Գեղամ Մանուկեան. «Ռազմական գործերով դռնփակ դատական նիստերում շատ յաճախ փլուզւում են բարձրաստիճան զինւորականութեանն առաջադրւած մեղադրանքները. հանրութիւնը դրա մասին չի իմանում»

Բարձրաստիճան զինւորականութիւնը, ՀՀ ՊՆ եւ ԳՇ նախկին ղեկավարութիւնն անցնում է ռազմական տարբեր գործերով՝ ե՛ւ 44-օրեայ պատերազմին առնչւող, ե՛ւ 2020 թւականի պատերազմից դուրս ռազմական տարբեր դրւագներով ու ռազմատեխնիկական թեմաներով:
Այդ դատական նիստերը հիմնականում դռնփակ են ընթանում, կամ՝ անցկացւում են Սիւնիքում, որտեղ եթէ անգամ բաց էլ լինի, մեծաքանակ լրագրողների ներկայութիւն չի ապահովւի:
Իհարկէ, մենք չենք ասում, որ բարձրաստիճան զինւորականութեան դէմ բոլոր ռազմական քրէական գործերով, որոնցով դատական նիստերն անցնում են Սիւնիքում, պէտք է միտում տեսնել:
Օրինակ, 168.am-ն օրեր առաջ գրել է, որ փետրւարի 18-ին Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանում՝ Գորիսում, տեղի է ունենալու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լէյտենանտ Տիրան Խաչատրեանի՝ 44-օրեայ պատերազմին առնչւող քրէական գործով դատական առաջին նիստը: Նախագահող դատաւորն է Արթուր Ոսկանեանը:
Վայրի ընտրութիւնն այս դէպքում միտումնաւոր չէ, սակայն եթէ դռնբաց չլինի դատական գործընթացը, կամ՝ հիմնականում դռնփակ լինի, կարելի է որոշակի ենթադրութիւններ անել:
Նշենք, որ աւելի վաղ ե՛ւ հրապարակային, ե՛ւ 168.am-ի հետ զրոյցում Տիրան Խաչատրեանի փաստաբանական թիմն ասել է՝ միջնորդելու են, որ դատաքննութիւնը դռնբաց լինի, եւ հանրութիւնն իրական տեղեկութիւն ստանայ Տիրան Խաչատրեանի մեղադրանքի մասով:
Այսօր (փետրւարի 17-ին-ԽՄԲ.) գեներալի փաստաբան Վարազդատ Յարութիւնեանը լրատւամիջոցներին յայտնել է՝ «դատական նիստը լինելու է դռնբաց (նախնական)», եւ որ դատական նիստին, ի թիւս այլ հարցերի, քննարկւելու է նաեւ Տիրան Խաչատրեանի խափանման միջոցի հարցը: Սպասենք զարգացումներին:
Նշենք, որ 2025 թւականի յունւարի 3-ին Տիրան Խաչատրեանի նկատմամբ յարուցւել էր հանրային քրէական հետապնդում՝ 18.04.2003 թւականին ընդունւած Քրէական օրէնսգրքի 376-րդ յօդւածի 3-րդ մասով (անփոյթ վերաբերմունքը ծառայութեան նկատմամբ)։
Այս համատեքստում չպէտք է մոռանալ, որ ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանի գործով դատական նիստերն անցնում են դռնփակ, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Յարութիւնեանի գործով դատական նիստերին էլ, մեծ հաշւով, հանրային կամ լրագրողական համայնքի հասանելիութիւն, մեծ հաշւով, չի ապահովւել:
Աւելին, մօտ 4 տարի է, ինչ յարուցւել է «հրթիռների գործը», որով անցնում են ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դաւթեանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստեանը, ՀՀ Զինւած ուժերի աւիացիայի վարչութեան նախկին պետ Աւետիք Մուրադեանը, վարչութեան աւիացիոն տեխնիկական ունեցւածքի ծառայութեան պետ Արտեօմ Համբարեանը, զէնքի մատակարար Դաւիթ Գալստեանը եւ այլք, ու մօտ 3 տարի է՝ այն դատարանում է:
Դատական նիստի առաջին իսկ օրւանից ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը եւ միւսները պահանջել են, որ դատական նիստերը դռնբաց լինեն, իսկ 2024 թւականի օգոստոսին Տօնոյեանը կրկնել է իր պահանջը եւ լրագրողներին առաջարկել այս հարցում պահանջատէր լինել, եւ միայն որոշ նիստեր փակ լինի, եթէ պետական գաղտնիքի խախտել-չխախտելու խնդիր լինի:
Արդեօք ընդդիմութիւնը եւս չպիտի՞ պահանջատէր լինի ռազմական գործերի դատական նիստերի հրապարակային լինելու հարցում, եթէ չկայ գաղտնիութեան խնդիր, քանի որ շատ դէպքերում այս հարցը չարաշահւում է:
168.am-ի հետ զրոյցում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը նշեց.
«Պարբերաբար բարձրաձայնւել է դռնբաց դատական նիստերի անհրաժեշտութիւնը, սակայն, ցաւօք, դատարաններն ընդդիմութիւնից ու օրէնքից կախւած չեն, այլ մեծամասամբ՝ իշխանութիւններից: Բնականաբար, չարաշահում կայ, երբեմն կամ յաճախ ռազմական գաղտնիքի արհեստական պատճառաբանութեամբ՝ դատական նիստերը փակ են տեղի ունենում, բայց սա իշխանութիւններին չի խանգարում՝ երբ իրենց անհրաժեշտ է լինում այդ ռազմական գաղտնիքները հրապարակել, որեւէ արգելք նրանք չունեն:
Այսինքն, դատական նիստերը դռնփակ կամ դռնբաց անելու պրակտիկան խիստ տարբերակւած է, եւ այստեղ յատուկ թիրախաւորւում են զինւած ուժերը, բարձրաստիճան զինւորականութեանը մեղադրանք առաջադրելուց յետոյ դռնփակ դատական նիստերում շատ յաճախ փլուզւում են այդ բոլոր մեղադրանքները, այն կեղծիքները, որոնք կառուցւել են զինւորականների շուրջ, բայց դրա մասին ե՛ւ փաստաբանները, ե՛ւ շահագրգիռ անձինք իրաւունք չեն ունենում հրապարակային խօսել, որպէսզի հանրութիւնը տեղեակ լինի, թէ ինչ է կատարւում իրականում, որ իշխանութեան մեղադրանքները դատարաններում փլուզւում են:
Արդիւնքում՝ հասարակութեան համար մենակ մնում է մամուլի հաղորդագրութիւնների մեղադրանքները, որոնք առաջադրւած են եւ գեներացւում են, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանի, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանի շուրջ: Իսկ հակառակ կողմի բոլոր փաստարկները, բացայայտումները մնում են հասարակութիւնից գաղտնի: Եւ երբ որ իշխանութիւններին ձեռնտու է թիրախաւորել զինւորականներին, առանձին դատական նիստեր հրապարակային են անում, շատ աւելի անառողջ մթնոլորտ ստեղծելով առանձին զինւորականների եւ զինւած ուժերի շուրջ»:
Յաւելենք, որ, ըստ էութեան, ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանի դէմ քրէական գործի առաջին դրւագը՝ «Արեգասարի» հետ կապւած, փլուզւում է տարբեր տեղեկութիւններով: Նոյնը նաեւ վերաբերում է հրթիռների գործին, ուստի իշխանութիւններն այդպէս էլ չեն համաձայնում փորձաքննութիւն անցկացնելու ՀՀ ՊՆ եւ ԳՇ նախկին ղեկավարութեան պահանջ-առաջարկին:
168.am-ը գրել է, որ Փաշինեանի ռազմական մեղադրանքները յօդս են ցնդում տարբեր գործերով: