Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի դամբանականը

Մարդիկ ովքեր աշխարհը շալակած են տանում
Կան անհատներ, որոնց կենսագրութիւնը հնարաւոր չէ սահմանափակել մասնագիտութեան, պաշտօնի կամ հասարակական գործունէութեան շրջանակներում։ Նրանք իրենց ապրած կեանքով մարմնաւորում են ազգային ծառայութեան մի ամբողջ գաղափար՝ համոզումի անսակարկութիւն, պատասխանատւութեան խոր զգացում եւ նւիրում՝ առանց հաշւարկի։ Ընկեր Վարուժան Առաքելեանը այդ անհատականութիւններից էր։
Ծնւած լինելով Թաւրիզում՝ 1934 թւականին, նա իր մասնագիտական գիտելիքներն ու մարդկային կարողութիւնները ծառայեցրեց ոչ միայն ճարտարապետութեանը, այլեւ հայ ժողովրդի պատմական յիշողութեան պահպանման գործին։ Նրա համար հայկական վանքերն ու եկեղեցիները սոսկ պատմական կառոյցներ չէին. դրանք ազգային գոյութեան, հաւատքի, մշակոյթի եւ դարերի միջով անցած հայ ներկայութեան անխօս վկաներն էին։ Եւ այդ վկաներին պահպանելու համար ընկեր Վարուժանը չխնայեց ո՛չ իր ժամանակը, ո՛չ գիտելիքը, ո՛չ էլ անձնական միջոցները։
Սուրբ Թադէի եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքերի պահպանութեան աշխատանքներից մինչեւ Ծոր Ծորի Սուրբ Աստւածածին մատուռի վերականգնումն ու տեղափոխումը՝ նրա գործունէութիւնը դարձաւ ազգային ժառանգութեան պահպանման հետեւողական պայքարի օրինակ։ Յատկապէս Ծոր Ծորի եկեղեցու փրկութեան ու վերակառուցման գործում նրա անմիջական մասնակցութիւնը վկայում է այն վճռականութեան մասին, որով նա դիմագրաւում էր նոյնիսկ ամենաբարդ խնդիրները։ Նա գիտէր, որ երբեմն պատմութեան մէկ քարը փրկելը նշանակում է փրկել մի ամբողջ ժողովրդի յիշողութեան էջ։
Սակայն ընկեր Վարուժանը միայն ճարտարապետ չէր։ Նա ազգային-հասարակական կեանքի կազմակերպիչ էր, համայնքային կառոյցներում պատասխանատւութիւն ստանձնած գործիչ եւ ազգային գաղափարներով առաջնորդւող անհատ։ Թաւրիզի Հ. Մ. «Արարատ» Կ. մասնաճիւղի հիմնադրումից ու ղեկավարումից մինչեւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախագահութիւնից եւ Ազգային մշակութային կառոյցների գործունէութիւնը՝ նա իր մասնակցութիւնն էր բերում հայ կեանքի ամրապնդմանն ու կազմակերպմանը։ Նրա համար ազգային կառոյցը պաշտօնների ամբողջութիւն չէր, այլ ժողովրդի ինքնակազմակերպման եւ յարատեւութեան կարեւորագոյն միջոց։
Ընկեր Վարուժանի կերպարի մէջ առանձնապէս գնահատելի էր սկզբունքայնութեան եւ համեստութեան միաձուլումը։ Նա իր համոզումներն առաջ էր տանում ոչ թէ բարձրաձայն ինքնահաստատմամբ, այլ գործով, հետեւողականութեամբ եւ անձնական օրինակով։ Նրա ազգային մտածողութիւնը չէր սահմանափակւում անցեալի փառքը պահպանելով. այն ուղղւած էր նաեւ ապագային՝ նոր սերունդներին փոխանցելու հայոց պատմութեան, մշակոյթի եւ ինքնութեան գիտակցութիւնը։
Այսօր, երբ հրաժեշտ ենք տալիս ընկեր Վարուժան Առաքելեանին, հրաժեշտ ենք տալիս մի մարդու, որի կեանքում ազգային ծառայութիւնը վերածւել էր սկզբունքի, իսկ սկզբունքը՝ ամենօրեայ աշխատանքի։ Նրա բացակայութիւնը զգալի է լինելու ոչ միայն հարազատների ու ընկերների, այլեւ ամբողջ իրանահայութեան եւ ազգային կեանքի համար։
Ընկեր Վարուժանը հեռանում է, բայց նրա գործը մնում է՝ որպէս չափանիշ, որպէս յիշողութիւն եւ որպէս պարտաւորութիւն։ Նրա նմանների թողած ժառանգութիւնը պահանջում է ոչ միայն յարգանքի խօսքեր, այլեւ շարունակութիւն։
ՀՅԴ մեծ ընտանիքը եւ իրանահայութիւնը խոնարհւում են ընկեր Վարուժան Առաքելեանի յիշատակի առջեւ։ Նրա անցած ճանապարհը վկայութիւնն է այն ճշմարտութեան, որ ազգին ծառայելը կոչում է, իսկ այդ կոչմանը հաւատարիմ մնալը՝ կեանքի արժանապատւութիւն։ Ինչպէս որ երդւել էր…



