Կարէն Իգիթեան. «Արեւմուտքից պահանջ կայ, որ Հայաստանը բանակցութիւնները չվերադարձնի ռուսական հարթակ»
«ԱԼԻՔ» – Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանը Alpha News-ի հետ զրոյցում հայ-ադրբեջանական բանակցութիւնները ռուսական հարթակ տեղափոխելու Մոսկւայի ջանքերը կապում է տարածաշրջանում ռուսական ազդեցութիւնը չկորցնելու հետ:
«Ռուսաստանը տեսնում է, որ իրեն դուրս են մղում տարածաշրջանից եւ փորձում է ինչ-որ ձեւ մնալ այս տարածաշրջանում մինչեւ Ուկրաինայի հարցերը կարգաւորւեն եւ կարողանայ աւելի լուրջ տեսքով վերադառնալ: Դա ինչպէ՞ս կարող է անել: Ադրբեջանն այսօր շատ աւելի ուժեղ երկիր է, քան Հայաստանը, նոյնիսկ Արցախից դուրս վռնդեցին ռուսական զօրքը: Բայց Ռուսաստանն ուզում է մնալ Հարաւային Կովկասում եւ դրա համար շատ յարմար է Հայաստանը, չնայած Փաշինեանի կառավարութիւնը մասնակցում է ռուսական զօրքերի դուրսմղմանը Հայասանից: Իսկ Ադրբեջանը ռուսներին ասում է՝ մենք ձեր հետ համաձայն ենք, նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ կէտ կար, որում նշւում էր, որ կը լինի ռուսական վերահսկողութիւն, մենք դէմ չենք: Ադրբեջանը շատ խելացի խաղ է խաղում, նախ գնացին Արեւմուտք, կատարեցին նրանց կողմից եղած պահանջները, հիմա էլ ռուսներին հարցնում են,թէ ինչ են ուզում: Իրենց շահը համադրում են ուրիշ երկրների շահերի հետ, որպէսզի այդ պահին դաշնակից ունենան եւ ստանան այն, ինչ ուզում են: Դա եղաւ նաեւ Արցախի հարցում, երբ արեւմտեան հարթակում Փաշինեանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը եւս կարողանում են համապատասխանեցնել Ռուսաստանի հետ, չնայած Ռուսաստանին այդ միջացքը պէտք չէ, Ռուսաստանին պէտք է ինչ-որ տեղ, որտեղ ամրագրւած կը լինի, որ իրենք զօրք ունեն»,- ասել է Կարէն Իգիթեանը:
Կարէն Իգիթեանը դժւարանում է ասել՝ ռուսական հարթակում հայ-ադրբեջանական բանակցութիւնների վերսկսումը հնարաւոր կը լինի՞, թէ՝ ոչ, շեշտելով, որ դա կախւած է նաեւ հայկական կողմից:
«Ռուսաստանն այսօր քաղաքական ու ռազմական լծակներ չունի Հարաւային Կովկասում, բայց տնտեսութեան տեսանկիւնից ունի եւ պարբերաբար ցոյց է տալիս, որ այդ լծակները կան: Քանի որ Ռուսաստանի ազդեցութիւնը թուլացել է, Հայաստանը փորձում է բոլոր հարցերը լուծել այնպէս, ինչպէս իրենց կասեն Արեւմուտքից: Այսինքն՝ Հայաստանը չի ցանկանում բանակցութիւնները վերադարձնել ռուսական հարթակ, որովհետեւ այդպէս են ասում Արեւմուտքից»,- ընդգծել է Կարէն Իգիթեանը:
Յիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ից 19-ը պետական այցով Բաքւում եղած ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկւան պատրաստ է մասնակցել Բաքւի եւ Երեւանի յարաբերութիւնների կարգաւորմանն այն մասով, որը պահանջւած կը լինի երկու երկրների կողմից։
Այս յայտարարութեանը Ալիեւը չէր արձագանգել, սակայն աւելի ուշ ռուսական «Իզւեստիա»-ին տւած հարցազրոյցում արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն ասել էր, որ ռուսական հարթակն ընդունելի է Բաքւի համար, մինչդեռ Երեւանն ըստ Բայրամովի՝ վերջին շրջանում անհամաձայնութիւն է յայտնել այդ հարթակին: