
«ԱԼԻՔ» – Բանակի Գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Ամիր Մուսաւին ընդգծել է, որ Իրանի թշնամիները թող չսխալւեն եւ անպատասխան թողած ապտակը չդնեն մեր անկարողութեան հաշւին, այն դէպքում, երբ խելամիտ համբերատարութիւնը իրանցիների յատկանիշն է: Նա ընդգծել է. «Սա պատմութեան եւ ժամանակի դասերից է, որ իր տարօրինակ յայտարարութիւններով ու նախկինում պայմանագրեր պատռած էակը մեզ ստիպում է ընտրութեան գնալ թղթի կտոր ստորագրելու եւ նետած ձեռնոցի միջեւ: Աստծոյ կամօք մենք հզօր ենք, քանզի Իրանի մեծ ազգն է հզօր»:
Գեներալ Մուսաւին երէկ՝ փետրւարի 18-ին, բանակի ռազմաօդային ուժերի կազմակերպած «Մահդաւիաթ» միջազգային չորրորդ համաժողովում զգուշացրել է, որ եթէ որեւէ մէկը փորձի թիրախաւորել մեր ազգի անվտանգութիւնը, Իրանն աւելի ուժեղ հարւածներով կը պատասխանի: «Սա յստակ է մեզ համար, յատկապէս, երբ մեր հրամկազմը վերաթարմացնելով ուխտը Գերագոյն հրամանատարի հետ, ստացաւ Յեղափոխութեան երկրորդ փուլ անցնելու՝ «սպասումի» եւ արդարութեան հաստատմանն անհրաժեշտ ենթահողի պատրաստման առաջադրանքը»:
Բանակի Գլխաւոր հրամանատարը յաւելել է.« Գլուխները կորցրել են՝ Իրանի երկինք նետած չորս հատ քարով: Իրենց ասած ստերը շփոթեցրել է նաեւ իրենց, եւ սխալ հաշւարկներից ինքնախաբէութեան են մատնւել: Աստծոյ կամօք նման մոլորումների ու յիմարութիւնների վերջը կործանումն է»։
«Մենք բազմաթիւ դժւարութիւնների միջով ենք անցել: Թիկունքում թողած 46 տարիների ընթացքում մեր թշնամիներն ամբողջ ուժով փորձել են կասեցնել, աւերել, դանդաղեցնել կամ շեղել յեղափոխութեան ընթացքը, սակայն մեր ժողովուրդը յեղափոխութեան առաջնորդների ուղեկցութեամբ ու նւիած նահատակների արեամբ հպարտութեամբ յաղթահարել է բոլոր դաւադրութիւնները»,- նշել է բանակի գլխաւոր հրամանատարը:
Կարեւորելով երիտասարդութեանն իրազէկ պահելու փաստը, նա յաւելել է, որ այս յաջողութիւնների մասին պէտք է տեղեկացւի երիտասարդութիւնը համապատասխան հանդիպումների միջոցով։ «Մեր օրակարգում մշտապէս պէտք է տեղ գտնի «մենք կարող ենք» շունչի փոխանցումը»,- յաւելել է նա։
Եզրափակելով ելոյթը, գեներալ-լէյտենանտ Մուսաւին նշել է. «Մենք վերաթարմացրել ենք մեր ուխտը՝ Աստծոյ, իմամի, դրօշի, սիրելի Իրանի եւ մեր խորաթափանց ու համբերատար ազգի հետ եւ երդւել ենք այս հողի ու ջրի 200,000 նահատակների, Գազայի 50,000-ից աւելի նահատակների, ինչպէս նաեւ նահատակներ Հասան Նասրօլլահի, Հանիէի, Եահեա Սինւարի եւ այլ նահատակների, որ մինչեւ վերջ պիտի պայքարենք ամերիկեան գերիշխանութեան դէմ, որպէսզի այն իր տեղը ճանաչելով յարգի ազգերի իրաւունքները։ Սա է «սպասումի» այս շրջանի անհրաժեշտութիւնը»: