Հերթական բազմահազարանոց հանրահաւաքը՝ Երեւանում
Սեպտեմբերի 24-ին Հանրապետութեան հրապարակը բազմամարդ է եղել։ Արդէն 4-րդ օրն է՝ տեղի են ունենում հանրահաւաք իշխանութեան հրաժարականի պահանջով։ Հանրահաւաքը մեկնարկել է Արցախի իրավիճակի քննարկմամբ:
«Ընդհանրապէս դրանք պետութեան անելիքներն են, բայց քանի որ այսօր մենք պետութիւն չունենք, պետութիւնն անգլուխ է եւ պետութեան գլխի տեղը դրւած է լրիւ ուրիշ մի իր, մենք ստիպւած ենք այդ խնդիրների մի մասը մենք ստանձնենք։ Մենք՝ այս երկրի պատասխանատու քաղաքացիներս, որոնք հաւաքւել են այստեղ»,- ասել է Ազգային կոմիտէի անդամ Աւետիք Չալաբեանը:
Ազգային կոմիտէի անդամ Հայկ Մամիջանեանն էլ անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի սեպտեմբերի 24-ի տեսաուղերձին. «Նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականութիւնը, յանձնել է Արցախը, այնպէս է արել, որ մենք մենակ մնանք թուրքի ու ադրբեջանցու դիմաց, քանդել է մեր բանակը, մեր փառապանծ գեներալներին նստացրել է բերդեր ու այդքանից յետոյ համարձակւում է ասել, որ այստեղ կանգնած հայերնասէրները մեր երկրի անկախութեանը վնասելու են: Ինքը հերթական անգամ անում է սեւ ու սպիտակի բաժանում, ինքը հերթական անգամ, երբ որ թուրքի հետ դաւադիր պատերազմով երկիրը յանձնել փորձի՝ մեղքը փորձում է գցել այստեղ կանգնած մարդկանց վրայ»:
Հանրահաւաքի ժամանակ ԵՊՀ ուսանողները յայտարարել են, որ իրենք միացել են դասադուլին. «Մեզ խոստացել էին խաղաղութիւն, բայց բերեցին պատերազմ՝ երեք պատերազմ երեք տարում: Մենք հրաժարւում ենք այս իրականութիւնից, մենք չենք կարող հանգիստ նստենք դասի, երբ մեր երկիրը տանում են կործանման, լսարանը ապաստարան չէ, դուրս արի դասադուլի, դուրս արի պայքարի»,-ասել են նրանք:
Ազգային կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանը իշխանափոխութեան համար պայքարող քաղաքական ուժերին համերաշխութեան ու միասին գործելու կոչ է արել. «Ներէք իրար, ձեռք-ձեռքի տւէք, իրար լրացրէք։ Բոլորս միասին դա պէտք է անենք։ Ես պատրաստ եմ կոմիտէի գործընկերների հետ հանդիպել քաղաքական ուժերի հետ։ Թող գան, միայն համերաշխութեամբ կարելի է լուծել հարցը, միասնական լինելով կարող ենք ջարդել այս դեւին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Ազգային կոմիտէի անդամ Իշխան Սաղաթէլեանը ներկայացրել է սեպտեմբերի 25-ի անելիքները:
«Մեր միակ ռեսուրսը դուք էք՝ հայ մարդը։ Մենք ոչ ոստիկանութիւն ունենք, ոչ զինւած բանդաներ ունենք, ոչ էլ օտարերկրեայ գործակալներ ենք, ֆինանսաւորւում ենք ինչ-որ մարդկանց կողմից։ Այս փոփոխութիւնը մենք պէտք է անենք մենք մեզանով՝ մեր թիմն աւելացնելով։ Մենք պէտք է դուրս գանք փողոց, անհնազանդութեան մակարդակը հասցնենք մի աստիճանի, երբ իշխանութիւնը ծնկի գայ։ Վերջնական փոփոխութեան հասնելու համար մենք միմեանց անհրաժեշտ ենք»,- յայտարարել է Իշխան Սաղաթէլեանը:
Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած հանրահաւաքից յետոյ քաղաքացիները երթով շարժւել են դէպի Ոստիկանութիւն։
«Մենք չենք գնում ինչ-որ մէկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտայայտենք ընդդէմ ոստիկանական բռնութիւնների եւ ցուցադրենք մեր ուժը»,- յայտարարել է Վազգէն Մանուկեանը:
Քաղաքացիները վանկարկել են «Արցախ», «Արցախ», «Արցախ»։ Անհնազանդութեան բողոքի ակցիաները այսօր արդէն սկսւել են վաղ առաւօտեան 8։00-ից։
«arfd.am»