Հայաստան - Արցախ

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգութիւնը Լեռնային Ղարաբաղում

«ԱԼԻՔ» – Արդարադատութեան միջազգային դատարանն Ադրբեջանին պարտաւորեցրել էր աջակցել Լեռնային Ղարաբաղը լքած հայ փախստականների վերադարձի իրաւունքին, երբ տարածքը գրաւել են ադրբեջանցի զինւորականները։ Բայց եթէ որեւէ հայ ի վերջոյ վերադառնայ Լեռնային Ղարաբաղ, չի ճանաչի այն վայրերը, որոնք լքել է 2023 թւականի վերջին: Այս մասին ըստ News.am-ի՝ գրել է Eurasianet-ը։

Անցեալ տարւայ աշնանից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայկական ժառանգութիւնը վերացնելու ուղղութեամբ։ Արբանեակային նոր լուսանկարները նախկին հայ բնակիչների տների, եկեղեցիների եւ մշակութային այլ նշանակալի վայրերի համատարած աւերածութիւն են ցույց տալիս:

Արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս, որ քանդման համար նախատեսւած որոշ առանձնատների ներսում գտնւող անձնական գոյքը չհամակարգւած ձեւով նետւել է, որոշ դէպքերում դրանց վերաբերւել են որպէս աղբի:

Մարտին Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսութիւնը ցուցադրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) խորհրդարանի շէնքի, ինչպէս նաեւ պատերազմի վետերանների հայկական կենտրոնի ապամոնտաժման կադրերը՝ յայտարարելով, թէ այդ «կառոյցները ճարտարապետական ​​պահանջներին չէին համապատասխանում»:

Ադրբեջանի կառավարութեան քանդիչ-աւերիչ գործողութիւնների մէկ այլ թիրախ են հայկական եկեղեցիները, գերեզմանատները եւ ուղղափառ կրօնական խորհրդանիշները։ Սուսում եւ Լաչինում փաստագրւել են հայկական կրօնական շինութիւնների քանդման դէպքեր։

Քանդւել են նաև Լեռնային Ղարաբաղի խորհրդային եւ հայկական ժառանգութեանն առնչւող արձաններն ու յուշարձանները։ Մասնաւորապէս՝ քանդւել է Ստեփան Շահումեանի արձանը, ինչպէս նաեւ հայ քաղաքական եւ ռազմական գործիչների այլ յուշարձաններ։

Ադրբեջանի կողմից շէնքերի խորտակումը հակասում է Միջազգային դատարանի նոյեմբերեան որոշմանը։ ՄՔԴ-ն Ադրբեջանից պահանջել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգութեան վրայ ազդող վանդալիզմի եւ պղծման գործողութիւնները կանխելու եւ պատժելու համար։

Հայ փախստականներն ասում են, որ նախքան վերադառնալու հարցը քննարկելն ակնկալում են անվտանգութեան երաշխիքներ, ինչպէս նաեւ որոշ յատուկ արտօնութիւններ, մասնաւորապէս, կոմպակտ բնակավայրերում ապրելու եւ ինքնավարութեան որոշ ձեւերից օգտւելու հնարաւորութիւն:

Related Articles

Back to top button