Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Աշոտեան. «Կասկած չունեմ, որ ստեղծւած իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հէնց Էրդողանի հովանու ներքոյ ռեգիոնալ նոր գործարքի կնքումը»

«ԱԼԻՔ» – «Կասկած չունեմ, որ ստեղծւած իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հէնց Էրդողանի հովանու ներքոյ ռեգիոնալ նոր գործարքի կնքումը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնւող Արմէն Աշոտեանը:

«Կոմունիկացիաների համար պայքարը ոչ սկսւել է 21-րդ դարով, ոչ էլ աւարտւելու է։

Համաշխարհային պատմութիւնը վաղուց է հիւսւել ճանապարհային, լոգիստիկ եւ ջրային ուղիների շուրջ։ Մետաքսի ճանապարհի վրայ վերահսկողութեան շուրջ ստեղծւած կայսրութիւններից մինչեւ նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրայ յարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկեան պատերազմներից մինչեւ սեւծովեան նեղուցների համար պայքար, Սուէզի պատերազմից մինչեւ Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացեալ Նահանգներին եւ ռուս-շւեդական պատերազմ։

Պատահական չէ, որ այսօրւայ ուժի կենտրոններից իւրաքանչիւրն ունի գլոբալ կոմունիկացիաների սեփական մեգանախագիծը՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։

Այսօր մարդկային քաղաքակրթութեան արիւնատար անօթների համար կռիւը նոր փուլ է թեւակոխել, որի մի փոքր, բայց մեզ համար կենսական թատերաբեմ են դարձել Սիւնիքի շուրջ զարգացումները, որոնք ժամանակին վերացւել էին 70-ամեայ Սովետական իշխանութեան, իսկ յետոյ՝ Առաջին Արցախեան պատերազմում մեր տարած յաղթանակի շնորհիւ։

ԱՄՆ նոր վարչակազմը նոր թափ հաղորդեց այս բախումներին, եւ խօսքը միայն Պանամայի ջրանցքի նկատմամբ բացայայտ նկրտումների մասին չէ։ Թրամփի մի քանի այլ նախաձեռնութիւններ նոյնպէս լոգիստիկ պատերազմների տրամաբանութեան մէջ են տեղաւորւում։

Սկսենք Գրենլանդիայից, որի հանդէպ ամերիկեան ուղղակի ոտնձգութիւնները ոչ միայն կղզու եւ Արկտիկայի հարուստ բնական պաշարներով են պայմանաւորւած, այլեւ Հիւսիսային ծովային միջանցքների հանդէպ հետաքրքրութեամբ, որի ռուսական հատւածն արդէն մեծ թափով զարգանում է՝ ապահովելով Եւրոպայի եւ Ասիայի միջեւ բեռների փոխադրման աւելի կարճ ճանապարհ։ Օպտիմալացման աստիճանը հասկանալու համար մի թիւ բերեմ։ Եթէ դասական ճանապարհով՝ Սուէզի ջրանցքով, Համբուրգից Շանհայ բեռները տեղափոխւում են 30-35 օրւայ ընթացքում, ապա այս ճանապարհով՝ 18։

Շատ-շատերը կը զարմանան, բայց Գազայի մասին Թրամփի վերջին սկանդալային յայտարարութեան առիթով նեղ շրջանակներում քննարկւում է նոյնպէս լոգիստիկ շահը։ Պաղեստինցիներին Գազայից տեղահանելու եւ այն մեծ հանգստեան գօտու վերածելու առաջարկութեան շարժառիթներից մէկն ապագայում կառուցւելիք «Բէն Գուրիօն» անունը ստացած նոր ջրանցքի համար աւելի էժան, յարմար եւ անվտանգ երթուղի ապահովելու հարցն է։

«Բէն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկւել է իսրայէլական եւ ամերիկեան շրջանակների կողմից՝ որպէս այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուէզի ջրանցքին։ Այն պէտք է սկսւի Իսրայէլի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Յորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայէլական Էյլաթ քաղաքի մօտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առեւտրի 12-13%-ն անցնում է հէնց Սուէզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եւրոպայի եւ Ասիայի միջեւ։

«Զանգեզուրի միջանցք»-ը, որ արեւմտեան շրջանակները փորձում են դիրքաւորել՝ որպէս Արեւմուտք-Արեւելք կոմունիկացիոն նոր հնարաւորութիւն, ի սկզբանէ չունէր ոչ մի իրական տնտեսական կարեւորութիւն կողմերի համար՝ հանդիսանալով բացառապէս գէոպոլիտիկ նախագիծ Թուրքիայի եւ ատլանտիստների համար՝ ընդդէմ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի։

Հիմա, երբ ամերիկեան նոր վարչակազմը խոր վերանայման է ենթարկում թէ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, թէ իր գլոբալ գերակայութիւնները, երբ ի յայտ են գալիս նոր լոգիստիկ հեռանկարներ, «Զանգեզուրի միջանցք»-ը, մեծ հաւանականութեամբ, զրկւելու է ամերիկեան աջակցութիւնից՝ մնալով թուրքական կենսական շահերի օրակարգում։ Աւելին, եթէ միջանցքը չբացւի, ապա Թուրքիայի համար ահագին կարժեզրկւի Արցախեան վերջին՝ 44-օրեայ պատերազմում նրա աջակցութիւնն Ադրբեջանին։

Կասկած չունեմ, որ ստեղծւած իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հէնց Էրդողանի հովանու ներքոյ ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարաւային Կովկաս եւ Հայաստան»,- գրել է Աշոտեանը:

Related Articles

Back to top button