Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Խաղաղութեան գինը. Հայաստանի նոր անցումները եւ դերակատարների մրցավարութիւնը Կովկասում

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ

Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս

 

Երեւանի վերջին քաղաքական զարգացումները վկայում են, որ Հայաստանը մտնում է պետականութեան վերաիմաստաւորման նոր փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին ելոյթը, որը ներկայացւեց մեծաթիւ պետական ծառայողների փակ հանդիպման ընթացքում, մատնանշեց իշխանութեան՝ երկրի պատմական ինքնութեան, սահմանադրական կառոյցի եւ աշխարհաքաղաքական կողմնորոշման վերանայման մտադրութիւնը։ Այս գործընթացը ոչ միայն ներքին իրաւաքաղաքական վերադասաւորումների մասին է, այլ նաեւ տարածաշրջանային հաւասարակշռութեան վրայ ազդեցիկ մի շարք նախաձեռնութիւնների համատեքստ։

Վարչապետի ուղերձի առանցքում կանգնած էր սահմանադրական հանրաքւէի հետաձգման մասին յայտարարութիւնը, որն ըստ ընդդիմադիր գնահատականների՝ նպատակ ունի ընտրական մանդատ ստանալ, այնուհետեւ ապահովել Սահմանադրութեան այն դրոյթների փոփոխութիւնը, որոնք Ադրբեջանը համարում է խաղաղութեան պայմանագրի հիմնական խոչընդոտը։ Երեւանը փաստացի պատրաստ է signal-ներ ուղարկել, որը կարող է ընդունել 1991 թ. սահմանների իրաւական հիմքը՝ հրաժարւելով պատմական պահանջատիրութեան նշումներից, ինչը հնարաւորութիւն կը տայ բացել բանակցութիւնների նոր փուլ։

Այս փոփոխութիւնների արդարացումը ներկայացւում է «պետական գոյատեւման երկարաժամկէտ հաշւարկներով», սակայն քննադատները դա դիտարկում են որպէս արտաքին ճնշումների ներքոյ իրականացւող քաղաքական զիջումների փաթեթ՝ զետեղւած ժողովրդավարական լեգիտիմութեան լեզւով։ Ըստ այդ մեկնաբանութիւնների, իշխանութիւնը փորձում է սահմանադրական փոփոխութիւնների պատասխանատւութիւնը մասամբ տեղափոխել հանրաքւէի միջոցով հաւաքւած հանրային հաւանութեան վրայ, ինչն էլ Բաքու-Անկարա տանդեմի ակնկալիքներից է։

Միեւնոյն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսը զգալիօրէն տեղափոխւում է Արեւմուտքի ուղղութեամբ։ Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ կնքւած պաշտպանական պայմանագրերը, ինչպէս նաեւ ռուսական անվտանգութեան համակարգերից աստիճանական հեռացումը, ձեւաւորում են անվտանգութեան նոր մոդել, որի նպատակն է Հայաստանի սպառազինութեան բազմազանեցումը եւ դիւանագիտական կշռի բարձրացումը։ Սակայն այս շրջադարձը մեծացնում է ռիսկերը՝ Հայաստանը մտցնելով Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի մրցակցութեան առանցք, որտեղ իւրաքանչիւր քայլ կարող է բերել նոր անկայունութեան ալիք։

Այս համատեքստում ենք նաեւ հանդիպում «Թրամփի երթուղու» կամ Վաշինգտոնի կողմից վերապարփակւած TRIPP նախաձեռնութեան շուրջ քննարկումներին։ Զանգեզուրի միջանցքի տարբերակի այս նոր ձեւակերպումը, ըստ վերլուծաբանների, շատ աւելի լայն նպատակ ունի, քան դասական լոգիստիկ նախագիծը։ Այն դիտւում է որպէս ԱՄՆ-ի փորձ՝ ուժեղացնելու իր ներկայութիւնը Իրանի հիւսիսային սահմաններին եւ սահմանափակելու Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։ Խնդիրն այն է, որ նախագծի տեխնիկական եւ իրաւական պայմանները՝ երթուղու իրաւական կարգավիճակը, անվտանգութեան ռեժիմը եւ կառավարումը, դեռեւս չեն ստացել կողմերի համար ընդունելի լուծումներ։

Վրաստանում TRIPP-ի շուրջ ընթանում է երկակի ընկալում. մի հատւածը դիտում է այն որպէս տնտեսական շանս, միւսը՝ որպէս քաղաքական վտանգ՝ հաշւի առնելով Ռուսաստանի եւ Իրանի բացասական դիրքորոշումը, ինչպէս նաեւ տարածաշրջանի ներքին կայունութեան հանդէպ հնարաւոր ազդեցութիւնները։

Այս ամէնի կողքին Հարաւային Կովկասում սկսում է աւելի նկատելի դառնալ Չինաստանի դերը։ «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան շրջանակում չինա-հայկական առեւտրաշրջանառութեան եռակի աճը, ենթակառուցւածքային համատեղ ծրագրերը եւ վերջերս հաստատւած ռազմաւարական գործընկերութեան մակարդակը ձեւաւորում են Երեւանի համար այլընտրանքային տնտեսական եւ տեխնոլոգիական ուղի։ Պեկինի մօտեցումը հիմնւած է համագործակցութեան եւ փոխշահաւէտ կապերի վրայ, եւ չինացի վերլուծաբանները Հայաստանը դիտում են որպէս տարածաշրջանային հանգոյց՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ կապեր ստեղծելու համար։

Չինաստանի ընդգծւած տնտեսական ներկայութիւնը անուղղակիօրէն հակակշռում է տարածաշրջանում ԱՄՆ–Ռուսաստան հակամարտութեանը, միաժամանակ Հայաստանին առաջարկելով բազմավեկտոր քաղաքականութեան հնարաւորութիւններ։ Սակայն ցանկացած բազմավեկտորութիւն պահանջում է զուսպ հաշւարկներ, քանի որ այդ ճանապարհը կարող է խորացնել մրցակցութիւնը արտաքին մեծ դերակատարների միջեւ։

Ընդհանուր պատկերն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է իր նոր աշխարհաքաղաքական դիրքի ձեւաւորման շեմին։ Մի կողմից՝ իշխանութիւնը փորձում է ապահովել այսպէս կոչւած խաղաղութիւն՝ վերանայելով պատմական ու իրաւական շրջանակները, միւս կողմից՝ տարածաշրջանային մրցակցող նախագծերը խտացնում են ճնշումները։

Այս դինամիկայում հարցը միայն այն չէ, թէ Հայաստանը որ ուղղութեամբ կը սահի՝ Արեւմուտք, Արեւելք, թէ բազմավեկտորութիւն։ Գլխաւոր խնդիրը կայանում է նրանում, թէ արդեօք Երեւանը կը կարողանայ պահպանել իր սուբիեկտայնութիւնը այն պահին, երբ Հարաւային Կովկասը վերածւել է փոխադարձ մրցակցութեան կոնցենտրացիոն գօտու։ Մի գուցէ յաջորդ ամիսները կամ «տարիները» պարզեն այս հարցը: Սակայն այս գործընթացը կամ կը բերի «կախեալ» կայունութիւն` նոր տնտեսական հնարաւորութիւններով, կամ էլ խորացում կունենան անվտանգային ճգնաժամերը՝ ինչպիսին է «պետականութեան» պահպանումը՝ տարածաշրջանը դարձնելով մեծ խաղացողների դիմակայութեան առանցք։

Related Articles

Back to top button