Երեւան-Մոսկւա դիւանագիտական կոշտ փոխհրաձգութիւն․ ի՞նչ ցոյց տւեց այն
Երեւանն ու Մոսկւան միմեանց մեղադրում են հայ-ադրբեջանական, այսպէս կոչւած, պայմանաւորւածութիւնները եւ խաղաղութեան ջանքերը սաբոտաժի ենթարկելու մէջ։
Ինչպէս յայտնի է, օրերս Բաքւում ռուսական ԶԼՄ-ներից մէկին տւած հարցազրոյցում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարեց, որ Երեւանը սաբոտաժի է ենթարկում Սիւնիքի մարզով հաղորդակցութիւնների ապաշրջափակման պայմանաւորւածութիւնը։
«Երեւանն է, որ սաբոտաժ է անում Հայաստանի՝ Սիւնիքի մարզով հաղորդակցութիւնների ապաշրջափակման մասին պայմանաւորւածութիւնը, մինչդեռ Մոսկւան հանդէս է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան շուտափոյթ աւարտի օգտին»,- «Ռիա նովոստիի» հաղորդմամբ՝ ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։
«Մենք կողմ ենք խաղաղութեան պայմանագրի շուտափոյթ կնքմանը եւ հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Սիւնիքի մարզի հաղորդակցութիւններին, ապա, ցաւօք, Հայաստանի ղեկավարութիւնն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանաւորւածութիւնը, որի ներքոյ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութիւնն է։ Դժւար է հասկանալ, թէ որն է նման դիրքորոշման իմաստը»,- նշել էր Լաւրովը։
Նա ընդգծել է, որ այսօր գլխաւորը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թւականներին ձեռք բերւած մի շարք եռակողմ պայմանավորվածութիւնների ոգուն եւ տառին հետեւելն է։ «Եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի հիմքում դրւածն այսօր մնում է լիովին արդիական»,- ասել է Ս.Լաւրովը։
ՀՀ ԱԳՆ արձագանքը չուշացաւ․ «Հայաստանի վերաբերեալ ՌԴ ԱԳ նախարարութեան զանազան պաշտօնեաների՝ իրականութեանը չհամապատասխանող, ակնյայտօրէն կողմնակալ, յաճախ անյարգալից մեկնաբանութիւնները, ցաւօք, վաղուց արդէն նորոյթ չեն, եւ եթէ նկատել էք, տեւական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:
Այնուամենայնիւ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի երէկւայ յայտարարութիւնը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլեւ կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Ռուսաստանի Դաշնութեան կառուցողական ներգրաււածութիւնը: Երբեմնի միջնորդական առաքելութիւն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրած, դրա հիման վրայ տարածաշրջանում խաղաղապահ զօրախումբ տեղակայած պետութեան ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկայ այդ յայտարարութեան գէթ մէկ առանցքային կէտ, որն անդառնալիօրէն խախտւած չլինի՝ չնայած դրա ներքոյ ՌԴ ստորագրութեանը եւ դրանով նախատեսւած գործընթացներում ՌԴ մասնակցութեանն ու պատասխանատւութեանը: Կարծում ենք նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղեակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս Հայաստանը որեւէ այլ պայմանաւորւածութեան մաս չի կազմում, հետեւաբար՝ չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:
ՀՀ ԱԳՆ յայտարարութեան համաձայն, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ներկայացրած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծն արդէն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրութեան շրջանում, այն մի քանի անգամ ներկայացւել է նաեւ ՌԴ ներկայացուցիչներին։
«Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարաւոր է բառացիօրէն ամէն պահի։ «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, եւ ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ յայտարարութիւններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարաւային Կովկասում խաղաղութեան հասնելու ջանքերը։ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը բազմիցս վերահաստատել եւ հիմա էլ վերահաստատում է իր հաւատարմութիւնը խաղաղութեան օրակարգին եւ իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեյաջող իրացնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳՆ խօսնակը՝ արձագանքելով Լաւրովին։
168․am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրէյ Արեշեւն ասաց, որ բնականոն յարաբերութիւնների դէպքում ոչ Ռուսաստանից, ոչ էլ ի պատասխան՝ Հայաստանից կը հնչէին նման յայտարարութիւններ։ Սակայն, նրա որակմամբ, յարաբերութիւնների ներկայիս փուլին հանգեցրել են ոչ թէ Մոսկւայի, այլ Երեւանի գործողութիւնները, որոնք, դատելով այս յայտարարութիւնից, շարունակւելու են նոյն ոգով։
Վերլուծաբանի կարծիքով, կարեւորը Երեւանի յայտարարութիւնում այն է, որ Երեւանը կասկածի տակ է դնում Մոսկւայի միջնորդութեան կառուցողականութիւնը, ինչը նշանակում է, որ նոյնիսկ Բաքւի հաւանութեան դէպքում Մոսկւան չի կարողանայ զբաղւել միջնորդի առաքելութեամբ։
«Դա միայն գուցէ հնարաւոր դառնայ ինչ-ինչ իրավիճակների պարագայում, երբ Երեւանն այլեւս որեւէ յոյս չունենայ Արեւմուտքից, սակայն, ինչպէս գիտէք, Արեւմուտքն անում է ամէն բան Երեւանին վերջնականապէս Ռուսաստանից պոկելու, հեռացնելու համար, որի համար տրամադրւում են միջոցներ, քաղաքական գործիքներ են կիրառւում, ձեւաչափեր ստեղծւում, որպէսզի ՀՀ իշխանութիւնները հաստատակամօրէն առաջ շարժւեն իրենց ներկայիս կուրսի հարցում։ Չէ՞ որ արեւմտեան պաշտօնեաները հրապարակայնօրէն խոստովանում են, որ անում են նման քայլեր քաջալերելու համար ՀՀ-ի համարձակ որոշումները, ինչն այս դէպքում վերաբերում է Ռուսաստանի հետ յարաբերութիւններում որոշումներին։
Չեմ կարծում նաեւ, որ ՀՀ Խաղաղութեան խաչմերուկ նախագիծը դարձել է միջազգային քաղաքականութեան օրակարգ, արեւմտեան առաջնորդներն այն առաջ չեն մղում, ՀՀ իշխանութիւններն այն կարող են ներկայացնել, առաջ մղել, սակայն որեւէ արեւմտեան առաջնորդ այն իր հրապարակային յայտարարութեամբ չի աջակցել, դրանից չի խօսել, Ադրբեջանն այն չի ընդունել, սակայն ստացւում է, որ այն ՌԴ-ն է սաբոտաժի ենթարկում, ինչը չի համապատասխանում իրականութեանը»,- նկատեց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ ՌԴ-ի՝ հայ-ադրբեջանական գործընթացում միջնորդ դառնալու փորձերը գուցէ չպսակւեն յաջողութեամբ։
«Հաշւի առնելով ՌԴ լուրջ խնդիրները երկրի ներսում, իրավիճակը ռազմաճակատում, այդ փորձը միջնորդելու գործընթացում ասւում է, որպէս ստանդարտ փաթեթի մի մաս, սակայն ՌԴ-ի համար, չեմ կարծում, որ այս փուլում դա այնքան սկզբունքային հարց է»,- նման կարծիք յայտնեց Արեշեւը։
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշէիլին էլ մեզ հետ զրոյցում ասաց, որ ՌԴ-ն չի կարող ստանձնել արդիւնաւէտ միջնորդական ջանքեր, եթէ կողմերից մէկի կարծիքով՝ այն իր մասնակցութեամբ նախորդ պայմանաւորւածութիւնների իրականացումը չի երաշխաւորել։ Ուստի վերլուծաբանը տեղին է համարում ՀՀ դիրքորոշումը, սակայն կարծում է նաեւ, որ Արեւմուտքն է՛լ աւելի ակտիւ ջանքեր պէտք է ներդնի հարաւկովկասեան այս հակամարտութեան կարգաւորման հարցում ռեգիոնում հակամարտութեան սրացումներ թոյլ չտալու համար։
«Տեսնում ենք, որ կան տարաձայնութիւններ՝ ինչպէս Երեւանի ու Բաքւի, այնպէս էլ՝ Երեւանի ու Մոսկւայի միջեւ, որն ուղեկցւում է աշխարհաքաղաքական բաւականին լարւած իրավիճակով, երբ Մոսկւան փորձում է նաեւ որոշ դիւանագիտական դիրքեր ետ բերել Հարաւային Կովկասում։ Սա պահանջում է Արեւմուտքից զգօնութիւն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցութիւններին, ապա, վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ ուղիղ բանակցել։
«Ընդհանուր առմամբ, որքան էլ ՌԴ նախագահին Ադրբեջանում ընդունեցին, Ադրբեջանը պահպանում է իր բազմաւեկտոր քաղաքականութիւնը եւ, չնայած ՌԴ ցանկութեանը, ինչպէս նաեւ տարաձայնութիւններին Արեւմուտքի հետ, պահպանում է որոշակի բարդ բալանս»,- ասաց Գոգոլաշւիլին։