Հրաչ Վարժապետեան. «Վեհափառի այցը Մարսէլ եւ տեղի իշխանութեան ընդունելութիւնը մեսիջ էր ուղղւած Հայաստանի իշխանութեանը»

«ԱԼԻՔ» – «Ֆրանսիան, որպէս Սփիւռքի ամենամեծ գաղութներից մէկը, փաստացի Վեհափառի այցելութեամբ ցոյց տւեց, որ դէմ է եկեղեցու շուրջ տեղի ունեցողին ու երբեք չի աջակցի Հայաստանի իշխանութեան որդեգրած քաղաքականութեանը»: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Արեւմտեան Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը:
«Երբ Վեհափառը Մարսէլ այցելեց, տեսանք, թէ երկրի պետական կառավարման շրջանակներն ինչ մեծ շուքով ընդունեցին նրան, սա նաեւ որոշակի մեսիջ էր ուղղւած Հայաստանի իշխանութեանը, Ֆրանսիայի՝ պետական կառոյցից, որ իրենք չեն ընդունում այն, ինչ կատարւում է եկեղեցու շուրջ»,- նկատել է Հրաչ Վարժապետեանը:
Նա նաեւ նշել է, որ Փաշինեանի եկեղեցահալած քաղաքականութիւնն անընդունելի է, Սփիւռքը երբեք չի ընդունի ու չի աջակցի եկեղեցին ու հաւատը արատաւորող արշաւին:
«Սփիւռքը մեծ մտահոգութեամբ է յետեւում Հայաստանում կատարւող իրադարձութիւններին: Նախ հայ մարդը երբեք չի կարող այս ամէնն ընդունել՝ անկախ նրանից հաւատացեա՞լ է, թէ՝ ոչ: Սա քրիստոնէական հաւատքի խնդիր չէ, սա քրիստոնէական կառոյցին ուղիղ հարւած է»,- ընդգծել է Վարժապետեանը:



