ՄիջազգայինՔաղաքական

Bild. «Սիրիայի նոր ղեկավարը հրաժարւել է իր ահաբեկչական անունից ու անցեալից, բայց դեռեւս չի վաստակել Արեւմուտքի վստահութիւնը»

«ԱԼԻՔ» – Սիրիայում Բաշար ալ Ասադին տապալած եւ իշխանութիւնը դէ ֆակտօ վերցրած զինւած ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ Շարաան ներկայանում է որպէս «Ալ Ղաիդա» եւ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումներում իր անցեալից հրաժարւած առաջնորդ: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ նա հրաժարւել է Աբու Մուհամմեդ ալ Ջուլանի մարտական անունից, խօսում է փոքրամասնութիւնների իրաւունքների մասին եւ հանրութեան առաջ յայտնւում քաղաքացիական հագուստով։ Դամասկոսում իշխանութեան գալուց ի վեր  ալ Շարաան ընդգծում է իր հանդուրժողականութիւնն ու նւիրւածութիւնը Սիրիայում բազմակարծութեան պաշտպանութեանը:

«Ի՞նչը կարող է լինել նման փոփոխութիւնների ռացիոնալ պատճառը. «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբաւորման առաջնորդը Սիրիայի վերականգնման համար Արեւմուտքի աջակցութեան կարիքն ունի։ Սիրիացի փախստականների վերադարձի եւ այլ համագործակցութեան համար անհրաժեշտ է լաւ յարաբերութիւններ հաստատել Եւրոպայի եւ ԱՄՆ-ի հետ: Յանուն այս աջակցութեան նա պատրաստ է հրաժարւել նոյնիսկ իսլամի որոշ նորմերից եւ, օրինակ, համաձայնում է լուսանկարւել առանց գլխաշորի կանանց հետ պաշտօնական հանդիպումների ժամանակ (փողոցում գտնւող սիրիացի կանայք, ընդհակառակը, պէտք է կրեն գլխաշոր, եթէ ուզում են նկարւել նրա հետ)»,- գրում է Bild-ի խմբագիր Ժաննա Պլաումանը։

Այնուամենայնիւ, ըստ թերթի, Միացեալ Նահանգները չի շտապում վերացնել ալ Շարաայի ահաբեկչական կարգավիճակը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնն ընդգծել է, որ Միացեալ Նահանգները կարող է ճանաչել Սիրիայի կառավարութեանը միայն որոշակի պայմանների դէպքում՝ փոքրամասնութիւնների իրաւունքների յարգում, մարդասիրական օգնութեան տրամադրում, ահաբեկչութեան տարածման կանխարգելում, հարեւան պետութիւնների (այդ թւում՝ Իսրայէլի) նկատմամբ սպառնալիքի բացակայութիւն եւ բոլոր կենսաբանական եւ քիմիական զէնքերի ոչնչացում։

ԵՄ-ն իր հերթին պահանջել է Ասադի վարչակարգին աջակցող բոլոր ռուսական զօրքերը դուրս բերել Սիրիայից։

«Անհասկանալի է, թէ արդեօք հնարաւոր կը լինի հասնել փոխըմբռնման եւ համագործակցութեան։ Մինչ ալ Շարաան հանդիպում է արեւմտեան պատւիրակութիւնների հետ, «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը նշանակել է երկու նահանգապետերի, որոնք մաս են կազմում սալաֆիական աշխարհազօրային «Ահրար ալ-Շամ»-ի ղեկավարութեանը, եւ որոնք, ինչպէս թալիբները, պաշտպանում են շարիաթի օրէնքը»,- եզրափակում է աղբիւրը:

Related Articles

Back to top button