ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՇԱՔԻ. Ո՞Վ Է ՓԱԿՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ» ՀԱՇԻՒԸ

ՀԱՏԻՍ

 

Շաքիի դէպքը Հայաստանի իշխանութիւնների համար հերթական անյարմար լուրը չէ, որը կարելի էր փակել մի քանի պաշտօնական յայտարարութեամբ։ Այն բացել է այն վէրքը, որը «նոր վիրակապ» դնելով չես ծածկի: Ի՞նչ արժէ խաղաղութեան մասին խօսոյթը, երբ զինւած ադրբեջանցին կարողանում է ներխուժել հայկական ընտանիքի տուն, կրակել երեխաներին պաշտպանած մօր վրայ եւ հրազէնային վիրաւորում հասցնել նաեւ  երեխաներին։

Հեշտ է ընթերցւում. «Հոկտեմբերի 1-ին Սիւնիքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւը ներխուժել է հայ ընտանիքի տուն։ Անի Աւետիսեանը փորձել է պաշտպանել երեխաներին՝ սեփական մարմնով փակելով զէնքի փողը։ Կրակոցների հետեւանքով կինը ծանր վիրաւորւել է, կորցրել ձեռքի երեք մատները, իսկ նրա 15-ամեայ որդին ստացել է դաստակի կոտրւածք (կամ հրազէնային վիրաւորում, ով գիտէ)»։

Սա սահմանային միջադէպի վերացական նկարագրութիւն չէ։ Սա տուն է, որտեղ երեխաները պէտք է ապահով զգան իրենց, եւ մայր, որը ստիպւած եղաւ սեփական մարմնով փակել երեխաներին ուղղւած գնդակի ճանապարհը։ Իսկ խաղաղութեան մասին բարձրաձայն խօսողների անելիքը հերթական անգամ «սեփական աղբը տան գորգի տակ թաքցնելն էր»:

Հարցը միայն այն չէ, թէ ինչպէս զինւած թուրք է յայտնւել Հայաստանի տարածքում։ Հարցն այն է, թէ ինչո՞ւ վտանգի մասին տեղեկութիւն ունեցող պետական համակարգը չկարողացաւ կանխել յարձակումը։

Ինչո՞ւ բնակիչները նախապէս չէին զգուշացւել։ Ինչպէ՞ս էին կազմակերպւել որոնողական աշխատանքները։ Ի՞նչ միջոցներ էին ձեռնարկւել՝ երեխաներին եւ ընտանիքներին պաշտպանելու համար։

Հայաստանի իշխանութիւնը պարտաւոր է պատասխանել այս հարցերին փաստերով, ոչ թէ դէմքի միմիկաներով ու հարցնողին սպառնալով, որ «քթերքից հանելու է»։ Անվտանգութեան մարմինների գործը միայն վտանգի մասին տեղեկութիւն ստանալը չէ։ Նրանց պարտականութիւնն այդ տեղեկութիւնը գործնական քայլերի վերածելն է՝ վտանգը կանխելու, ոչ թէ միայն դրա հետեւանքներն արձանագրելու համար։

 

Ով է փակում սեղանի հաշիւը

Իշխանութիւնը խաղաղութիւնը ներկայացնում է որպէս իր քաղաքականութեան հիմնական նպատակ։ Բայց խաղաղութիւնը չի կարող չափւել միայն բանակցային ժպիտներով, յայտարարութիւններով կամ քարտէզների վրայ գծւած դեռեւս անորոշ սահմաններով։

Երբ «Իրական Հայաստան»-ի ջատագովները հասարակութիւնից պահանջում են ընդունել նոր իրականութիւնը,  պարտաւոր են պատասխանել՝ ի՞նչ երաշխիքներ են տալիս այդ իրականութեան մէջ ապրող մարդուն։ Որ իր երեխաները դպրոցից տուն անվտանգ կը վերադառնա՞ն։ Որ պետական մարմիններն արդեօք ժամանակին կը գործե՞ն, երբ վտանգի մասին տեղեկութիւնն արդէն ունեն։

Արցախի կորուստը Հայաստանի անվտանգութեան հետ կապ չունեցող համարող իշխանական մտածողութեան համար նոյնիսկ, Շաքիի դէպքը գուցէ խաղաղութեան գործընթացի ձախողման ապացոյց չէ։ Չնայած  այն բացայայտում է այդ գործընթացի ամենակարեւոր չափանիշներից մէկը՝ արդեօք հայաստանցի երեխաներն աւելի ապահով են դարձել խաղաղութեան խօսոյթով…

 

Պատասխանատուութիւնը ոչ թէ աւարտւում, այլ սկսւում է ձերբակալութիւնից յետոյ

Ադրբեջանցի զինծառայողի ձերբակալութիւնը անհրաժեշտ քայլ էր, բայց այն դեռ չի նշանակում, որ պետութիւնը կատարել է վտանգը կանխելու իր պարտականութիւնը։ Քննութիւնը պէտք է պարզի ոչ միայն զինւած ներխուժողի գործողութիւնները, այլեւ այն, թէ ինչպէս է պետական համակարգն արձագանգում նախապէս ստացած տեղեկութեանը։ Պէտք է նաեւ պատասխան տրւի Հայաստանի տարածք ադրբեջանցիների նախկին ներթափանցումների եւ դրանց արտայանձնումների վերաբերեալ, յատկապէս այն դէպքերում, երբ դրանք աւարտւել են սպանութեամբ։

Քաղաքակիրթ պետութիւններում խաղաղութեան մասին խօսոյթը չի կարող վերածւել  վահանի, որի հետեւում թաքցւում են անվտանգային ձախողումները։ Ոչ մի դիւանագիտական գործընթաց չի վերացնում պետութեան պարտականութիւնը պաշտպանելու սեփական քաղաքացիներին, իսկ յանցագործի պատասխանատուութիւնը չի կարող կեղտալւայ արւել անորոշ խաղաղութեան խոստումներով։

Շաքիի դէպքը նաեւ քաղաքական պատասխանատւութեան հարց է։ Երբ իշխանութիւնը կենտրոնանում է տուժած կնոջ « ագրեսիւ վարքագծի քննարկման» վրայ, հասարակութիւնն իրաւունք ունի պահանջելու, որ նոյն խստութեամբ քննարկւեն նաեւ պետական համակարգի գործողութիւնները։

Խաղաղութեան հաշիւը չի կարող փակել քաղաքացին սեփական երեխայի կեանքի գնով: Եւ եթէ ՀՀ  իշխանութիւնը պնդում է, որ երկիրը տանում է դէպի խաղաղութիւն, թող նախ բացատրի՝ ինչո՞ւ այդ խաղաղութեան ճանապարհին հայ մայրը ստիպւած եղաւ սեփական մարմնով պաշտպանել երեխաներին զինւած ադրբեջանցուց։

Related Articles

Back to top button