Հայկ Խալաթեան. «Ադրբեջանն ակտիւ աշխատում է Իրանի եւ Ռուսաստանի հետ. ո՞վ է կանգնեցնելու Ադրբեջանին»
«ԱԼԻՔ» – Բաքւում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը նոյնպէս բախւում է ճգնաժամերի հետ, այդ թւում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղութեամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրաււածութիւնը Հարաւային Կովկասում իրադրութեան մէջ վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց թելադրում է այդ իրադարձութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը, իհարկէ, այն մասով, որով դա պահանջւած է կողմերի կողմից:
Ո՞րն է Պուտինի այս յայտարարութեան գլխաւոր մեսիջը. հարցի պատասխանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդումը փորձել է ստանալ «Verelq» տեղեկատւական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթեանից:
«Պուտինն ասում է, որ չնայած ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, ունեն շահեր եւ հետաքրքրութիւններ Հարաւային Կովկասում: Կողմերի վերաբերեալ շեշտադրումը խօսում է այն մասին, որ ինչքանով Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռւած կը լինեն, այդքանով աւելի ակտիւ Ռուսաստանը կը մասնակցի տարածաշրջանի գործերին, բայց նոյնիսկ հակառակ պարագայում Ռուսաստանն այստեղ կայ, ունի հետաքրքրութիւն, եւ չնայած՝ իր ապագայի համար շատ կարեւոր կոնֆլիկտ է Ուկրաինան, դա չի խանգարում նրան զբաղւել նաեւ այս տարածաշրջանի հարցերով»,- ասել է փորձագէտը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը շատ էֆեկտիւ օգտւում է Հայաստանի արտաքին քաղաքականութեան սխալներից. «Մի երկու շաբաթ է անցել, երբ Շոյգուն Թեհրանում էր, յետոյ գնաց Բաքու, իսկ Հայաստան չայցելեց: Մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը նոյն Իրանի հետ համաձայնութիւն է ձեռք բերել կոօրդինացւած զօրավարժութիւններ անցկացնելու վերաբերեալ: Ի՞նչ է ստացւում. Ադրբեջանը հասկանում է, որ գլխաւոր ուժերը, որոնք խոչընդոտում էին «Զանգեզուրի միջանցք» կոչւածին կամ Հայաստանի նկատմամբ իր ծրագրերին, Ռուսաստանն ու Իրանն են, բայց օգտւելով նրանից, որ Հայաստանը շատ սերտ համագործակցութիւն է սկսել Արևմուտքի հետ, փորձում է սիրաշահել Մոսկւային եւ Թեհրանին:
«Հասկանո՞ւմ էք՝ հարցն այն չէ, որ Հայաստանը համագործակցում է Արեւմուտքի հետ, այլ այն, որ փաստացի Հայաստանն Արեւմուտքի հետ համագործակցութեան համար զոհաբերում է իր յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Իրանի հետ: Այնտեղ դա իրենց համար որպէս վտանգ են դիտարկում: Նախկին իշխանութիւնների ժամանակ Հայաստանն Արեւմուտքի հետ սերտ համագործակցել է, բայց Իրանն ու Ռուսաստանը միշտ վստահ են եղել, որ այդ համագործակցութիւնն ուղղւած չէ իրենց շահերի դէմ: Այս պահին նրանք կարծում են, որ դա իրենց շահերի դէմ է ուղղւած: Ադրբեջանը շատ ակտիւ այդ թեզն առաջ է տանում, եւ, ցաւօք, պէտք է խոստովանեմ, որ դա լաւ արդիւնք է տալիս:
Թէ՛ Մոսկւայում, թէ՛ Թեհրանում արդէն շատ մօտ են ընդունելու Ադրբեջանի մօտեցումները: Ադրբեջանն ասում է՝ գիտէ՞ք՝ Հայաստանը ձեր դէմ է, դուք ինձ մի խանգարէք իմ ծրագրերն իրականացնել, ես էլ խօսք եմ տալիս ձեր շահերը տարածաշրջանում հաշւի առնել: Հիմա տեսնենք՝ դա ուր կը տանի, Արեւմուտքը կաջակցի՞ Հայաստանին, կը կանգնեցնի՞ Ադրբեջանին եւ Թուրքիային: Նոյն Նիկոլ Փաշինեանն է խոստովանում, որ եթէ չգնանք զիջման, պատերազմ կը սկսւի, եւ ստացւում է, որ նոյնիսկ Արեւմուտքը չի կարողանում կանգնեցնել Ադրբեջանին: Ցաւօք, ներկայ պահին բոլորը Հայաստանի հաշւին լուծում են իրենց շահերը, Հայաստանը դարձել է միջազգային յարաբերութիւնների օբիեկտ, որին չեն էլ հարցնում՝ համաձա՞յն է, թէ՞ ոչ»,- ասել է Հայկ Խալաթեանը:
Հարցին՝ այսինքն՝ ինքը համաձայն չէ՞ այն գնահատականների հետ, որ Պուտինի եւ Ալիեւի ինտենսիւ հանդիպումներն ու հնչող յայտարարութիւնները հերթական դաւադրութիւնն են Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, նա այսպէս պատասխանեց.
«Դա քաղաքականութիւն է, իսկ քաղաքականութիւնը բարեգործական աուկցիոն չէ: Խնդիրն այն է, որ ինչքան խորանայ ճգնաժամը հայ-ռուսական յարաբերութիւններում, այդքան ակտիւանալու է համագործակցութիւնը ռուս-ադրբեջանական ուղղութեամբ: Հայաստանում շատ են խօսում, թէ Ռուսաստանն Ադրբեջանի դաշնակիցն է, ինչն անհեթեթութիւն է, բայց ներկայիս քաղաքականութիւնը կարող է բերել ի վերջոյ նրան, որ Ռուսաստանն իրօք տարածաշրջանում իր յենարանը համարի Ադրբեջանին: Թէպետ, ես վստահ եմ, որ այդպէս չի լինելու, որովհետեւ Ադրբեջանը Թուրքիայի հետ շատ սերտ համագործակցում է: Շատ են ասում՝ Ռուսաստանը Թուրքիայից կախւածութեան մէջ է՝ պատժամիջոցների պատճառով, դրա համար անընդհատ գնում է զիջումների. բա Սիրիայի հարցում ինչո՞ւ չի գնում զիջումների:
Վստահ լինելով Բաշշար Ասադի վրայ, որ իր դաշնակիցն է, նա չի զոհաբերում Ասադի եւ Սիրիայի շահերը, որպէսզի Թուրքիայի հետ աւելի մերձենայ, հակառակը՝ տեսնում ենք, որ որոշ հարցերում Թուրքիան է ստիպւած Սիրիայում գնալ զիջումների: Իսկ հիմա հարց՝ Հայաստանի դէպքում այդպէս չէ՞ր լինելու, եթէ իրօք վստահութիւն լինէր»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ Պուտինը չի վստահում Փաշինեանին, Խալաթեանն արձագանգել է. «Թէպետ Հայաստանում անընդհատ փորձում են բաժանել՝ Փաշինեանին Հայաստանից, բայց ցաւօք, դրսում այդպէս չի ընկալւում, այսպէս է ընկալւում՝ Հայաստանի ղեկավարը Փաշինեանն է, ստացւում է՝ հայ հասարակութիւնը դրա հետ համաձայն է, դէ եթէ Փաշինեանն այսպիսի քաղաքականութիւն է վարում, Հայաստանն էլ է այսպիսին: Փաշինեանին որեւէ մէկը վստահելի գործընկեր արդէն չի համարում»:
Իսկ ի՞նչ հետեւանքներ է դա ունենալու Հայաստանի համար:
«Ոչ մի լաւ բան: Իր քաղաքականութեան արդիւնքում մենք կորցրինք Արցախը, ցաւօք սրտի, ներկայիս քաղաքականութիւնը կարող է շատ ողբերգական հետեւանքներ ունենալ ՀՀ-ի համար: Ադրբեջանը բոլոր այդ սխալներից օգտւելու է, Արեւմուտքն այնպէս չէ, որ գնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի դէմ՝ Հայաստանի համար, իր համար կարեւորը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, եւ կարեւոր չէ՝ ինչ գնով դա կը լինի: Նոյն Արցախի պարագայում իրենց պէտք էր՝ խաղաղապահները դուրս գային, թէ ինչ եղաւ արցախահայութեան հետ, դա այդքան էլ հետաքրքիր չէ նրանց:
Պէտք է ընդունել, որ ռուսական արտաքին քաղաքականութիւնն էլ այդքան հոյակապ չէ, իսկ շատ հարցերում շատ անձնաւորւած է, ՌԴ քաղաքականութիւնը շատ է էմոցիոնալ, Ադրբեջանում դա շատ լաւ են հասկանում եւ օգտւում: Դա էլ իր հետեւանքներ է ունենում: Օրինակ՝ այլ պարագաներում Ռուսաստանը կարող էր նոյնիսկ դժգոհ լինելով Փաշինեանից՝ փորձել իր շահերը պաշտպանելու համար այլ քաղաքականութիւն վարել, բայց ներկայիս Ռուսաստանն այլ քաղաքականութիւն կը վարի, կասի՝ եթէ դուք ուզում էք վատը, մենք էլ կանենք աւելի վատը, տեսնենք՝ ում քաղաքականութիւնն է այս կոնֆլիկտների արդիւնքում աւելի ցաւոտ լինելու: Հասկանալի է, թէ ում համար է աւելի ցաւոտ լինելու, եթէ հայ-ռուսական այս հակասութիւնը խորանայ»,- եզրափակել է Խալաթեանը: