ԻրանՔաղաքական

Դոկտ. Լարիջանին «Թեհրան, Թել Աւիւ» վաւերագրական ֆիլմում. «Եթէ տարածաշրջանի երկրները մեզանից օգնութիւն խնդրեն, մենք նրանց կողքին կը լինենք»

«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար դոկտ. Ալի Լարիջանին իր ստանձնած պարտաւորութիւնների ու մօտեցման մասին խօսելիս անդրադարձել է անվտանգութեան հարցում ժողովրդի գործօնի կարեւորութեանը եւ նշել. «Ազգային անվտանգութիւնը փոխկապակցւած հարց է, եւ այս հարցում յաջող մօտեցումներով աշխատանքի արդիւնքն այն է, որ ժողովուրդը պիտի կարողանայ հեռանկարներով կեանք վարել: Այս հարցում դերակատար են տարբեր գործօններ: Արդիւնքում եթէ դուք ունէք ազգային համախմբւածութիւն ներքին դաշտում, մեծ կը լինեն յաջողութիւններն արտաքին ճակատում ու բանակցութիւններում: Հակառակ դէպքում պէտք է սպասել նոյնքան մեծ կորուստների»:

Դոկտ. Լարիջանին վերջերս Բէյրութ կատարած ուղեւորութեան մասին պատմող «Թեհրան, Թել Աւիւ» վաւերագրական ֆիլմում յիշեցրել է Իրանի որդեգրած մօտեցման մասին, որի համաձայն, եթէ տարածաշրջանի երկրները օգնութիւն խնդրեն, Իրանը հնարաւորութեան սահմաններում պատրաստ է օգնել եւ ուղեկցել նրանց: «Հետեւաբար, անկախ նրանից՝ Իրաքում ենք, թէ այլ երկրներում, մեր մօտեցումը մնում է նոյնը, այն, որ մենք պարտաւոր ենք լինել մեր եղբայրների կողքին, բայց մենք կարգադրութիւններ չենք անում նրանց փոխարէն»,- նշել է նա։

Վերադառնալով բանակցութիւնների թեմային դոկտ. Լարիջանին նշել է. «Եթէ դուք բանակցութիւններ էք վարում միջազգային հարցերի շուրջ եւ ներդաշնակ յարաբերութիւններ ունէք տարածաշրջանի այլ երկրների հետ, դա կազդի բանակցութիւններում յաջողութեան վրայ: Հետեւաբար, սոցիալական, մշակութային եւ տնտեսական բազմաթիւ հարցեր, որոնց ազդեցութիւնը ազգային անվտանգութեան հարցում աննշան է թւում, փոխկապակցւած համատեքստով կարեւոր գործօններ են դառնում ազգային անվտանգութեան կամ նոյնիսկ ցանկացած բանակցութիւնների մասնագիտակցւած փուլերում»:

«Լիբանան կատարած իմ վերջին այցից առաջ, Իսրայէլը յարձակւել էր Լիբանանի վրայ, բայց այդ ժամանակ «Հեզբօլլահ»-ը ցոյց տւեց իր զօրութիւնը, սա այն դէպքում երբ այդ երիտասարդները կորցրել էին իրենց գլխաւոր առաջնորդներին, «Փէյջերների գործողութեան» շուրջ երեք հազար մարտիկի կորուստը կար նաեւ, սակայն նրանք վերականգնւել են, ու Իսրայէլին տարածք չզիջեցին»,- նշել է Լարիջանին եւ յիշեցրել, որ Լիբանանում հակամարտութիւնները կը շարունակւեն, քանի Իսրայէլը չի դադարեցրել իր ագրեսիան: Նա յաւելել է. «Լուծումների առումով Լիբանանին ասել ենք, որ մենք ձեզ հետ ենք բոլոր հանգամանքներում: Իհարկէ, այս հարցում Լիբանանի ժողովուրդն է որոշում կայացնողը, իսկ մենք չենք միջամտում Լիբանանի ներքին գործերին»։

Ներկայ իրավիճակում Միացեալ Նահանգների հետ բանակցութիւնների դիրքորոշման վերաբերեալ Լարիջանին նշել է. «Բանակցութիւնը մարտավարութիւն է, եւ որոշ դէպքերում՝ անհրաժեշտութիւն, բայց բանակցութիւններում պէտք է ձեռքերդ լիքը լինի, հակառակ դէպքում բանակցութիւններում ոչ ոք քեզ հաշիւ չի տայ: Սակարկել կարող ես այնքան, որքան ուժ ունես»։

Դոկտ. Լարիջանին յաւելել է. «Մեզ համար ընդունելի չէ, երբ գերտէրութիւնները վերջնաժամկէտ են սահմանում երկրների համար, եւ սա քաղաքակիրթ երկխօսութեան լեզու չէ: Պրն. Թրամփը նոյն կերպ Իրանի համար վերջնաժամկէտ էր սահմանել, չնայած ով է բանի տեղ դնում»։

Շարունակելով միտքը Լարիջանին նշել է, որ սխալն այնտեղ է, որ նրանք հազարաւոր կիլոմետր հեռաւորութիւնից գալիս են ասելու՝ այս պահին այսինչ բանը պէտք է արւի: «Թող գնան եւ ինչքան ուզում են ասեն: Մենք սա միայն արհամարհանքի արժանի ենք համարում»,- նշել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարը։

Լարիջանին յաւելել է. «Մեր ձեւաչափը երկրների հետ յարաբերութիւններում նրանց ինքնիշխանութիւնը յարգելն է: Եթէ ամերիկացիները ցանկանում են օգնել, թող օգնեն, բայց նրանք միայն կարգադրում են»։

Հարցին ի պատասխան, թէ պատերազմի ընթացքում պաշտպանութեան ոլորտում նկատելի դարձան որոշակի բացթողումներ: Իրանին յաջողւե՞լ է արդեօք վերականգնել այն, ինչը համարւում էր նրա թոյլ կողմը, նա պատասխանել է. «Այո, վերակառուցումը սկսւել է պատերազմի առաջին իսկ պահից: Բայց այս առումով ամենակարեւոր հարցը կամքի ուժն է։ Անկասկած պէտք է օգնութիւն ստանանք ուրիշներից նաեւ, բայց կարեւորը մեր ներքին կարողութիւններն են, որոնք պէտք է ամրապնդւեն»։

Իրանում կենսամակարդակը բարձրացնելու եւ տնտեսական խնդիրների լուծման կարեւորութեանն անդրադառնալով նա նշել է. «Բոլոր ջանքերի արդիւնքը պէտք է լինի այն, որ ժողովուրդն ունենայ խաղաղ պայմաններ, իսկ տնտեսութիւնը՝ զարգանայ եւ ռիսկերից հեռու՝ դառնայ կանխատեսելի: Մեր նպատակը պէտք է լինի ժողովրդի խաղաղ ապրուստը: Այժմ ժողովուրդը ծանր ճնշումների տակ է, իսկ մեր աշխատանքները պէտք է ուղղւեն այդ ճնշումների վերացմանը»:

Նա ընդգծել է. «Անվտանգութեան խորհուրդը լրջօրէն է մօտենում ազգային համախմբւածութեանը, յատկապէս, ներկայ իրավիճակում: Ժողովուրդը պատերազմի ժամանակ ցոյց տւեց իր իրական հայրենասէրի դէմքը, եւ դա ցուցաբերւած մեծագոյն մեծահոգութիւնն էր, որը պէտք է փայփայել։ Պետութիւնը եւ քաղաքացիական ինստիտուտները պէտք է ուշադրութիւն դարձնեն այս փաստին, քանի որ դա փոքր նւաճում չէ, եւ ես նոյնպէս հոգ եմ տանելու այս ուղղութեամբ: Սա հարստութիւն է, որը չպէտք է իրեն վտանգւած զգայ։ Իհարկէ, երբեմն թշնամին է խնդիրներ ստեղծում, իսկ երբեմն՝ պետական օղակների կողմից անուշադրութեան մատնւելու կամ անվճռականութիւնն է խանգարում»։

Related Articles

Back to top button