ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի եւ Սիրիայի պաշտօնեաները Փարիզում ԱՄՆ միջնորդութեամբ բանակցութիւններ են վարում

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդութեամբ երկխօսութիւն, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարութեան եւ գլխաւոր հետախուզութեան վարչութեան պատւիրակութիւնը իսրայէլական կողմի ներկայացուցիչների հետ: Հաղորդում է Al Arabiya-ն՝ յղում անելով դիւանագիտական աղբիւրներին։

Բանակցութիւնները կենտրոնացած են եղել անվտանգութեան վերջին զարգացումների եւ Սիրիայի հարաւում շարունակւող լարւածութեան զսպման ջանքերի վրայ։

Al Arabiya-ին բացառիկ հարցազրոյց տւած աղբիւրի համաձայն՝ հանդիպման ժամանակ վերջնական համաձայնութիւններ չեն ձեռք բերւել։ Դրա փոխարէն, դա խորհրդակցութիւնների առաջին փուլն էր, որը նպատակ ունէր նւազեցնել լարւածութիւնը եւ վերաբացել հաղորդակցութեան ուղիները դեկտեմբերի սկզբից ի վեր շարունակւող լարւածութեան պայմաններում։

Հանդիպման ընթացքում սիրիական պատւիրակութիւնը շեշտել է, որ սիրիական տարածքի միասնութիւնը, ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը անքննարկելի սկզբունքներ են։

Նշւել է, որ Սուվէյդան եւ նրա ժողովուրդը սիրիական պետութեան անբաժանելի մասն են, որի կարգավիճակը չի կարող խաթարւել կամ մեկուսացւել որեւէ պատրւակով։

Պատւիրակութիւնը նաեւ վերահաստատել է, որ սիրիական ժողովուրդը՝ պետական ինստիտուտների հետ միասին, անկեղծօրէն յանձնառու է պատերազմի հետեւանքով առաջացած աւերածութիւնների վերականգնմանը։ Տարիներ տեւած հակամարտութիւնից յետոյ սիրիացիները այժմ ձգտում են անվտանգութեան եւ կայունութեան եւ կտրականապէս մերժում են երկրի միասնութեանը սպառնացող ցանկացած կասկածելի ծրագիր։

Պատւիրակութիւնը «կտրականապէս մերժեց սիրիական հողում ցանկացած անօրինական օտարերկրեայ ուժերի ներկայութիւնը եւ դատապարտեց սիրիական հասարակութեան շերտերին շահագործելու ցանկացած փորձ՝ մասնատման ծրագրեր իրականացնելու կամ զուգահեռ կազմաւորումներ ստեղծելու համար, որոնք կարող են յանգեցնել պետութեան մասնատմանը եւ սնուցել կրօնական անհամաձայնութիւնները»։

Սիրիական կողմը նաեւ զգուշացրեց երկիրը քաոսի կամ ներքին անկարգութիւնների մէջ ներքաշելու ցանկացած փորձի դէմ՝ նշելով, որ նման ծրագրերը ուղղւած են Սիրիայի ազգային կառուցւածքի դէմ։ Այն կոչ արեց միջազգային հանրութեանը պատասխանատւութիւն կրել հետագայ էսկալացիայի կանխարգելման համար։

«Պատւիրակութիւնը նաեւ Իսրայէլին պատասխանատու համարեց վերջին էսկալացիայի համար, մասնաւորապէս՝ դեկտեմբերի 8-ից յետոյ որոշակի տարածքներ ռազմական ներխուժումների համար։ Նա զգուշացրեց, որ այս ագրեսիւ քաղաքականութեան շարունակութիւնը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգութեանը եւ յստակեցրեց, որ Սիրիան չի հանդուրժի նոր իրողութիւններ պարտադրելու որեւէ փորձ։ Աղբիւրը նշեց, որ բանակցութիւնների ընթացքում քննարկւել է նաեւ միջազգային երաշխիքներով անջատման համաձայնագիրը երկարաձգելու հնարաւորութիւնը։ Սիրիական պատւիրակութիւնը պահանջել է Իսրայէլի անյապաղ դուրս գալ այն տարածքներից, որտեղ վերջերս մտել է։ Հանդիպումից յետոյ երկու կողմերն էլ համաձայնել են մօտ ապագայում անցկացնել բանակցութիւնների լրացուցիչ փուլեր»,- գրում է արաբական լրատւամիջոցը։

Related Articles

Back to top button