ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ընտրութիւններին առաւելագոյն մասնակցութիւնն ու ճիշտ ընտրութիւնը կարեւոր է»

«ԱԼԻՔ» – Ղադիր տօնի առիթով, երէկ՝ յունիսի 25-ին Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է հազարաւոր քաղաքացիների հետ:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ի թիւս այլ հարցերի, յատուկ անդրադարձել է առաջիկայ ուրբաթ օրը կայանալիք նախագահական ընտրութիւններին՝ կարեւորելով ժողովրդի ակտիւ մասնակցութիւնն ու ճիշտ ընտրութիւն կատարելը:

Ժողովրդական նախագահի՝ այաթ. Ռէյիսիի նահատակութիւնից 40 օր անց ընտրութիւնների անցկացումը համարելով աշխարհում հազւադէպ երեւոյթ, այաթ. Խամենէին յոյս է յայտնել, որ Աստւած այս ընտրութիւններում կը փառաւորի Իրանի ժողովրդին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով համակարգի դէմ շարունակւող թշնամանքին, նրա հիմանադրումից մինչ օրս, դրանց յաղթահարման կարեւոր գործօն է համարել ընտրութիւններն ու դրանցում ժողովրդի առաւելագոյն մասնակցութիւնը՝ նշելով. «Հանրապետականութիւնը եւ ժողովրդի մասնակցութիւնը Իսլամական Հանրապետութեան էութիւնն են, եւ երկրի ղեկավարի ընտրութիւնը դրանց կարեւորագոյն դրսեւորումն է»:

Այաթ. Խամենէին բոլորին կոչ է արել կարեւորել ընտրութիւններն ու ակտիւօրէն մասնակցել դրանց՝ յատուկ ընդգծելով արժանաւոր թեկնածուի ընտրութիւնը. «Արժանաւորը նա է, ով առաջին հերթին հաւատում է յեղափոխութեան եւ համակարգի սկզբունքներին այնպէս, ինչպէս յանուն ծառայութեան նահատակւած նախագահ Ռէյիսին, ով աշխատում էր հոգով, սրտով եւ համոզմունքով»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն արդինաւէտութիւնը եւս համարելով արժանաւոր թեկնածուի կարեւոր յատկանիշերից մէկը՝ ասել է. «Աշխատունակութիւն նշանակում է գիշեր ու ցերեկ չճանաչել եւ անդուլ աշխատել՝ ընտրելով եւ օգտագործելով լաւ գործընկերներ»:

Այաթ. Խամենէին քննադատելով երկրի որոշ քաղաքական գործիչներին, որոնք առաջընթացի համար աշխարհի այս կամ այն գերտէրութիւնից կախւածութիւնը համարում են անխուսափելի, եւ տարւած են այն պատրանքով, որ առաջընթացի բոլոր ուղիներն անցնում են ԱՄՆ-ով, ասել է. «Նրանք, ովքեր իրենց հայեացքներն ուղղել են երկրի սահմաններից դուրս, չեն կարողանում տեսնել ու հաւաստանշել երկրում առկայ կարողութիւնները եւ, բնականաբար, չեն կարողանում ծրագրաւորել դրանց արդինաւէտ օգտագործումը»:

Անդրադառնալով ոմանց կողմից «ներքին հնարաւորութիւնների օգտագործման շեշտադրման» սխալ վերագրմանն առ այն, որ դա նշանակում է «ցանկապատել երկիրն ու խզել կապերն աշխարհի հետ», Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է. «Մենք ի սկզբանէ փորձել ենք յարաբերւել ամբողջ աշխարհի հետ, բացառութեամբ մէկ-երկու երկրի, եւ, ի դէպ, նահատակ Ռէյիսիի կառավարութիւնների պէս կառավարութիւններում, որոնք խստօրէն պահպանել են սկզբունքները, երկրի արտաքին յարաբերութիւններն ամրապնդւել են»:

Իր ելոյթի աւարտին, այաթ Խամենէին ակնարկելով «հզօր ու հպարտ Իրան» կարգախօսին նշել է, որ ով հաւատում է այդ կարգախօսին պարտաւոր է եւ պէտք է մասնակցի ընտրութիւններին, իսկ թեկնածուներին կոչ է արել խոստանալ Աստծուն, որ ընտրւելու դէպքում, իրենց գործընկերներին չեն ընտրի նրանց շարքերից, ովքեր խնդիրներ ունեն Իսլամական յեղափոխութեան հետ:

Related Articles

Back to top button