Պայքարը սահման է պահպանում, յանձնւելը՝ դուռ է բացում
Ո՞ւր է տանում մեզ Նիկոլ Փաշինեանի «իրական Հայաստան»-ը

ՀԱՄԲԻԿ ՇԱՀԻՋԱՆԵԱՆ
Նիկոլ Փաշինեանի այսպէս կոչւած «իրական Հայաստան»-ը՝ ազգային գաղափարախօսութիւնը վերաիմաստաւորելու վտանգաւոր փորձ է:
Սա պարզապէս հռետորաբանութեան փոփոխութիւն չէ: Հրաժարւելով պայքարից, եւ սահմանափակելով մեր համազգային ինքնութիւնն ու առաքելութիւնը միայն «քաղաքացիների բարեկեցութեամբ» եւ ինչ-որ «տարածքով», նա հրաժարւում է այն անժամանցելի տեսլականից, որը պատմութեան ընթացքում երաշխաւորել եւ իմաստաւորել է մեր գոյութիւնը։
Մեր հաւաքական ինքնութիւնն ու առաքելութիւնը միայն ներկայիս պետական սահմաններով եւ կենցաղային բարօրութեամբ սահմանափակւած չեն։ Դրանք ձեւաւորւել են հաւաքական յիշողութեան, ընդհանուր պայքարների եւ ազգային գաղափարախօսութեանը նւիրւածութեան հիման վրայ, որը մինչ օրս միաւորել է մէզ թէ՛ հայրենիքում, թէ՛ Սփիւռքում։
Թէեւ քաղաքացիների բարեկեցութեան եւ անվտանգութեան մասին իսկապէս հոգ տանելը կարեւոր է, բայց այս ամէնը իրականում փոխկապակցւած են իրար, այլ ոչ թէ մէկը միւսին հակասող։
Օրեր առաջ Փաշինեանը Ֆրանսիայում յայտարարեց. «Մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք շատ վաղուցւանից համարում ենք, որ մեր տարածաշրջանում ապրելու համար մեզ արտաքին օգնութիւն է պէտք»: Իր կարծիքով, կարծես Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ինքնուրոյն համակեցութիւն կառուցել։
Երկար ժամանակ է, ինչ նա սեփական կաշին փրկելու եւ իշխանութիւնը պահպանելու համար փորձում է տարածաշրջանում նոր իրողութիւն ձեւաւորել՝ զիջումների գնալով Հայաստանի թշնամիներին։ Սակայն, այս քաղաքականութիւնը չի արտացոլում տարածաշրջանի իրական իրավիճակը, եւ ոչ թէ ապահովելու է անվտանգութիւն, այլ վտանգաւոր պայմաններ է ստեղծում, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ։
Հակառակ իր խօսքին, դասեր քաղելու փոխարէն, նա մոռացել է 44-օրեայ պատերազմը, Ալիեւի եւ Էրդողանի շարունակական սպառնալիքները եւ այն փաստը, որ առնւազն առ այսօր, նրանք Հայաստանին չեն դիտարկում որպէս հարեւան, այլ որպէս խոչընդոտ։ Նման աշխարհաքաղաքական պայմաններում ռազմավարական դաշնակիցներից հրաժարւելը եւ Հայաստանը թուրքական ազդեցութեան գօտի դարձնելը՝ «իրական անկախութիւն կառուցել» չէ, դա անմիտ արկածախնդրութիւն է։
Անվտանգութիւնն ու բարգաւաճումը հիմնւած են նաեւ ուժեղ եւ իրատեսական դաշնակցային յարաբերութիւնների վրայ։ Այս համատեքստում, գիտակցելով Փաշինեանի խօսքի բուն նպատակը, կարեւոր է մատնանշել, որ Ռուսաստանն ու Իրանը ուղղակի հարեւանները չեն, նրանք Հայաստանի բնական ու պատմական դաշնակիցներն են։ Այո, այս յարաբերութիւններում, ինչպէս եւ այլ պարագաներում երբեմն լինում են նաեւ խնդիրներ եւ հակասութիւններ, բայց դրանք ընդհանրապէս մերժելը՝ յանուն անորոշ, վերացական եւ երբեմն նոյնիսկ վտանգաւոր այլընտրանքների, մի ռիսկ է, որը Հայաստանը չի կարող թոյլ տալ այսօր։ Մեզ անհրաժեշտ է վարել ճկուն եւ հաւասարակշւած արտաքին քաղաքականութիւն՝ ապահովելով մեր ազգային շահերը:
Պարզապէս Փաշինեանին պէտք է յիշեցնել, որ Հայաստանը ինչ-որ տարածք կամ մի հողակտոր չէ: այն հազարամեակների պատմութեամբ, ինքնութեամբ ու մշակոյթով մի ազգի բնօրրանն է: Հայաստանը միայն ինչ-որ աշխարհագրական միաւոր չէ: Որպէս հասկացութիւն, այն մեր ամբողջ ազգի յարատեւ պայքարի մարմնաւորումն է՝ իր պատմական, մշակութային եւ աշխարհընկալման շարունակական հիմնաւորումներով, որն ունի վերջնանպատակ՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։
Եւ այս պայքարի ճշմարիտ ուժը միասնութեան եւ ռազմավարական մտածողութեան մէջ է, որը միաժամանակ հաշւի է առնելու մեր անմիջական անվտանգային խնդիրները եւ մեր աւելի լայն, պատմական առաքելութիւնը։
Պէտք է յաւերժ մերժենք ցանկացած գաղափառախօսութիւն, որը անտեսելու է այս իրողութիւնը, քանի որ դա՝ ուղղակի քայլ է դէպի ինքնաոչնչացում։
Ի դէպ, իր վերջին յայտարարութիւնների շարանում, մի հարցում ճիշտ էր նա: Դաշնակցութիւնը երբեք պարզապէս կուսակցութիւն չի եղել: Այն գաղափար է, նւիրում, պայքար, որ միտւած է ազգային արժէքների պահպանմանն ու պետականութեան ամրապնդմանը: Այն անցել է դժւարին ճանապարհներով, իր ուսերին կրել է անկախութեան, ինքնապաշտպանութեան եւ պետականաշինութեան բեռը՝ դառնալով անփոխարինելի ուժ հայ ժողովրդի քաղաքական եւ ռազմական պատմութեան մէջ: Այնտեղ, որտեղ ուրիշները երկմտել են, Դաշնակցականները գործել են: Այնտեղ, որտեղ ուրիշները ընկրկել են, նրանք պայքարել են:
Իսկ դաշնակցականի կերպարը ցինիզմով եւ հեգնանքով ներկայացնելու փոխարէն, նա լաւ կանի աւելի խոր ուսումնասիրի դաշնակցութեան պատմութիւնը եւ միգուցէ անդրադառնայ, թէ նրանք՝ ովքեր գիտակցաբար վնասում են ազգային շահերին…
Նրանց հարցը կը թողնենք պատմութեան դատին: