Արթուր Խաչատրեան. «Կառավարութեան մատուցած տնտեսական աճի պայմաններում մենք տեսնում ենք ծայրայեղ աղքատութեան աճ»
«ԱԼԻՔ» – ՀՀ կառավարութիւնն օգոստոսի 11-ին «աւետեց», որ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով, որ մէկ շնչի հաշւով ՀՆԱ-ն կազմել է 750 հազ. 873 ՀՀ դրամ, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի՝ 726 հազ. 474 ՀՀ դրամի համեմատ։ Սակայն վիճակագրական տւեալները ցոյց են տալիս, որ Հայաստանում տնտեսութեան «աճի» նման ցուցանիշների պայմաններում աղքատութեան մակարդակն աւելի է բարձրանում։ Տնտեսագիտութեան դասական սկզբունքներին հակասող այս երևոյթի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հետ։
«Նախ 6.4% ՀՆԱ-ի աճը ցոյց է տալիս, որ աճի տեմպերը դանդաղել են, քանի որ նախորդ տարի կարծեմ 8 %-ից աւել էր եղել այն։ Պէտք է դիտարկենք, թէ ինչով է պայմանաւորւած այդ աճը։ Եթէ նայենք առաջին կիսամեակի վիճակագրութիւնը, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի յետեւում հիմնականում կանգնած է ոսկու արտահանումը եւ վերամշակումը։ Հայաստանում ոսկու վերամշակման նման էական հզօրութիւններ չեն ստեղծւել առնւազն վերջին մի քանի տարիների ընթացքում, հետեւաբար՝ այդ ամբողջ տնտեսական աճը պայմանաւորւած է Ռուսաստանից ոսկու ներմուծմամբ, եւ այն Միացեալ Արաբական Էմիրութիւններ արտահանմամբ, իսկ դրանից յետոյ՝ երրորդ երկրներ։
Այսինքն, այդ տնտեսական աճը պայմանաւորւած է Հայաստանից անկախ գործօններով, աւելի կոնկերտ ասած՝ Ռուսաստանի դէմ կիրառւած պատժամիջոցներով։ Թէ՛ արդիւնաբերութեան, թէ՛ ծառայութիւնների, թէ առեւտրի աճերը բացառապէս պայմանաւորւած են այդ գործօններով, սակայն առանց այդ դրական արտաքին ազդակների՝ էական նւազում ենք մենք տեսնում։
Մասնաւորապէս՝ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներն էապես նւազել են՝ 2023 թւականի նոյն ժամանակահատւածի հետ համեմատած։ Եթէ նայենք զուտ ներհոսքը, ապա կտեսնենք, որ այն 40%-ով կրճատւել է։ Այսինքը, մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը գնալով դանդաղում է, իսկ այն դրական գործօնները, որոնք կան, աւելի են մեղմւում։ Եթէ հանենք արտաքին գործօններով պայմանաւորւած դրական ազդակները, ապա կտեսնենք, որ մեր տնտեսութիւնն ընդհանրապէս անկման վիճակում է գտնւում։
Ինչ վերաբերում է տնտեսական աճի եւ ժողովրդի բարեկեցութեան մակարդակի յարաբերակցութեանը, ապա տնտեսական աճի պայմաններում մենք տեսնում ենք աղքատութեան եւ ծայրահեղ աղքատության աճ։ Մասնավորապես գյուղական համայնքներում ծայրայեղ աղքատների թիւն նախորդ տարւայ համեմատ գրեթէ կրկնապատկւել է։ Այն մի բացատրութիւն ունի՝ նման տնտեսական ակտիւութիւնը, որը ցոց է տրւում, որեւէ ազդեցութիւն չունի Հայաստանի իրական կեանքի վրայ։ Այո, կան մարդիկ, ովքեր դրանից շատ-շատ մեծ փողեր են աշխատում, բայց հասարակութիւնը, մարդիկ, ժողովուրդը, որոնց բարեկեցութիւնը պայմանաւորւած է տնտեսական աճով՝ իրական տնտեսական աճով, աւելի լաւչեն ապրում, որովհետեւ ներքին գործօններով պայմանաւորւած իրական տնտեսական աճ մենք չունենք»,- ասաց Արթուր Խաչատրեանը։