամւայ ընթացքում սպանելով 205 ադրբեջանցի զինւորների եւ վիրաւորելով 1004-ին, սակայն անկարող էին շարունակել դիմակայել լաւ զինւած թշնամուն, որն իրենցից շատ աւելի հզօր էր: Նրանք այլընտրանք չունէին, քան հեռանալ: Եթէ նրանք աւելի երկար մնային, բոլորն էլ կը կոտորւէին ադրբեջանական զօրքերի կողմից: Միգուցէ Սիմոնեանն այս արդիւնքն էր նախընտրում։
Բազմաթիւ ապացոյցներ կան նախորդ մարտերի ժամանակ ադրբեջանցի զինւորների դաժան պահւածքի մասին, երբ նրանք տեսանկարահանել էին տարեց քաղաքացիական տղամարդու գլխատումը։ Մէկ այլ սարսափելի յանցաւոր գործողութիւնում, որ ադրբեջանցի զինւորները «հպարտօրէն» տեսանկարահանել էին, նրանք խոշտանգել, անդամահատել, բռնաբարել եւ սպանել էին հայ կին զինւորական Անուշ Ապետեանին 2022 թւականի սեպտեմբերեան յարձակման ժամանակ՝ կտրելով նրա ոտքերը, կտրած մատը դնելով բերանը, հանելով աչքը եւ այն փոխարինելով քարով… Սրանք սահմռկեցուցիչ պատերազմական յանցագործութիւններ են…
Սիմոնեանի հակաարցախեան մեկնաբանութիւններն անմիջապէս զայրոյթ առաջացրեցին ամբողջ Հայաստանում եւ Սփիւռքում: Մի քանի խոշոր հայկական եւ արցախեան կազմակերպութիւններ յայտարարութիւններ տարածեցին՝ խստօրէն դատապարտելով նրան:
Սիմոնեանն արցախցիներին մնալու եւ կռւելու մասին դասախօսութիւն կարդալու փոխարէն լաւ կանէր տեսնէր սեփական իշխանութեան աղէտալի պահւածքը, որը ոչինչ չարեց Արցախում հայրենակիցներին փրկելու համար, ինչը Հայաստանի իշխանութեան սահմանադրական պարտաւորութիւնն է։ Ընդհակառակը, 2023 թւականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանը Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստում խօսում էր Արցախի վրայ Ադրբեջանի խոշոր յարձակման մասին, վարչապետ Փաշինեանը ողջ աշխարհի առաջ խայտառակեց իր արտգործնախարարին՝ Երեւանում ուղիղ եթերում յայտարարելով. «Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեանը ուղիղ սպառնալիք չկայ»։ Այսպիսով, Փաշինեանը հիանալի արդարացում տւեց Ադրբեջանին՝ կոծկելու իր զանգւածային յանցագործութիւնը եւ վնասեց միջազգային իրաւաբանների այն պնդմանը, որ արցախցիները ենթարկւել են էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան։
Վստահ եմ, որ Հայաստանի յաջորդ ազգայնական իշխանութիւնը կը յայտարարի, որ Փաշինեանի բոլոր բանաւոր կամ ստորագրած պայմանագրերը, պարտաւորութիւնները եւ յայտարարութիւնները խախտում են Հայաստանի Հանրապետութեան օրէնքները։ Հետեւաբար, դրանք առոչինչ են։ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը չպէտք է իրենց ժամանակը վատնեն՝ Փաշինեանից զիջումներ պահանջելով, քանի որ Հայաստանի յաջորդ իշխանութիւնը չեղեալ կը յայտարարի այն ամէնը, ինչ նա զիջում է նրանց։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