Հայաստան - Արցախ

Արթուն գաղափարները նպաստաւոր պայմաններում վերածւում են գործողութիւների

«ԱԼԻՔ» – «1988 թւականի փետրւարի 20-ը շատերը համարում են Արցախեան շարժման սկզբնաւորման ամսաթիւ, սակայն դա շարժման միայն հրապարակային փուլի սկիզբն էր»,- «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Արցախեան շարժման ակտիւիստ Սերգէյ Շահվերդեանը։ Նա Արցախեան շարժմանն իր մասնակցութիւնը սեփական կենսագրութեան ամենապանծալի էջն է համարում եւ համոզւած է, որ ամէն ինչ դեռ առջեւում է։

«Իշխանութիւնները գալիս-գնում են, իսկ արթուն գաղափարները նպաստաւոր պայմաններում վերածւում են գործողութիւների, որոնք կարող են պսակւել յաջողութեամբ։ Չպէտք է յուսահատւել, պէտք է մի քիչ աւելի լայն նայել ու կը տեսնենք, որ ամէն ինչ դեռ առջեւում է»,- նշել է նա։

Սերգէյ Շահվերդեանը յիշեցրել է, որ Արցախեան շարժումը սկսւել է 1985 թւականին, երբ ընդհատակեայ խմբեր էին ձեւաւորւում, որոնք տարբեր հասանելի միջոցներով քարոզում էին վերամիաւորման խնդիրը, հող էին նախապատրաստում Արցախեան շարժման հրապարակային փուլի համար։

«Այն սկսւել է 1987-ին ստորագրահաւաքներով ու շարունակւել 87-ի վերջին ժողովրդական տարբեր կոլեկտիւների ժողովներով, վերամիաւորման մասին համապատասխան բանաձեւերով։ Շարժման հրապարակային փուլի սկիզբը կարելի է համարել փետրւարի 13-ը, երբ Ստեփանակերտում տեղի ունեցաւ առաջին հանրահաւաքը, այն մինչեւ հիմա ընդունւած է համարել ուսանողական հանրահաւաք, որովհետեւ մղիչ ուժը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, գիւղատնտեսական ինստիտուտի, երաժշտական ուսումնարանի ուսանողութիւնն էր»,- պատմում է այս իրադարձութիւնների մասնակիցը։ Խօսելով այն ժամանակւայ ոգու, տիրող մթնոլորտի մասին, նա նշել է, որ ոգեւորութեանը զուգահեռ կար խիստ անորոշութեան զգացում, ոչ մէկ չէր իմանում կը հասնի տուն այդ ցոյցից յետոյ, թէ կը յայտնւի անվտանգութեան ծառայութիւնների զնդաններում։

«Սակայն ցոյցն անցաւ, պայքարը շարունակեցինք, որի հերթական փուլը փետրւարի 20-ի ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշումը՝ դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների եւ ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու խնդրանքով»,- վերյիշում է մեր զրուցակիցը։ Այնուհետեւ Սումգայիթում եւ այլ վայրերում տեղի ունեցան հայերի կոտորածներ, Արցախին բռնի ուժով տիրելու փորձ ու պատերազմ, որն աւարտւեց հայկական կողմի յաղթանակով եւ ունեցանք անկախ պետութիւն՝ Արցախի Հանրապետութիւն։

Շարժման ակտիւիստն այսօրւայ վիճակի պատճառներից մէկն էլ համարում է այն, որ «ինչ-որ մի հանգրւանում «Միացում» կարգախօսը փոխւեց «Անկախութիւն» կարգախօսով»։ Նա գտնում է, որ ամէն ինչ կորած չէ։ «Այսօրւայ պայմաններում մեզ մնում է ամէն կերպ փորձել պահել Արցախեան ազգային-ազատագրական շարժման ոգին ու այն փոխանցել մինչեւ որ ստեղծւեն նպաստաւոր պայմանններ եւ այդ ոգին դրսեւորւի նոր ղարաբաղեան շարժմամբ»,- յաւելել է նա։

Related Articles

Back to top button