Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Եթէ ամէն ինչ վերջացած լինէր, մեզ էսչափ չէին ճնշի»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով փետրւարի 1-ին արցախցի անւանի գիտնական ու կրթութեան կազմակերպիչ Ղարիբ Բաբայեանի դատավարութեանը:

«Երէկ գիշերը (փետրւարի 1-ԽՄԲ.) ես, ինչպէս հարիւրաւոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցութիւն Ղարիբ Բաբայեանի, ում ուզում էին կալանաւորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆէյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնաւորում բերելու հիմնաւոր չեն։

Առաջին հայեացքից այս ոչ այդքան կարեւոր թւացող դէպքը շատ վտանգաւոր է մի քանի հիմնական պատճառով։

Սա առաջին հերթին խօսքի ազատութեան սահմանափակում է։

Սա հակաթուրքական (կարդայ՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։

 Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողութիւնները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնութիւնները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դէպքերից չէ, նախորդը, օրինակ,՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտէզը հեռացնելն էր։

 Այս ամէնը, որ իրականացնում են Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնները, չունի ոչ մի այլ բացատրութիւն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկեակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատէ՛ք ինքներդ։

 Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրայեղ դրսեւորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչեւ Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։ Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտութեան պայմանագրով» թուրք սպանները պէտք է տեղակայւէին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկէին, որ հայերը չխոչընդոտէին թուրքական զօրքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պէտք։

Դիմադրել համակարգւած, հետեւողական ու հաստատակամ։

Գիտեմ, որ յոգնել էք, գիտեմ, որ զայրացած էք, գիտեմ, որ թեւաթափ լինելը մօտ է թւում, բայց չի կարելի։

Եթէ ամէն ինչ վերջացած լինէր, մեզ էսչափ չէին ճնշի։

Ուստի պայքար մինչեւ յաղթանակ»,- գրել է Գեղամեանը:

Յիշեցնենք, որ Ղարիբ Բաբայեանը ձերբակալւել էր Երեւանի Հանրապետութեան հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանիւթը տարածելու համար։

Փետրւարի 1-ին դատարանը մերժեց նրան կալանաւորելու միջնորդութիւնը, սակայն նրա դէմ ընտրեց վարչական հսկողութիւն եւ սահմանափակեց նրա՝ հրապարակային խօսքով հանդէս գալու իրաւունքը։

Related Articles

Back to top button