Միջազգային

Խաչիկեանի յուշերը. ինչպէս ֆերմերի որդին դարձաւ Նիքսոնի եւ Ռէյգանի ելոյթների ճառագիրը

Քէն Խաչիկեանը՝ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքի ֆերմերի որդին, վերջերս հրապարակել է Սպիտակ տանն անցկացրած իր տարիների ուշագրաւ յուշագրութիւնը՝ որպէս ելոյթների ճառագիր ԱՄՆ-ի երկու նշանաւոր նախագահներ Նիքսոնի եւ Ռէյգանի համար: «Փակ դռների հետեւում. Ռէյգանի եւ Նիքսոնի հետ սենեակում» խորագիրը կրող գրքի շապիկին Խաչիկեանը ներկայացւում է որպէս «ելոյթների ճառագիր, քաղաքական լեգենդների վստահելի անձ եւ ստրատէգ»:

Խաչիկեանի գիրքը մեծ ուշադրութեան է արժանացել։ Wall Street Journal-ը հրապարակեց Թեւի Թրոյի խիստ դրական կարծիքը։ Վաշինգտոնի հանրայայտ սիւնակագիր Քուին Հիլլերը երկու գովաբանական ակնարկներ գրեց Washington Examiner-ում: Խաչիկեանի յուշագրութիւնն ամառւայ կէսերին զբաղեցրել է 2-րդ տեղը հրատարակչութեան բոլոր նոր հրատարակութիւնների նախնական վաճառքում: Այժմ հրատարակչութիւնը ծրագրում է երկրորդ տպագրութիւնը։

Խաչիկեանը մեծացել է ծանր պայմաններում ապրող ֆերմերի ընտանիքում՝ զրկւած ցնցուղից եւ առաջին անհրաժեշտութեան այլ պարագաներից, յետագայում դառնալով Սպիտակ տան ամենաազդեցիկ մարդկանցից մէկը: Նրա մուտքը քաղաքականութիւն սկսւեց որպէս Նիքսոնի նախագահական արշաւի կամաւոր։ Ընտրութիւններից յետոյ նա դարձաւ Նիքսոնի ելոյթների ճառագիրը։ Այնույետեւ նա միացաւ Ռէյգանի վարչակազմին որպէս նախագահի գլխաւոր ճառագիր: Նա նաեւ ծառայեց որպէս Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դէյքմեջեանի աւագ խորհրդական եւ գլխաւոր ստրատէգ 1982 եւ 1986 թւականների ընտրութիւններում:

Armenian Mirror-Spectator-ին տւած հարցազրոյցում Խաչիկեանը պատմել է մի յիշարժան դրւագի մասին, որը տեղի է ունեցել Նիքսոնի համար աշխատելու ժամանակ, երբ 1975 թւականին մահացել էր նրա հայրը: Նախագահը ցանկանում էր իմանալ, թէ ինչ կարող է անել Խաչիկեանի հոր յիշատակը յարգելու համար: Քանի որ նրա հայրը Թուրքիայի Չոմաքլու հայկական գիւղից էր, Խաչիկեանն արտասովոր խնդրանքով դիմեց նախագահ Նիքսոնին, որ նւիրատւութիւն կատարի Չոմաքլուի հայրենակցական միութեանը։ Նիքսոնը 500 դոլարի անձնական չէկ գրեց հայկական միութեան համար։

Երկու նախագահների համար Խաչիկեան գրած հարիւրաւոր տեքստերի մէջ ես պէտք է առանձնացնեմ նրա գրած երկու կարեւոր փաստաթղթերը: Մինչեւ 1981 թւականը ԱՄՆ-ում ոչ մի նախագահ Հայոց Ցեղասպանութիւնը չէր նկարագրել որպէս ցեղասպանութիւն: 1981 թւականի ապրիլի 22-ին Ռէյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել, որում յիշատակել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Տեքստը գրել է Քէն Խաչիկեանը: Սա 40 տարի առաջ էր, մինչ նախագահը Բայդէնը վերջապէս 2021 թւականին յայտարարութիւն տարածեց՝ պաշտօնապէս ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը:

Մինչ թուրք ժխտողականները փորձում են նսեմացնել նախագահ Ռէյգանի 1981 թւականի հռչակագիրը, յայտարարելով, որ այն գրւել է նախագահի հայ ճառագրի կողմից, Խաչիկեանն հակազդում է թուրքական մեղադրանքին, ասելով, որ նախագահական բոլոր հռչակագրերը կրում են նախագահի ստորագրութիւնը, հետեւաբար, 1981 թւականի հռչակագիրը Միացեալ Նահանգների նախագահի պաշտօնական յայտարարութիւնն է:

