Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կիրօ Մանոյեան. «Այն, ինչ այսօր կատարւում է Եկեղեցու դէմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքական ուղեգծին»

«ԱԼԻՔ» – «Այն, ինչ այսօր կատարւում է եկեղեցու դէմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքական ուղեգծին՝ հարւածել մեր ազգային հարստութեանը, ազգային արժէքներին»: «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

Արդեօք Սփիւռքն այս հարցում միասնական կարծիք ունի՞ հարցին Մանոյեանը պատասխանել է՝ նշելով, որ հնարաւոր չէ ունենալ մէկ միասնական կարծիք, քանի որ Սփիւռքը մէկ կառոյց չէ, եւ կան տարբեր տեսակէտներ։

«Դրանով հանդերձ Սփիւռքը՝ որպէս ամբողջութիւն, կարծում եմ՝ Եկեղեցու դերը աւելի լաւ է ճանաչում. ինքն իր գոյութիւնը պահպանել է մի քանի կառոյցի շնորհիւ, որոնցից հիմնականը Եկեղեցին է եղել։ Ուրեմն եւ անհանգիստ է Սփիւռքը, որ նման վերաբերմունք կայ Հայաստանում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նկատմամբ»,- նշել է Մանոյեանը։

Նրա խօսքով՝ իշխանութիւնները վատ են զգում, որ կայ մի համահայկական կառոյց՝ ի դէմս Եկեղեցու, որը վայելում է ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնը։

Մանոյեանը հնարաւոր չի համարում Եկեղեցու պառակտումը եւ հակաթոռի ստեղծումը, թէեւ չի բացառում, որ նման փորձեր կը լինեն։

«Դա ծիծաղելի բան է, դա ոչինչ չի տայ. իրական պառակտում թեմերի մէջ չի լինի կամ հակառակ կեցւածք չի որդեգրւի։ Խօսւում էի Միացեեալ Նահանգների արեւմտեան թեմի մասին եւ այն մասին, որ Յովնան արքեպիսկոպոսն է Կաթողիկոսի՝ իշխանութեան թեկնածուն։ Հաւանաբար դա է պատճառը, որ նա հրապարակային դեռ ոչինչ չի ասել, թէեւ իր անունը յայտնի ցուցակի մէջ կար, սակայն չէր ստորագրել։ Կարծես այդպիսով տեղ է թողնում յետ գալու»,- ընդգծել է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարը։

Բացի այդ, նա յիշեցրել է, որ այս օրերին պիտի կայանայ եպիսկոպոսաց ժողովը, որը շատ հարցերի պատասխան կը տայ, սակայն ակնյայտ է, որ իշխանութիւնն ամէն ինչ անում է, որպէսզի այդ ժողովից բացակայեն սկզբունքային կեցւածք ցուցաբերած բոլոր եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները։

Related Articles

Back to top button