Գառնիկ Դանիէլեան. «Հոգեւոր հայրերը որեւէ պահի չեն տրտնջում. շարունակում են իրենց աղօթքներն ուղղել մեր ժողովրդի համար»

«ԱԼԻՔ» – «Սրբազանների կոչը մնում է նոյնը. համախմբւել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ եւ որեւէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատւելն անկարելի է ինքնութեան համար տարւող այս պատերազմում»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, ով ՀՀ ԱԱԾ մեկուսարանում տեսկացել է Միքայէլ եւ Բագրատ Սրբազաններին:
«Ինչպէս արձանագրել եմ բազմիցս, մեր հոգեւոր հայրերն օժտւած են զարմանալի տոկունութեամբ, կամքով եւ վճռականութեամբ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունենալով այսպիսի նւիրեալ բարձրաստիճան հոգեւորականներ՝ չի կարող պարտւել իշխանութիւնների հրահրած ճակատամարտում: Այս ծանր օրերին, երբ մեր ազգային եկեղեցին ենթարկւում է ասպատակութիւնների, այսպիսի մարդիկ խարիսխ ու յենասիւն են մեր արժեհամակարգն ու պետութիւնը պահպանելու արդարացի պայքարում:
Սրբազանների կոչը մնում է նոյնը. համախմբւել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ եւ որեւէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատւելն անկարելի է ինքնութեան համար տարւող այս պատերազմում:
Թէեւ առողջական խնդիրներին եւ պահման ոչ բաւարար պայմաններին՝ հոգեւոր հայրերը որեւէ պահի չեն տրտնջում: Շարունակում են իրենց աղօթքներն ուղղել մեր ժողովրդի, պետութեան անսասանութեանը:
Օրւայ իշխանութիւն հանդիսացող խմբակին չի՛ յաջողւել եւ չի՛ յաջողւելու հալածանքներով, բանտարկութիւններով ընկճել անսասան ոգու տէր բարձրաստիճան հոգեւորականներին: Այս ճղճիմ քաղաքականութիւնը վնասելու է միայն իրենց եւ մօտեցնելու է արդարութեան յաղթանակի ժամը:
Այսօր Գիւմրու Սուրբ Աստւածածին Մայր եկեղեցում (Եօթ Վէրք) տեղի ունեցաւ միասնական աղօթք՝ յաջակցութիւն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի:
ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ժամերն անցան րոպէների պէս: Մշտապէս հետաքրքիր է լսել հոգեւոր հայրերի խօսքը, պատգամները:
Հաւատաւոր հայ ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին, սիրելի՛ Սրբազաններ:
«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատւիրանների մասին»
(Սաղմոս Ա 1-2)»,- գրել է նա:



