Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Հայ Առաքելական եկեղեցու դէմ արշաւն աւելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակութիւնը»

«ԱԼԻՔ» «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասաւորների  դէմ հալածանքները  Սահմանադութեան նորմերի եւ իրաւական կարգի կոպիտ խախտում է։ Այն յանցակազմ է պարունակում թէ՛ ՀՀ Օրէնսդրութեամբ, թէ՛ միջազգային  կոնւենցիաներով։

Կատարւողը նաեւ պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

Նա մասնաւորապէս գրել է.

«Մի քանի դիտարկում կամ իրաւական լիկբեզ քաղաքական մեծամասնութեան որոշ ներկայացուցիչների եւ այլ մոլորւածների համար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու  նրա սպասաւորների  դէմ հալածանքները Սահմանադութեան նորմերի եւ իրաւական կարգի կոպիտ խախտում է։ Այն յանցակազմ է պարունակում թէ՛ ՀՀ Օրէնսդրութեամբ, թէ՛ միջազգային  կոնւենցիաներով։

Կատարւողը նաեւ պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։

Որոշ   ՔՊ-ական պատգամաւորներ փորձում են ՀԱ Եկեղեցին ներկայացնել որպէս սովորական կրօնական կազմակերպութիւնները։  Սա ոչ միայն իրաւական տգիտութիւն է, այլեւ՝ նրա պատմական դերի եւ առաքելութեան նւաստացում, ազգային զգացումների կոպիտ ոտնահարում։

Այսպէս՝

Հայ Առաքելական եկեղեցու ՅԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ամրագրւած է ՀՀ Սահմանադրութեան մէջ: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թէ սովորական կրօնական կազմակերպութիւն է, այլ՝ ազգային եկեղեցի։ Նրա բացառիկութիւնն արտացոլւած է ՀՀ Սահմանադրութեան 18-րդ յօդւածում, որտեղ մասնաւորապէս ասւում է. «Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում»:

Պետութեան եւ եկեղեցու յարաբերութիւնները կարգաւորւում են նաեւ «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին» ՀՀ օրէնքով, որի մի շարք յօդւածներում եւս տարանջատւած են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպէս ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ եւ առհասարակ կրօնական կազմակերպութիւնները։

Վերոյիշեալ օրէնքով եւս «…գնահատելով հայ ժողովրդի հոգեւոր կեանքում եկեղեցու դարաւոր հոգեւոր փորձն ու աւանդոյթները, Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին ճանաչւում է որպէս հայ ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, նրա հոգեւոր կեանքի շինութեան ու ազգապահպանման կարեւոր պատւար….»։

Սոյն օրէնքի յօդւած 17-ում՝ ի թիւս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրւած են՝ եկեղեցու եւ պետութեան տարանջատումը, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՈՒԹՈՒՆԸ, նրա կողմից իրականացւող մի շարք առաքելութիւնների իրագործման խոչընդոտման արգելքը։

Այս օրէնքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահւած պետական կրթական հաստատութիւններում հայ ժողովրդի հոգեւոր կրթութեանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

Ի դէպ, այս օրէնքով «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպէս ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետութեան տարածքից դուրս, ենթակայ է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեանը` միջազգային իրաւական նորմերի սահմաններում»:

Հայ Առաքելական Եկեղեցին դասելով այլ կրօնական կազմակերպութիւնների շարքին՝ յանցաւոր  դիտաւորութեամբ, տգիտութեամբ կամ գիտակցաբար ու դաւադրաբար, նւաստացնում են Հայ Առաքելական Եկեղեցու դարաւոր դերակատարութիւնն ու հայ ժողովրդի պատմութեան 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարութիւնը։

Իշխանական պատգամաւորների այս խօսոյթը տեղաւորւում է Հայ Առաքելական Եկեղեցին թիրախաւորելու՝ 1937 թ․ ռեպրեսիւ ձեռագրի մէջ, …Մեր եկեղեցին իր պատմութեան ընթացքում այսպիսի հալածանքների են արժանացրել  թուրք քոչւորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները…»:

Հայ Առաքելական Եկեղեցու դէմ արշաւն աւելին է, քան Հայ Եկեղեցու նկատմամբ ասպատակութիւնը։ Սա ուղիղ հարւած է մեր ժողովրդին, նրա ամենահզօր ազգային ինստիտուտին եւ պարզապէս մեր ինքնութեանը, միասնականութեանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատւէր՝ աւելի թուլացնել պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակութեանը։ Այս տեսակէտը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական- արժէհամակարգային որոշում է, աւելի շուտ՝ դատավճիռ ընդդէմ եկեղեցու:

«Շողակաթ»-ն ու եկեղեցին իշխանութիւնների թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկոյթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղէտ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ»:

Related Articles

Back to top button