ՆԱՏՕ-ի անդամների երկու երրորդը համաձայնել է Ուկրաինային զէնք գնելու համար 4 միլիարդ դոլար յատկացնել

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռուտէն յայտարարել է, որ Ռուսաստանը, որը «շարունակում է իր անմարդկային պատերազմը Ուկրաինայի դէմ» եւ սրում է հիբրիդային պատերազմը Արեւմուտքում, բախւում է «իրական եւ երկարաժամկէտ սպառնալիքների»։ Հաղորդում է News.am-ը:
Նա խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային եւ յայտարարել, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները կը միանան զէնքի գնումների ֆինանսաւորմանը։
Ըստ Ռուտէի՝ դաշինքի 32 երկրների երկու երրորդը միացել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկի (PURL) նախաձեռնութեանը, որը նախատեսում է Ուկրաինայի համար ամերիկեան զէնք գնելու համար միջոցների յատկացում։ Նրանց համակցւած ֆինանսական պարտաւորութիւնները գերազանցել են 4 միլիարդ դոլարը։
Ռուտէն շեշտել է, որ առաջին անգամ PURL-ին ներդրումներ կը կատարեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գործընկերները, դրանց թւում՝ Աւստրալիան եւ Նոր Զելանդիան։
Ուկրաինային հիմնականում անհրաժեշտ են օդային եւ հրթիռային պաշտպանութեան, մասնաւորապէս Patriot համակարգեր։ Քանի որ Դոնալդ Թրամփը հրաժարւել է շարունակել Ուկրաինային զէնք մատակարարելը, ինչպէս արել էր Ջօ Բայդէնի վարչակազմը, ՆԱՏՕ-ի միւս երկրները սկսել են միջոցներ հայթայթել զէնքի գնման համար։ Օգոստոսի կէսին, երբ առաջին հինգ երկրները միացան PURL-ին, նրանք այդ նպատակի համար 1,5 միլիարդ դոլար յատկացրին։
Ռուտէն միաժամանակ պատասխանել է Վլադիմիր Պուտինին, որը նախորդ օրը յայտարարել էր, որ չի ցանկանում պատերազմ Եւրոպայի հետ, բայց սպառնում է դրա լիակատար ոչնչացմամբ։ ՆԱՏՕ-ի երկրները «պատրաստ են եւ վճռականօրէն տրամադրւած են անել անհրաժեշտ ամէն ինչ» իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։



