ԱԳՆ է կանչւել Ֆրանսիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը երէկ՝ մայիսի 25-ին, կանչել է Ֆրանսիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան հասցէին Ֆրանսիայի ԱԳ նախարարի արտայայտութիւնների կապակցութեամբ բողոք յայտնելու համար:
Ֆրանսիացի դիւանագէտին կանչել է ԱԳՆ եւրոպական երկրորդ դեպարտամենտի ղեկավար Մոհամմադ Թանհային, որը նրան է փոխանցել Իրանի վճռական բողոքը։
Նա Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Իրանի հասցէին հնչեցւած մեղադրանքները բնութագրել է որպէս Իրանի ներքին գործերին միջամտութիւն։
Դատապարտելով Ֆրանիսիայի ԱԳՆ ղեկավարի անպատասխանատու եւ սադրիչ դիրքորոշումը՝ Թանհային Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութիւնից պահանջել է պաշտօնական բացատրութիւններ այս կապակցութեամբ։
Ֆրանսիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարը յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան մտահոգութիւնները կը փոխանցի իր երկրին:
Նշենք, որ Ֆրանսիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարի կանչի պատճառ է դարձել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոէլ Բարրոյի արտայայտութիւնը Ջաֆար Փանահիի «Դա պարզապէս դժբախտ պատահար էր» («It Was Just an Accident») ֆիլմի Կաննի կինոփառատօնի գլխաւոր մրցանակը ստանալու կապակցութեամբ։
Բարրոն յայտարարել է, որ մրցանակը ստացւել է «ի նշան իրանական ռեժիմի կողմից ժողովրդի ճնշմանը դիմադրելու»։
Աւելի ուշ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին անդրադառնալով Ժան-Նոէլ Բարրոյի արտայայտութեանը՝ նշել է. «Դադարէք խրատել իրանցիներին: Դուք դրա բարոյական իրաւունքը չունէք»:
«Կան բազմաթիւ խախտումներ եւ հակասական վարքագիծ, որոնք կասկածի տակ են դնում Ֆրանսիայի՝ «մարդու իրաւունքները պաշտպանելու» պահանջի արժանահաւատութիւնը: Բայց, թերեւս, ոչ մէկը չի բացայայտել այս հակասութիւնն այնքան յստակ, որքան այս երկրի մօտեցումն Իսրայէլի ռեժիմի եւ նրա ռազմական յանցագործութիւնների նկատմամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: