Որպէսզի վաղւայ «անակնկալ զարգացումները» չլինեն շատ աւելի վատը
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Բաքւի դատերը, չգիտես ինչու, յանկարծակիի են բերել հայ հասարակութեանը, թէեւ բազմաթիւ ամիսներ առաջ արդէն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։ Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաեւ այն շոկը, որի մէջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակութեանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպէսզի յարմար միջավայր ապահովի իր հետագայ քայլերի համար։
Այս ամէնը լրիւ պարզ էր, ես ինքս ոչ միայն հրապարակաւ գրել եմ այդ մասին ամիսներ առաջ, այլեւ նախապէս քննարկել եմ այս փուլին նախապատրաստւելու համար անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ու հանրային դաշտի տարբեր դերակատարների հետ։ Նախապատրաստւելու փոխարէն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բաւարարւել հեքիաթաշարով, թէ՝ երկու ամսից բաց են թողնելու, թէ՝ աշխարհի այսինչ մայրաքաղաքից զանգել են, որ բաց թողնեն, եւ այլն, եւ այդպէս շարունակ։ Ինչպէս միշտ, հաճելի դատարկութիւնը ծանրակշիռ է դառնում՝ ընդդէմ դառը ու դժւար պրագմատիզմի:
Այս դրւագը գուցէ ամենացաւոտն է, բայց նաեւ՝ խիստ բութագրական մեր ընդհանուր հանրային վարքականոնի համար։ Մեզ կտրուկ պակասում է ստրատեգիական, երկարատեւ մտածողութեան մշակոյթը, մենք չենք պատրաստւում «յետոյի, շատ յետոյի» իրադարձութիւններին, մեր քաղաքական սպասումների ու պլանաւորման հորիզոնը սահմանափակ է՝ մի քանի շաբաթ առաւելագոյնը։ Ես իհարկէ չեմ կասկածում դատավարութեան ֆոնին արւած, գրւած յայտարարութիւնների, տեքստերի հեղինակների անկեղծութեան վրայ, բայց դրանցով մենք, ինչպէս միշտ, արձանագրում ենք հետեւանքները, չփորձելով նախապէս ազդել իրերի ընթացքի վրայ (իսկ իրականում շատ բան կարելի էր անել):
Այս սահմանափակ պլանաւորման հորիզոնի պատճառով է, որ մենք նոյն չափով անպատրաստ ենք լինում թէ´ կռւին, թէ´ խաղաղութեանը, թէ´ գերեվարմանը, թէ´ գերիների ազատ արձակման գործողութիւններին։
Իհարկէ, եղել են հատուկենտ մարդիկ, որ փորձել են անձնական նախաձեռնութեամբ ինչ-որ քայլեր անել, կամ առնւազն նախազգուշացնել։ Այս ամէնը, սակայն, բաւարար չէ՝ կոչւելու համար քաղաքական ու հանրային էլիտայի համակարգւած ստրատեգիական մտածողութիւն։
Այս տարին բացւեց սոցիալական համատարած դժգոհութեան ալիքներով՝ հարկերի բարձրացման, տրանսպորտի թանկացման, յայտարարագրման շուրջ եւ այլն։ Այն օրէնքներն ու կարգաւորումները, որոնք բերել են այդ թանկացումներին, ընդունւել են ամիսներ, իսկ որոշները՝ տարիներ առաջ։ Եւ միայն 2025-ի յունւարից են սկսւում դժգոհութիւններն ու անհնազանդութեան դրսեւորումները, քանի որ անգամ տեխնիկապէս տասնեակ հազարաւոր քաղաքացիների հնարաւոր չի եղել տեղեակ պահել սպասւող փոփոխութիւնների մասին, որոնք ուղղակիօրէն ազդելու են իրենց կեանքի վրայ։
Իրականում բազմաթիւ բացասական զարգացումներին հնարաւոր է նախապէս պատրաստ լինել ու կանխարգելել դրանք, տանել այդ զարգացումները մեզ համար ցանկալի հունով, հնարաւոր է դրական պրոցեսներ գեներացնել, շրջել իրերի ընթացքն այնպէս, որ օգուտով դուրս գանք իրադրութիւնից։ Դրա համար անհրաժեշտ է, որ մտածողութեան, պլանաւորման հորիզոնը երկար լինի, որ հասցնենք նախապէս մտածել, հասկանալ ու որոշել, թէ մեզ այս ու այս զարգացումների դէպքում ի´նչ է պէտք լինելու, ի՛նչ հնարաւոր վատ տարբերակներ կան, ու ինչպէս պէտք է պատրաստւել ամէն կէտին։ Դրա համար պէտք է դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիւիզմի թակարդից ու պրագմատիկօրէն հաշւարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրւածքով։ Այս ամէնը յատկապէս կարեւոր է մօտեցող արտահերթ կամ հերթական ընտրութիւններին նախապէս պատրաստւելու համատեքստում, որպէսզի հերթական անգամ չլինի «ուզում էինք լաւ լինի, եղաւ՝ ինչպէս միշտ»։ Հիմա է պէտք աւելի հեռուն հաշւարկել ու աւելի յետոյի պրոցեսներին պատրաստւել, կանխարգելել, դրական հուն տանել, որպէսզի վաղւայ «անակնկալ զարգացումները» չլինեն շատ աւելի վատը: