Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Հայկ Նահապետեան. «Տարածաշրջանը պայթելու վտանգի առաջ է. Ադրբեջանը ՀՀ իշխանութիւններին թելադրում է կապիտուլիացիոն փաստաթղթի կէտերը»

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանութիւնները՝ Ալիեւի գլխաւորութեամբ, կրկին սկսել են խօսել Հայաստանի ապառազմականացման, «Արեւմտեան Ադրբեջան» վերադառնալու, ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու եւ այլ պահանջների մասին։

Անվտանգութեան եւ ռազմական հարցերի փորձագէտ Հայկ Նահապետեանը ցաւով է արձանագրում, որ եթէ ՀՀ-ում շարունակեն պաշտօնավարել ներկայիս իշխանութիւնները, ապա Ադրբեջանն իր այս բոլոր պահանջները պարտադրելու է, այդ թւում՝ փոխհատուցում, ռազմական տուգանք եւ այլն։

«Շուտով Ալիեւը Հայաստան կը բերի մի քանի հազար ադրբեջանցիների ու կը ստիպի ապահովել նրանց անվտանգութիւնը, ինչը, բնականաբար, չպէտք է ապահովի Հայաստանը, այլ Ադրբեջանին բարեկամ երկիր՝ Թուրքիան։ Այսինքն՝ հիմա Ադրբեջանը Հայաստանի իշխանութիւններին թելադրում է կապիտուլիացիոն փաստաթղթի կէտերը՝ դա ապահովելով ռազմական գործողութիւններ սկսելու սպառնալիքով։ Եթէ Հայաստանն այդ պահանջները չի ապահովում, ապա Ադրբեջանը տարբեր պատրւակներով կարող է սկսել ռազմական գործողութիւններ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Հայկ Նահապետեանը։

Ըստ նրա՝ 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ հայկական բանակն օրւայ իշխանութիւնները չեն բերել այն տեսքի, որպէսզի երկիրը կարողանայ դիւրին կերպով դիմագրաւել Ադրբեջանի ագրեսիան, որի ցուցիչը 2022 թւականի Ջերմուկի մարտերն էին։

«Այստեղ ես չեմ խօսում մեր զինւորի ու սպայի մարտական ոգու, արիութեան, մոտիւացիայի մասին, նրանք այդ ամէնն ունեն։ Նկատի ունեմ քաղաքական կամքի բացակայութիւնը, իշխանութիւնների անկազմակերպ լինելը, կադրային սխալ քաղաքականութիւնը, դաշնակիցներին մէկը միւսի յետեւից կորցնելը։ ՀՀ իշխանութիւնների քաղաքականութեան պատճառով երկիրը կորցնում է Ռուսաստանին՝ որպէս դաշնակից, նաեւ Իրանին, որը պարբերաբար առաջարկում է ռազմատեխնիկական լրջագոյն համագործակցութիւն։ Բնականաբար, դա Արեւմուտքին ձեռնտու չէ, իսկ Փաշինեանը, լինելով Արեւմուտքի դրածո՝ այդ ամէնը չէզոքացնում է՝ վանում։ Իրանի հետ այս ոլորտում որեւէ պայմանագիր չի կնքելու, սա արդէն հասկանալի է։

Հիմա հարց՝ ի՞նչը կարող է Ալիեւին խանգարել իր պահանջները կատարել՝ միակ գործօնը մեր բանակն է, որը, ինչպէս նշեցի՝ իշխանութիւնները բաւարար պատրաստութեան չեն բերել»,- յաւելել է փորձագէտը։

Նա նաեւ նկատել է՝ Հայաստանը շատ դիւրին կերպով չէզոքացնում է նաեւ միջնորդ պետութեանը, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրել է չորս եռակողմ յայտարարութիւններ։

«Հիմնական խնդիրն իշխանութիւնների համար ռուսական միջնորդութիւնից հրաժարւելն էր, հիմա Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ համաձայն են Թուրքիայի միջնորդութեանը, որի վերաբերեալ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավարներն ակնարկել են»,- ընդգծել է փորձագէտը։

Հայկ Նահապետեանը նաեւ յիշեցրել է՝ 2022 թւականի սեպտեմբերի ագրեսիայից առաջ Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատւութիւն էր տարածում, թէ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ՝ հող նախապատրաստելով յարձակման համար։ Հետեւաբար՝ ագրեսիայի հաւանականութիւնը հասկանալու համար, պէտք է դիտարկել Ադրբեջանի կողմից տարածւող ապատեղեկատւութեան ինտենսիւութիւնը։

«Այսօր Ադրբեջանից զատ, նաեւ մէկ այլ վտանգաւոր բան է տեղի ունենում՝ Իսրայէլի բանակը ցամաքային յարձակում է սկսել Լիբանանում։ Այսպիսով՝ Իսրայէլը սադրում է, որպեսզի Իրանը մտնի ռազմական գործողութիւնների մէջ, սա նաեւ Միացեալ Նահանգների ցանկութիւնն է։

Տեսականօրէն պատկերացրէք, եթէ Իրանը մտնում է ռազմական գործողութիւնների մէջ, ապա մեր ամբողջ տարածաշրջանը պայթելու է։ Իրանի հնարաւոր պատերազմի մէջ ներքաշւելու դէպքում Միացեալ Նահանգներն Ադրբեջանից կը խնդրի տարածք՝ Իրանին հարւածելու համար, դրա դիմաց Ադրբեջանը գին է պահանջելու, Միացեալ Նահանգներն էլ ամբողջ Հայաստանով է վճարելու»,- եզրափակել է Հայկ Նահապետեանը։

Related Articles

Back to top button