Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքւում պահւող հայ գերիները ենթարկւում են անմարդկային կտտանքների

Բաց նամակ՝ միջազգային հանրութեանը

«ԱԼԻՔ» – Բաքւում պահւող հայ գերիների անմարդկային պայմանների վերաբերեալ «Ապրելու երկիր» կուսակցութեան քաղաքական խորհրդի անդամ Դաւիթ Մանուկեանը բաց նամակ է գրել միջազգային հանրութեանը:

Նամակում մասնաւորապէս նշւած է.

«2020 թւականին, Ադրբեջանը սկսեց լայնածաւալ ռազմական յարձակում Արցախի Հանրապետութեան դէմ։ Օգտւելով միջազգային հանրութեան լռութիւնից ադրբեջանական զինւած ուժերը օկուպացրեցին ողջ Արցախը, իսկ բնակչութեանը ենթարկելով անմարդկային հալածանքների ամբողջութեամբ վտարեցին իրենց հայրենիքից։ Սա Ցեղասպանութիւն էր 21-րդ դարում, ողջ մարդկութեան աչքի առջեւ։

Բազմաթիւ հայորդիներ լծւեցին իրենց հայրենիքի եւ ժողովրդի պաշտպանութեան սուրբ գործին, ինչը իւրաքանչիւր ազգի բնական եւ անխախտելի՝ ոչ միայն իրաւունքն է, այլ նաեւ պարտականութիւնը։ Նրանցից շատերը զոհւեցին, շատերը հաշմանդամ դարձան, շատերը գերեվարւեցին, իսկ ոմանք մինչեւ այսօր, գտնւում են գերութեան մէջ Ադրբեջանի բանտերում, ենթարկւելով անմարդկային կտտանքների։

Այսօր, ադրբեջանական իշխանութիւնները փորձում են կեղծ եւ շինծու մեղադրանքներով դատապարտել նրանց ցմահ ազատազրկման, նպատակ ունենալով սպանել նրանց Բաքւի բանտերում եւ նրանք դա կանեն, եթէ քաղաքակիրթ աշխարհը շարունակի լռել։

Հասկանալու համար, թէ որքան կեղծ են ադրբեջանական մեղադրանքները, հերիք է միայն նայել, թէ ինչի մէջ են նրանք մեղադրում գերեվարւած Ռուբէն Վարդանեանին։ Ռուբէնը յայտնի է ողջ աշխարհում, որպէս մարդ ով օգնութեան ձեռք է մեկնել աշխարհի տարբեր ծայրերում օգնութեան կարիք ունեցողներին։ Նրա հիմնադրած միայն «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, անգնահատելի դեր ու նշանակութիւն ունի աշխարհում տեղի ունեցող աղէտների եւ ոճրագործութիւնների դէմ պայքարում։ Անգամ հիմա, երբ նա գտնւում է գերութեան մէջ, նրա հիմնադրած գործերը շարունակում են օգտակար լինել ծանր իրավիճակներում յայտնւած հազարաւոր մարդկանց։ Նրա միակ «յանցագործութիւնը» նա է, որ ծանր ժամանակ եկել ու կանգնել է իր ազգի կողքին՝ փորձելով միասին ապրելու եզրեր գտնել, թշնամաբար տրամադրւած հարեւանի հետ։

Երկակի ստանդարտներով առաջնորդւող աշխարհը, եթէ վերջնականապէս չի կորցրել իր մարդկային արժէքները՝ չպէտք է լռի։ Բաքւում գտնւող հայ գերիների տառապանքները միջազգային հանրութեան խղճին են»:

Related Articles

Back to top button