Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարդան Օսկանեան. «ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն աւելի շուտ Փաշինեանի կառավարութեան թերացումների արտացոլանքն է»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն աւելի շուտ Փաշինեանի կառավարութեան թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք: Այս մասին «Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցէագրում Հայաստանի մարտահրաւէրները» խորագրով յօդւածում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը: Այս մասին հաղորդել է Yerevan.today-ը:

«Յունւարի 14-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Միացեալ Նահանգների միջեւ ստորագրւած Ռազմավարական գործընկերութեան մասին կանոնադրութիւնը առաջին հայեացքից կարող է թւալ նշանակալի հանգրւան։ Սակայն այս փաստաթուղթն աւելի շուտ Փաշինեանի կառավարութեան թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։

Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդէնի պաշտօնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թւում է, շտապողական եւ մեծապէս խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրաւէրներին անդրադառնալու իրական յանձնառութիւնից։ Ապագայ համագործակցութեան ամուր ճանապարհային քարտէզ ներկայացնելու փոխարէն՝ Կանոնադրութիւնն աւելի շուտ Հայաստանի անվտանգութեան եւ ինքնիշխանութեան խնդիրների մռայլ գնահատական է, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան եւ կառավարման խնդիրների լռելեայն արձանագրում։

 Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան շեշտադրումը ընդգծում է երկրի առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները, յատկապէս ադրբեջանական վերջին ագրեսիայի լոյսի ներքոյ։ Թէեւ ընդունում է ԱՄՆ-ի աջակցութիւնը Հայաստանի տարածքային ամբողջականութեանը՝ փաստաթուղթը նոր պարտաւորութիւններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգութիւնն ամրապնդելու համար։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշւի առնելով սահմանային շարունակւող լարւածութիւնը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգւածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողութիւններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայութիւնը հարց է առաջացնում, թէ արդեօք ԱՄՆ-ն իսկապէս էական աջակցութիւն է առաջարկում, թէ սին խոստումներ է տալիս։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ հարեւանների հետ յարաբերութիւնների կարգաւորման ԱՄՆ-ի կոչը մէկ այլ խնդրայարոյց տարր է։ Այս ձգտումները նոր չեն. դրանց ներառումն այստեղ հին խօսոյթների կրկնութիւն է թւում՝ զուրկ նորարարական լուծումներից։ Անյարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապէ՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդութիւնները, թէ՞ բաւարարւում է հերթապահ խօսքերով։

Ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների եւ դատական անկախութեան վրայ Կանոնադրութեան ընդարձակ կենտրոնացումն աւելի շուտ Հայաստանի կառավարման արմատացած խնդիրների արտացոլումն է, քան առաջընթացի ճանապարհային քարտէզ։ Երկկողմ համաձայնագրում նման թեմաների գերակշռութիւնն ընդգծում է Փաշինեանի կառավարութեան՝ դրանք արդիւնաւէտ լուծելու անկարողութիւնը։ Լեզուն՝ յղկւած դիւանագիտական քաղաքավարութեամբ, անուղղակիօրէն ընդգծում է համակարգային կոռուպցիան, օրէնքի գերակայութեան բացը եւ ժողովրդավարական ինստիտուտների խարխլումը։

Փաստաթղթում էական ուշադրութիւն կայ առանցքային այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական անկախութիւնը, մամուլի ազատութիւնը եւ քաղաքացիական հասարակութեան զարգացումը։ Փաշինեանի կառավարման օրօք սրանք խրոնիկ բացթողումներ են, նրա վարչակազմը գնացել է իշխանութեան աննախադէպ կոնսոլիդացիայի՝ հալածելով այլախոհութիւնը։

Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հաւանաբար անհանգստութիւն կը պատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերութեան շեշտադրումը՝ զուգակցւած եւրա-ատլանտեան կառոյցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ յարաբերութիւնները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանւել որպէս հեռացում աւանդական գործընկերութիւնից եւ աւելի սրել լարւածութիւնն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում։

Կանոնադրութեան կենտրոնացումը Էներգետիկ բազմազանեցման ու եւրոպական շուկաներին ինտեգրւելու մասին մէկ այլ խնդրայարոյց կէտ է։ Թէեւ այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրաւէրները, որոնց Հայաստանը բախւում է ռուսական էներգակիրներից իր կախւածութեան եւ խոշոր տէրութիւններով շրջապատւած տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։

Կանոնադրութեան թերեւս ամենանվիճահարոյց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրութիւնների շարան է, որը հաշւետւողականութեան կամ աջակցութեան կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացեալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շօշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետեւողականութիւնն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրութիւնը կարող է դառնալ չիրականացւած խոստումների եւս մէկ խորհրդանիշ։

Ռազմավարական գործընկերութեան մասին կանոնադրութիւնը հեռու է դիւանագիտական յաղթանակից, որը Փաշինեանի կառավարութիւնը ներկայացնում է։ Փոխարէնը, այն Հայաստանի խոցելիութեան, կառավարման ձախողումների եւ տարածաշրջանային մարտահրաւէրների սթափ գնահատական է։

Համաձայնագիրը ցոյց է տալիս, թէ ինչպէս է միջազգային հանրութիւնը, յատկապէս Միացեալ Նահանգները, ընկալում ներկայիս իշխանութեան ներքոյ գտնւող Հայաստանը՝ երկիր, որն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, շեղւել ժողովրդավարական արժէքներից եւ առերեսւում է հանրութեան յարաճուն դժգոհութեանը:

Թէեւ Հայաստանն անյապաղ կարիք ունի անվտանգութեան ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների եւ միջազգային աջակցութեան՝ խիստ կասկածելի է, որ գործող կառավարութիւնը կարեւոր այս նպատակներին հասնելու կարողութիւն ունի»,- գրել է Օսկանեանը:

Related Articles

Back to top button