Տիգրան Աբրահամեան. «Իշխանութեանը պէտք էր մի թուղթ, որը կը հիմնաւորէր հակառուսական քաղաքականութիւնը»
«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրւած փաստաթուղթը որոշակի ուղղութիւններում ներկայացնում էր հնարաւորութիւնների որոշակի սահմանափակ դաշտ, որի պայմաններում Հայաստանը ու ԱՄՆ-ն կարող են իրենց յարաբերութիւնները խորացնել. եթէ սա տեղի ունենար նորմալ իրավիճակներում եւ նորմալ իշխանութիւնների պայմաններում, ապա կարելի էր բովանդակային առումով ամբողջութեան մէջ գնահատել հնարաւոր շահերը, որը կարող էր ստանալ Հայաստանը: Այս մասին, այսօր՝ յունւարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով նախօրէին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրւած ռազմավարական համագործակցութեան կանոնադրութեանը: Հաղորդել է Yerevan.today–ը:
Նա նկատեց, որ կոնկրետ պաշտպանւածութեան տեսանկիւնից այդ փաստաթղթում ներառւած դրոյթները, քաղաքական եւ ռազմական ոլորտում խորհրդատւութեան մասով, ռազմական կրթութեան, ուսուցման եւ այլն, դրանք որոշակի ծաւալով նախորդ իշխանութիւնների ժամանակահատւածում իրականացւել են, այդ թւում նաեւ Հայաստանի տարբեր ռազմական մասնագետների, սպաների, փորձագէտների ԱՄՆ այցերով, կրթական տարբեր ծրագրերում մասնակցութեամբ:
«Այն, ինչ որ նշւեց Հայաստանի սահմանին որոշակի խմբերի աշխատանքի առումով, դրանք, ըստ էութեան, դեռեւս որեւէ բան չեն ասում, ոչ փորձագիտական ոչ էլ առաւել եւս հասարակութեան լայն խմբերին: Յստակ չէ, թէ այդ աշխատանքը ինչ բնոյթ է կրելու, ինչ խորութեամբ:
Օրինակ, սահմանապահ ծառայութեան մասով ԱՄՆ-ն նախորդ տասնամեակում բաւականին մեծ սատարում եւ աջակցութիւն են ունեցել ԱԱԾ-ի սահմանապահ զօրքերի եւ սպառազինութեան, տարբեր սարքաւորումներով վերազինելու առումով: Այսինքն եթէ սա քննարկում ենք Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցութեան տեսանկիւնից, ապա դրա տարբեր դրսաւորումները այլ փաստաթղթերով կարգաւորւել եւ իրականացւել է։ Խորութիւնը այս փաստաթղթով որեւէ ձեւի ներառւած չէ եւ պարզ չէ, թէ սա ընդհանուր անվտանգային միջավայրի համար ի՞նչ կարող է տալ»,- յայտարարեց Տիգրան Աբրահամեանը: