Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արամ Փոլադեան. «Մատենադարանի մէկ գիրքը բաւարար է՝ ամբողջութեամբ տապալելու ադրբեջանական թէզերը»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանագէտ, իրաւաբան Արամ Փոլադեանը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական մեդիան եւ յատկապէս այն հրապարակումները, որոնք արւում են ադրբեջաներեն լեզւով եւ դեռեւս չեն թարգմանւում այլ լեզուներով:

«Մէկ-երկու շաբաթ առաջ սկսեցինք նկատել, որ ադրբեջանական լրատւական ալիքներում հաղորդումների ժամանակ գրառումներ են արւում, թէ իբր ահաբեկիչներ են տեղակայւում իրենց սահմաններին: Սրա մասին նոյնիսկ ադրբեջանական մեդիայում այլ լեզուներով չի խօսւում, որովհետեւ իրենք իրենց հասարակութեան մէջ են դա ներարկում, որ հասարակութիւնը դրան տրամադրւի ու յետոյ ասեն՝ ոչ թէ մենք ենք «հակաահաբեկչական գործողութիւն» իրականացնում, այլ հասարակութիւնն է այս պահանջը ներկայացնում: Ամենօրեայ ձեւաչափով ներարկւում է այն միտքը, որ ՀՀ սահմաններին արդէն տեղակայւած են ահաբեկիչներ եւ տարբեր թւեր են շրջանառում, օրինակ՝ 10 հազար ահաբեկիչ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով, որ դրա ֆոնին Ադրբեջանը բարձրացնում է ԵՄ դիտորդներին ՀՀ սահմաններից դուրս բերելու հարցը:

 Այս պահին մեծ բախումների, լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների հաւանականութիւնը մեծ չէ: Ադրբեջանն օրէցօր զարգացնում է թէ՛ տնտեսական, թէ՛ ռազմական ենթակառուցւածքները, օրինակ՝ Ապշերոնեան թերակղզուց Չինաստան ուղեւորւեց առաջին գնացքը՝ ուղիղ գծով: Ադրբեջանի ղեկավարութեան մօտ կան ակնկալիքներ, որ առեւտրաշրջանառութեան ծաւալները Չինաստանի եւ Միջին Արեւելքի այլ պետութիւնների հետ կաւելանան: Ռազմական բեւեռում, եթէ Հայաստանը որեւէ քայլ է կատարում, դրան ի պատասխան՝ Ադրբեջանը երկուսն է կատարում: Բացի այդ, հսկայածաւալ փոփոխութիւններ են տեղի ունենում Ադրբեջանի անվտանգային համակարգում, ինչն իհարկէ վկայում է, որ եթէ շատ մեղմ ձեւակերպենք՝ Ադրբեջանը չի պատրաստւում խաղաղութեան, բայց միեւնոյն ժամանակ, որոշակի փուլեր պէտք է անցնեն՝ հասնելու այն մակարդակին, որին ձգտում են իրենք կամ իրենց քաղաքական հովանաւորները, մասնաւորապէս՝ մեր հիմնական թշնամի Թուրքիան է»,- նշեց նա:

Արամ Փոլադեանի խօսքով՝ Ադրբեջանն այսօր զբաղւած է ազգակերտմամբ. «Այլ հարց է, որ սեփական ժողովրդի շահերն են ոտնահարւում, սպասարկում են այլ պետութիւնների շահեր: Բայց այն, որ նրանք զբաղւած են ազգակերտմամբ եւ շատ ակտիւ են առաջ տանում այդ գաղափարը, միանշանակ է: Հետեւաբար, մեր պարտականութիւնն է դրա դէմ ցանկացած միջոցով պայքարելը: Ադրբեջանում հայատեացութիւնն այսօր հասել է հնարաւոր պիկին. սրանից աւելի բարձր մակարդակի հայատեացութիւն եւ ատելութեան քարոզ անհնար է պատկերացնել»:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը չի ընկալում՝ եթէ յանկարծ պահը հասունանայ եւ անհրաժեշտութիւն առաջանայ, որ Թուրքիան անմիջական մասնակցութիւն ունենայ Ադրբեջանի տարածքում կամ Ադրբեջանի կողմից իրականացւող գործողութիւնների, եւ դա ձեռնտու չլինի Թուրքիային, Թուրքիան սեփական պետական շահերն Ադրբեջանի համար չի զոհաբերելու:

«Այսօր Ադրբեջանի թիւ մէկ պահանջը Հայաստանի ամբողջական ապառազմականացումն է: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ու Ալիեւի օգնական Հաջիեւը վերջերս իրենց բրիֆինգներում նշեցին, որ ինչպէս Գերմանիան 1945 թւականից յետոյ սկսեց վերահսկւել, ինչպէս Իրաքի նկատմամբ խստագոյն վերահսկողութիւն եւ սահմանափակումներ սահմանւեցին, այնպէս էլ Հայաստանի նկատմամբ պէտք է խստագոյն պատժամիջոցներ, վերահսկողութիւն եւ սահմանափակումներ սահմանւեն: Ալիեւը, հերթական քաղաքական մանիպուլիացիան կիրառելով, յայտարարում է, թէ ամբողջը համաձայնեցւած է, երկու կէտ է մնացել, բայց զուգահեռաբար թւում է նախապայմաններ, որոնք բազմաթիւ են: Խօսում են «Արեւմտեան Ադրբեջանի» մասին, սրանից յետոյ ի՞նչ կարելի է նրանց հետ բանակցել:

Պատմական արդարութեան մասին են խօսում, բայց հրաշալի գիտեն, որ Մատենադարանի մէկ գիրքը բաւարար է՝ ամբողջութեամբ տապալելու ադրբեջանական թէզերը, այդ թւում՝ պետական պաշտօնեաների: Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ այդ դաշտում տապալւելու է: Ադրբեջանը հաստատուն քայլերով ապացուցում է, որ գնում է լայնամասշտաբ ահաբեկչութիւն կազմակերպելու ճանապարհով»:

Related Articles

Back to top button