Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալւինա Գիւլումեան. «Սահմանադրութեամբ Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի միջամտելու եկեղեցու գործերին»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմակիցների կողմից Առաքելական Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Վեհափառի դէմ գրոհը կարծես մտնում է գործնական փուլ։ Այն, ինչին այսօրւայ իշխանութիւններին չյաջողւեց հասնել 2018 թւականին, երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում» էին սկսել եւ փորձում էին Վեհափառին հեռացնել Վեհարանից, փորձում են կեանքի կոչել այսօր։

Հոկտեմբերի 17-ին իշխանական կայքերից մէկով ձայնագրութիւն հրապարակւեց, որտեղ կարգալոյծ եղած Աղան աբեղայ Երջնկեանը Նաթան Սրբազանին ասում էր, թէ «Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինեանի դէմ ակցիաներին»։

Այս ձայնագրութեան հրապարակումից ժամեր անց յայտնի դարձաւ, որ  իշխանական լրատւամիջոցում հրապարակւած ձայնագրութեան վերաբերեալ նախաձեռնւել է քրէական վարոյթ՝ Քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 3-րդ մասի յատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազօրութիւնները կամ դրանցով պայմանաւորւած ազդեցութիւնն օգտագործելով հաւաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպէս նաեւ հաւաքին մասնակցելու կամ հաւաքին մասնակցելուց հրաժարւելու նպատակով նիւթապէս շահագրգռելը):

Նիկոլ Փաշինեանն անցնող հինգշաբթի Կառավարութեան հերթական նիստից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում անդրադարձել էր նաեւ եկեղեցու դէմ սկսւած այս գործընթացներին՝ շեշտելով, թէ Առաքելական եկեղեցու պատմութեան մէջ եղել են մի շարք դէպքեր, երբ, օրինակ, կաթողիկոսը պաշտօնանկ է արւել, հրաժարական է տւել ու գնացել։

«Ի՞նչ է եղել դրա արդիւնքում, եկեղեցին փլուզւե՞լ է՝ ոչ։ Էլ չեմ խօսում այն մասին, որ Հայաստանում եպիսկոպոս է դատապարտւել ու տարիներ է անցկացրել բանտում։ Ես իմ լրագրողական տարիներից եմ դա յիշում, բայց հասկանում եմ, որ մեր իրականութեան մէջ այդ յիշողութիւնը չկայ»,- նշել էր Նիկոլ Փաշինեանը։

Մայիս ամսից սկսած՝ Նիկոլ Փաշինեանը հնարաւոր տարբեր հարթակներում խօսում է Վեհափառին հեռացնելու մասին՝ զուգահեռ Վեհափառին վատաբանող տեքստեր հրապարակում։

ՀՀ Սահմանադրական եւ ԵԽ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանների նախկին դատաւոր Ալւինա Գիւլումեանի խօսքով՝ աշխարհիկ իշխանութիւնն իրաւունք չունի միջամտելու Առաքելական եկեղեցու ներքին կեանքին։

«Եկեղեցին պետութիւնից անջատ է, Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, մեր Սահմանադրութիւնն է այդպէս սահմանում։ Եթէ նա արդէն դիմում է գործնական քայլերի, ես ի՞նչ կարող եմ ասել, կրկնում եմ՝ Սահմանադրութեամբ նա նման իրաւունք չունի»,- 168.am- հետ զրոյցում նշել է Ալւինա Գիւլումեանը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրութեան 18-րդ յօդւածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու յարաբերութիւնները կարող են կարգաւորւել օրէնքով»:

Յիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են գտնւում Առաքելական եկեղեցու 3 թեմերի՝ Արագածոտնի, Շիրակի եւ Տաւուշի հոգեւոր առաջնորդները եւ մէկ քահանայ։

Նշենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առաւօտեան Քննչական կոմիտէն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկութիւններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների տներում, նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Խուզարկութիւնից յետոյ բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնւելու վայրի վերաբերեալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկութիւն չունէին: Բերման էին ենթարկել նաեւ թեմի 13 քահանաների։

Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանաւորւած է։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրէական օրէնսգրքի 149-րդ յօդւածի 2-րդ մասի 4-րդ կէտով (Ընտրական իրաւունքի իրականացմանը, ընտրական յանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրութեանը մասնակցող անձանց լիազօրութիւնների իրականացմանը խոչընդոտելը) եւ ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 3-րդ մասով (Հաւաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպէս նաեւ հաւաքին մասնակցելու կամ հաւաքին մասնակցելուց հրաժարւելու նպատակով նիւթապէս շահագրգռելը):

Նշենք նաեւ, որ այս գործողութիւններն իրականացւել են Յովհանավանքի հոգեւոր հովիւ Տէր Արամ քահանայ Ասատրեանի՝ Հանրային հեռուստաընկերութեան եթերում արւած յայտարարութեան հիմքով յարուցւած վարոյթի շրջանակներում։ Տէր Արամը յայտարարել էր, որ 2021 թւականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հաւաքների։

Հաղորդումը Դատախազութիւն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միաւորում» հասարակական կազմակերպութիւնը։

Հոկտեմբերի 16-ի երեկոյեան յայտի դարձաւ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամեայ հաշւապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button