Mirror-ին տւած հարցազրոյցում Խաչիկեանը բացատրել է՝ քանի որ ինքը տեղեակ էր Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանութեան յիշատակման հետ կապւած հակասութեան մասին, նա ճշտել է Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի տեղակալ Բադ Նենսի հետ, որն ասել է, թէ ինքը որեւէ խնդիր չի տեսնում այդ յիշատակման հարցում: «Դա փաստ է, այնպէս չէ՞», հարցրեց Նենսը: Խաչիկեանը պատասխանեց. «Ինձ համար դա փաստ է»: Դրանից յետոյ Նենսն ասաց. «Լաւ, ինձ համար ամէն ինչ կարգին է»:

Այնույետեւ Խաչիկեանը որոշեց հաստատել, որ հռչակագրում Հայոց Ցեղասպանութեան յիշատակման հետ կապւած խնդիրներ չեն լինի, ուստի ճշտեց Սպիտակ տան ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ռիչարդ Ալէնի հետ։ «Ես ուզում եմ սա ցոյց տալ Ձեզ։ Ես դա ցոյց եմ տւել Բադ Նենսին: Ահա, խնդրեմ, կարդացէք այս հռչակագիրը», ասաց Խաչիկեանն Ալէնին, որը պատասխանեց. «Դէ, դա պատմական փաստ է»: Խաչիկեանը նրան ասաց. «Այո, այդպէս է»։ Այնույետեւ Ալէնն ասաց. «Դէ, քանի որ դա պատմական փաստ է, պատճառ չկայ, որ դա չյայտնւի հռչակագրում»:

Խաչիկեանն իր գրքում պատմել է հայերի հետ կապւած մէկ այլ կարեւոր դրւագի մասին: Նա գրել է, որ իր հայ ընկեր Ջիմ Ռենջիլեանը հրաւիրել է Խաչիկեանին ուղեկցել իրեն Արլինգթոնի գերեզմանատուն Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը, 1985 թւականի ապրիլի 24-ին։ Ոգեկոչման ընթացքում Խաչիկեանը յիշել է պատանի հասակում իր լսած պատմութիւնները Հայոց Ցեղասպանութեան ժամանակ իր ընտանիքի կրած ողբերգական փորձառութիւնների մասին։ Նրա հայրը վերապրել էր այդ Ցեղասպանութիւնը, որը Խաչիկեանը նկարագրել է որպէս «բռնի աքսոր իրենց տներից, երբ թուրքերը սպանեցին Անատոլիայի [հայ] բնակչութեանը զէնքի, սովի, ժանտախտի եւ մահւան երթերի միջոցով»:

Այնույետեւ Խաչիկեանը մէջբերել է Արիս Քալֆաեանի՝ Չոմաքլուի մասին գրքից, որում նկարագրւած են տարագիր հայերի տառապանքներն ու դժոխային փորձառութիւնները: Խաչիկեանը բացայայտեց, որ Ցեղասպանութեան ժամանակ, իր հայրը «16 տարեկանում կորցրել է իր մօրը, եղբօրը և քրոջը»։

Վշտահար Խաչիկեանը նկարագրել է իր զգացմունքներն Արլինգթոնի գերեզմանատանը․ «Արլինգթոնում երաժշտութիւնն ու աղօթքները ցնցեցին ինձ իմ ժառանգութեան մասին յիշեցումներով եւ վերադարձրեցին իմ մանկութեան այդ ցաւալի յիշողութիւնները: 1915 թւականին սիրիական անապատում մի Բերգեն-Բելզեն կար, որի պատմութիւնը մոռացւել է, իսկ զոհերի ու վերապրածների կրած ցաւն ու տառապանքը Հայոց Ցեղասպանութեան ժամանակ յանկարծ իմ առաքելութիւնը դարձրեցին շատ իրական՝ դէպի Սպիտակ տուն մեր լուռ ուղեւորութեան ընթացքում»:

Խաչիկեանը պատմել է, թէ ինչպէս է Արլինգթոնի գերեզմանատանը Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը ոգեշնչել իրեն գրել այն, ինչ շատերը բնութագրել են որպէս Ռէյգանի մեծագոյն ելոյթը, որը նա արտասանել է օրեր անց Գերմանիայում Բերգեն-Բելզենի նախկին համակենտրոնացման ճամբար կատարած իր այցելութեան ժամանակ:

Խաչիկեանը եզրափակեց. «IBM-ի գրամեքենայի ստեղների թխթխկոցն սկսեց իմ մէջ հնչեցնել այն պատմութիւնը, որով կլանւած էի այդ առաւօտ, եւ որը նախագահն ու ես պիտի պատմէինք»:

Յարութ Սասունեան

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Related Articles

Back to top button