89 տարեկանում վախճանւել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս Ս. արքեպիսկոպոս Շիրւանեանը
Կեանքի 89-րդ տարում վախճանւել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս Ս. արքեպիսկոպոս Շիրւանեանը:
Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից յայտնում են News.am-ին, որ յունւարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Գայիանէ վանքում կը կատարւի հանգուցեալ Սրբազան Հօր եկեղեցու կարգը։ Յունւարի 8-ին, ժամը 10։00-ին, յընթացս սուրբ պատարագի կը կատարւի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողութիւնը, ապա յուղարկաւորութիւնը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
Գերաշնորհ Տ․ Արիս Ս. արքեպիսկոպոս Շիրւանեանը (աւազանի անունով՝ Արմենակ) ծնւել է 1934 թ. յուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմեան Իսրայէլի տարածք): Նախնական կրթութիւնը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:
1952-1957 թթ. ուսանել է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Սրբոց Ժառանգաւորաց վարժարանում, որն աւարտելուց յետոյ ձեռնադրւել է կուսակրօն քահանայ՝ անդամագրւելով Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեանը:
1964 թ. ուսանել է Դարէմի (Անգլիա) համալսարանի աստւածաբանութեան ֆակուլտետում՝ ստանալով աստւածաբանութեան բակալաւրի աստիճան:
1964 – 1966 թթ. ուսանել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:
Եկեղեցական կոչումներ եւ ձեռնադրութիւններ
1954 թ. – սարկաւագ՝ ձեռամբ Տ. Եղիշէ արքեպիսկոպոս Տէրտէրեանի։
1957 թ. – կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեանի:
1964 թ. – մասնաւոր վարդապետութեան 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարեանի:
1972 թ. – ծայրագոյն վարդապետութեան աստիճան՝ ձեռամբ Տ. Վաչէ արքեպիսկոպոս Յովսեփեանի:
1974 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Վազգէն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի։
2006 թ. – արքութեան պատիւ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով։
Պաշտօնավարութիւն
1957 թ. – Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանի փոխտեսուչ եւ դասախօս։
1958 թ. – հոգեւոր հովիւ Օմանի (Յորդանան) Ս. Թադէոս հայկական եկեղեցու։ Տնօրէն Հեթումեան հայկական դպրոցի:
1966 թ. – Լոս Անջելէսի (ԱՄՆ) Ս. Յակոբ հայկական եկեղեցու հոգեւոր հովիւ:
1972-1974 թթ. – դասախօս, փոխտեսուչ, ապա տեսուչ Ս. Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանի։
1975-1979 թթ. – Կանադայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
1979-1980 թթ. – Կալկաթայի հայկական ճեմարանի տեսուչ։
1998-1999 թթ. – Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանի տեսուչ:
2012 թ․ – Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան պատրիարքական տեղապահ։
2013 թ․ – Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան էկումենիկ եւ արտաքին յարաբերութիւնների բաժնի տնօրէն եւ մամլոյ խօսնակ: