ԳաղափարականՀայաստան - Արցախ

Մեր պայքարը չի դադարելու քանի դեռ Հայաստանում չի հաստատւել հայոց պետականութիւնը երաշխաւորող իշխանութիւն

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Տեւական ժամանակ է՝ ՀՀ իրաւապահ համակարգը քաղաքական իշխանութեան պատւէրով շարունակում է քաղաքական հետապնդումները՝  ապօրինի քրէական գործեր հնարելով:

Քաղաքական այս վրէժխնդրութիւնը, որի նպատակն է բոլոր միջոցներով լռեցնել հայրենադաւ իշխանութեան դէմ պայքարողներին, ոչ միայն ժողովրդավարութեան, իրաւունքի եւ օրինականութեան բացայայտ արհամարանք է, այլ նաեւ քաղաքական անբարոյականութեան ցցուն օրինակ:

Դաշնակցութեան անդամների եւ համակիրների բնակարաններում, կուսակցութեան գրասենեակներում խուզարկութիւնները, ձերբակալութիւններն ու կալանաւորումներն իրականացւում են ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 2-րդ մասի (հաւաքներին մասնակցելու համար նիւթապէս շահագրգռելը) քողի ներքոյ։ Նախաձեռնւած շինծու քրէական գործերի շրջանակներում ապօրինաբար խոչընդոտում են կուսակցութեան գործունէութիւնը՝ կազմալուծելով կուսակցութեան մարզային գրասենեակների աշխատանքը: Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալւեցին կուսակցութեան անդամ եւ համակիր հանդիսացող 12 անձ, այդ թւում՝ կուսակցութեան Գերագոյն մարմնի, ինչպէս նաեւ մարզային կառոյցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կէսից աւելին կալանաւորւեցին՝ ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանւեց տնային կալանք կամ բարձր գրաւ:

Երկամսեայ նախաքննութեան ընթացքում չյայտնաբերելով որեւէ հանգամանք, որը թէկուզ փոքր-ինչ կը վկայէր նշւած ենթադրեալ արարքում ազատութիւնից զրկւած անձանց մեղսակցութիւնը, քննչական կոմիտէն՝ գլխաւոր դատախազութեան եւ Նիկոլ Փաշինեանին հպատակ դատաւորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկէտները, նոր՝ կեղծ եւ իրականութեան հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դէպքում, երբ Քրէական օրէնսգրքի վկայակոչւած նորմը, որը ՀՀ քրէական օրէնսգրքում ներդրւել է  ՔՊ-ական իշխանութեան կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկւում է Սահմանադրական դատարանում, այլ նաեւ այս նորմի իրաւակիրառ հակաիրաւական բնոյթի մասին արձանագրել է նաեւ ԵԽԽՎ-ն՝ իր 2024 թ. յունիսի 26-ի՝ Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների վերաբերեալ բանաձեւում:

Անգամ ներկայումս առկայ ձեւկերպման պայմաններում նշւած արարքի համար նախատեսւած պատիժը սկսւում է 10,000 դրամ տուգանքից եւ առաւելագոյն պատիժը հաշւի առնելով՝ համարւում է միջին ծանրութեան յանցագործութիւն, որի համար որպէս խափանման միջոց չէր կարող կիրառւել նման երակարատեւ կալանք եւ այն էլ տեսակցութեան խստիւ սահմանափակմամբ: Աւելին՝ կալանքներ եւ տնային կալանքներ են տրւում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի եւ տեսակցութիւնների խստիւ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկւում են գոյատեւման համար անհրաժեշտ նւազագոյն եկամուտներ վաստակելու հնարաւորութիւնից: Եթէ սրան էլ աւելացնենք այն, որ մի շարք դէպքերում քրէական վարոյթ իրականացնող մարմինը անյաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում անգամ մարդկանց նւազագոյն դրամական միջոցների հասանելիութեանը, որոնք պէտք է ուղղւեն վարկային պարտաւորութիւնների կատարմանը, ապա անձանց եւ նրանց ընտանիքների խոշտանգումը ամբողջական կը դառնայ:

Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք Հայաստանում հաստատւած քաղաքական ռեժիմի եւ նրան հպատակ իրաւական մի համակարգի հետ, որի համար չկան նւազագոյն իրաւական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներ:

Առ այդ, խստիւ դատապարտելով նման վարքագիծը՝ տեղական եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների, ժողովրդավարութեան եւ իրաւունքի գերակայ խնդիրներով զբաղւող կառոյցների ու դեսպանատների ուշադրութիւնն ենք հրաւիրում հակաժողովրդավար, հակաիրաւական եւ հակաբորայական այս երեւոյթների եւ այն առաջ տանող Հայաստանում գործող իրաւաքաղաքական ռեժիմի ցուցաբերած գործելակերպի վրայ:

Միաժամանակ ի լուր բոլորի յայտարարում ենք. մեր պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատւել հայոց պետականութիւնն ու անվտանգութիւնը երաշխաւորող, ժողովրդավարութիւնը, մարդու հիմնական իրաւունքներն ու ազատութիւններն ապահովւող իշխանութիւն:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

14.08.2024թ.

Related Articles

Back to top button