ՄիջազգայինՔաղաքական

Լեհաստանի ԱԳ նախարար. «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացւել է»

«ԱԼԻՔ» – Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացւել է։ Այս մասին յայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլաւ Սիկորսկին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստից յետոյ: Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

«Միակ պաշտօնական որոշումը ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէի յայտարարութիւնն էր այն մասին, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը այլեւս գոյութիւն չունի»,- ասել է Սիկորսկին՝ նշելով, որ այն, ինչին ձգտում էր Լեհաստանի կառավարութիւնը, այժմ դարձել է փաստ։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի խօսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատութիւն էր, որը ստեղծւել էր այն ժամանակ, երբ թւում էր, թէ այսպէս կոչւած եւրոպական անվտանգութիւնը կարող է կառուցւել Ռուսաստանի հետ համագործակցութեամբ։ Նա յաւելել է, որ այն այժմ ստեղծւում է «Ռուսաստանի դէմ»։

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծւել է Իտալիայում 2002 թւականի մայիսին։ «29+1» խորհրդակցական մեխանիզմը նախատեսում էր ՆԱՏՕ-ի երկրների եւ Մոսկւայի միջեւ հաւասար քննարկումներ անվտանգութեան հարցերի, զէնքի վերահսկողութեան, ահաբեկչութեան դէմ պայքարի եւ միջադէպերի կանխարգելման միջոցառումների վերաբերեալ։ Վերջին տարիներին այն գործնականում չի գործում։

Related Articles

Back to top button