Սի Ցզինպինը յայտարարել է, որ ՌԴ-Չինաստան յարաբերութիւնները կայուն զարգանում են համաշխարհային անկայունութեան ֆոնին

«ԱԼԻՔ» – Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Չինաստան-Ռուսաստան յարաբերութիւնները «կայուն զարգանում են»՝ չնայած անկայուն համաշխարհային իրավիճակին, հաղորդում է Tert.am-ը:
Սի Ցզինպինի խօսքով՝ «այս տարւայ սկզբից, անկայուն իրավիճակի պայմաններում, Չինաստան-Ռուսաստան յարաբերութիւնները կայուն զարգանում են՝ ձգտելով բարձր մակարդակի եւ բարձրորակ զարգացման»։
«Նախագահ Պուտինի հետ մենք երկու անգամ հանդիպել ենք Մոսկւայում եւ Պեկինում, մանրամասն մտքեր ենք փոխանակել Չինաստան-Ռուսաստան յարաբերութիւնների ռազմավարական եւ համապարփակ հարցերի շուրջ, նախանշել ենք նոր ծրագրեր եւ սահմանել նոր ուղենիշներ։ Կարելի է ասել, որ ռազմավարական փոխադարձ վստահութեան բարձր մակարդակը եւ պետութիւնների ղեկավարների միջեւ սերտ շփումները համապարփակ ռազմավարական գործընկերութեան կայուն զարգացման հիմնական երաշխիքն են», – նշել է Չինաստանի առաջնորդը։
Նա յիշեցրեց, որ Միշուստինը եւ ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցեանը «համապարփակ վերանայում են անցկացրել, եւ մենք ամրապնդել ենք երկկողմ համագործակցութիւնը տարբեր ոլորտներում եւ հասել կառուցողական արդիւնքների»։
«Յուսով եմ, որ դուք կը կարողանաք պահպանել սերտ համակարգումը եւ իրականացնել մեր պայմանաւորւածութիւնները նախագահ Պուտինի հետ՝ հիմնւելով մեր երկու երկրների եւ ժողովուրդների հիմնարար շահերի վրայ, եւ խորացնել երկկողմ համագործակցութիւնը՝ ոչ միայն մեր երկրների, այլեւ համաշխարհային զարգացման համար աւելի մեծ ներդրում ունենալու համար», – ասաց Սի Ցզինպինը։
Նա նաեւ Ռուսաստանի վարչապետին անւանեց չինացի ժողովրդի լաւ բարեկամ եւ բարձր գնահատեց նրա ներդրումը Պեկինի եւ Մոսկւայի միջեւ համագործակցութեան զարգացման գործում։



