Ալիեւը յուշել է Փաշինեանին՝ ինչ հիմնաւորմամբ Մայր աթոռը «մաքրել» անցանկալիներից, ինչպէս ժամանակին ՀՀ զինւած ուժերը

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ուշադրութեամբ հետեւում է Նիկոլ Փաշինեան-Եկեղեցի կոնֆլիկտին, կամ՝ փաշինեանական քարոզչական-տեղեկատւական արշաւին եւ գործնական քայլերին Մայր աթոռի դէմ, եւ անգամ «բարեկամական յուշումներ» անում հետագայ քայլերի հետ կապւած:
Եւ հիմա, երբ Մայր Աթոռի դէմ արշաւը նոր թափ է առնում Հայաստանում, կան կալանաւորւած նոր հոգեւորականներ, ադրբեջանական քարոզչական լրատւամիջոցներից մէկը՝ Report.az-ը, յօդւած է նւիրել Փաշինեան-Մայր աթոռ կոնֆլիկտին, նկատելով, որ այն 4 տարւայ պատմութիւն ունի: Այսինքն, այդ տարաձայնութիւնները 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ են առաջ եկել, եւ, որ դրանք կամ դրանց պատճառներն այս տարիներին տարբեր կերպ են մեկնաբանւել:
Ու հէնց այստեղ ադրբեջանական քարոզչամեքենան «կողքից յուշում է անում», թէ «ամենատրամաբանականն այս պարագայում «5-րդ շարասեան» հարցն է» (թէպէտ ՔՊ-ականները Մայր աթոռի եւ գործարար Սամուէլ Կարապետեանի դէմ իրենց «իրաւաքաղաքական» պայքարի շրջանակում առանց ադրբեջանական վերը նշւած յորդորի էլ այս թեման առաջ բերել են), եւ յիշեցնում Ուկրաինայում դեռ Պիոտր Պորոշենկոյի նախագահութեան ժամանակ Կիեւի Ուղղափառ եկեղեցու անկախութեան համար զարգացումները, երբ Կոստանդնուպոլսի Ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիեւի խնդրանքին, չեղարկել էր 1686 թւականի որոշումը, որով Կիեւի թեմը յանձնւել էր Մոսկւայի պատրիարքութեանը, ինչը կոշտ քննադատութեան էր արժանացել Ռուսաստանի հոգեւոր ու քաղաքական գործիչների կողմից:
Արդեօ՞ք սա տարածելի է Հայ Առաքելական Եկեղեցու վրայ, եւ փաշինեանական արշաւին ընդդէմ եկեղեցու, պատասխանը, կարծում ենք, ակնյայտ է:
Ինչեւէ, ադրբեջանական լրատւամիջոցը շարունակել է եւ բերել մէկ այլ օրինակ, որ Փաշինեանը «5-րդ շարասեան» դէմ պայքարը 2021 թւականին է սկսել եւ այն էլ բանակից, ուժայիններից, կատարել բազմաթիւ փոխատեղումներ եւ կադրային փոփոխութիւններ ուժային կառոյցներում՝ բանակ, ոստիկանութիւն, յատուկ ծառայութիւններ:
«2023 թւականին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ բանակում չկայ այլեւս «5-րդ շարասիւն: Եւ այն բանից յետոյ, երբ հայկական զինւած ուժերը «մաքրւեցին» «5-րդ շարասեան» խմբից, պաշտօնական Երեւանը ամրապնդեց ԱՄՆ-ի հետ համագործակցութիւնը պաշտպանական ոլորտում»,- գրում է ադրբեջանական յօդւածագիրը եւ յորդորում Փաշինեանին նոյնն անել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ պնդելով, որ «Գարեգին 2-րդը, հայաստանեան ընդդիմութիւնը «5-րդ շարասեան» ներկայացուցիչներ են»: Ասել կուզեն՝ «ռուսական ազդեցութեան տակ են»:
Բայց յետոյ ադրբեջանական լրատւամիջոցն անկեղծանում է եւ ներկայացնում Փաշինեանին ուղղւած իրենց յորդորի իրական պատճառը՝ նշելով. «Այդ «շարասիւնը» քարոզում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ատելութիւն, տարածքային պահանջներ է ներկայացնում, «ողբում են» Ցեղասպանութեան մասին»:
Այսինքն, ադրբեջանական «բարեկամական խորհուրդներում» թաքնւած է թուրք-ադրբեջանական պահանջ՝ ազատւել բոլոր նրանցից, որոնք ոչ հայանպաստ խաղաղութեան օրակարգին կընդդիմանան:
Նշենք, որ մօտ 2 տարի առաջ Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում ասել էր.
«Մեզ մօտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղութիւն, յատկապէս բանակում: Ըստ երեւոյթին, նրանք նախկին իշխանութիւնների դրածոներն են»:
Իսկ իրականում Փաշինեանը բանակի դէմ իր պայքարը սկսել է անմիջապէս 2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ:
Յաւելենք, որ 2023 թւականի մարտին Փաշինեանն ասուլիսի ժամանակ յայտարարել էր.
«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եւ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնւած փաստերի վրայ: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտւել ենք, որովհետեւ բանակում գործել է 5-րդ շարասիւն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծութեան արդիւնքում: Եթէ ուշադիր նայէք, դուք ինքներդ այդ փաստերը կը տեսնէք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կը լինեն, որ իմ այս արած յայտարարութիւնն այնքան տարօրինակ չի թւայ, ինչքան տարօրինակ է թւացել»:
Նոյն թւականի նոյեմբերին Փաշինեանը վստահեցրել էր, թէ բանակում ազատւել են հինգերորդ շարասիւնից:
«Այո, ըստ էութեան, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատւել ենք հինգերորդ շարասիւնից»,- շեշտել էր նա:
Ի դէպ, երբ այս թեմայի վերաբերեալ լրագրողները 2023 թւականի մարտին հարց էին տւել ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին, ում փաստօրէն իր պաշտօնավարման որոշակի ժամանակահատւածում յաջողւել է «բանակից վերացնել «5-րդ շարասիւնը»», պատասխանել էր.
«Ես չեմ կարող առաջնորդների մասին խօսել, բայց ամենօրեայ դեզինֆորմացիան, սխալ տեղեկութիւնների տրամադրումը, այդ թւում՝ տեղեկութիւններ, որոնք երբեմն յօգուտ թշնամու են… Խօսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, երէկ յայտարարութիւններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տաւուշում, չգիտեմ՝ որտեղ, տարբեր տեղեր է, ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթէ դա չի ուղղորդւում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից։ «5-րդ շարասիւնը» կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտօն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թէ՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցէ լրագրողնե՞ր են»:
Տպաւորութիւն է, որ Սուրէն Պապիկեանը տեղեակ չի եղել, որ իր քաղաքական առաջնորդը պատերազմից առաջ, ընթացքում եւ յետոյ գաղտնիք պարունակող տեղեկութիւններ է պարբերաբար յայտնել, ինչից զերծ չեն մնացել իր քաղաքական թիմի այլ անդամներ:
Իսկ լրագրողների հետ ճեպազրոյցից առաջ Պապիկեանը բանակում «5-րդ շարասեան» առկայութեան մասին խօսել էր Պաշտպանութեան եւ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նիստի ժամանակ:
«Եթէ բանակում կան խնդիրներ ու արատաւոր երեւոյթներ, ու ընդդիմութեանը կարելի է ամէն օր դրա մասին խօսել, դա նրանից է, որ պահանջը, կամ գուցէ պատւերը դրա մասին է, որովհետեւ դա թուլացնում է մեր պետականութեան կենսունակութիւնը: Ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականութեան կենսունակութիւնը, 5-րդ շարասիւնը նրանց համար մեղմ է, դա աւելի շատ նման է դաւաճանութեան: Մեզ պատի՞ւ է բերում, որ մեր շարքերում դաւաճաններ լինեն, կամ Զինւած ուժերի որեւէ սպայ կարող է դժգոհել, թէ «մեր դաւաճաններին խի՞ էք բացայայտում»։
Նւազագոյնն է, որ արւում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկէք, մի բան էլ ասում էք՝ «մեր դաւաճանները պուպուշ են, պէտք է թաքուն պահէք»։ Ո՛չ, պէտք է հրապարակայնացւի ու արմատախիլ արւի մեր հասարակութիւնից։ Բանակում դաւաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասիւնը Զինւած ուժերում անելիք չունի»:
Յարմար պատճառ է, չէ՞, ազատւելու անցանկալի զինւորականներից:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցութեանը, ապա նախկինում ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ շատ դէպքերում առաւել լուրջ համագործակցութիւն է ունեցել Հայաստանը:
Ի դէպ, «5-րդ շարասեան առկայութիւնը» ժամանակ առ ժամանակ օգտագործել եւ օգտագործում է ինքը՝ Ալիեւը, եւ հիմա այս համատեքստում է նաեւ ադրբեջանական քարոզչամեքենան մեկնաբանում Ռամիզ Մեհդիեւի նկատմամբ իրաւաքաղաքական եւ քրէական հետապնդումը:
Յիշեցնենք, որ ադրբեջանական լրատւամիջոցների կողմից յաճախ «գորշ կարդինալ» անւանւող Ռամիզ Մեհդիեւը զգալի ազդեցութիւն է ունեցել Ադրբեջանի քաղաքականութեան վրայ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնում գտնւելու գրեթէ 25 տարիների ընթացքում։ Նա եղել է՝ ինչպէս ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի, այնպէս էլ՝ նրա հօր՝ Հէյդար Ալիեւի աշխատակազմի ղեկավարը։ Մեհդիեւը պաշտօնանկ է արւել նախագահի հրամանագրով 2019 թւականի հոկտեմբերին։ Նոյն օրը Ալիեւը նրան շնորհել է երկրի բարձրագոյն պետական պարգեւը՝ առաջարկելով, որ նա «տեղը զիջի երիտասարդ սերնդին»։
Նշենք, որ պրոռուսական է համարւել նաեւ Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Նաջմէդդին Սադիկովը, որին, ինչպէս յայտնել ենք, 44-օրեայի ժամանակ մեկուսացրել են թուրք գեներալները:
Աւելին, Middle East Eye-ը գրել էր, որ 2020 թւականի պատերազմի ժամանակ Անկարան Ադրբեջանին ոչ միայն մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, ՌԷՊ համակարգեր, հետախուզական միջոցներ, այլեւ թուրք պաշտօնեաները զբաղւել են Ադրբեջանի զինւած ուժերից պրոռուսական անձանց եւ «էլեմենտների» չէզոքացմամբ, որոնցից մէկն էլ համարւել է Նաջմէդդին Սադիկովը:
168.am



